Սպանություն Տավուշի մարզում` Վարդավառի տոնը նշելուց հետո

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 23, 2012 13:24

Տավուշի մարզում, այսօր` հուլիսի 23-ին, սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, ժամը 01.10-ի սահմաններում Ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի Ջինգլ տեղամասում Վարդավառի տոնը նշելու ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Բերդ քաղաքի բնակիչ 27-ամյա Վրեժ Մելիքյանը իր մոտ եղած դանակով 5-6 անգամ հարվածել է Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին: Խնջույքի մասնակիցները նրան տեղափոխել են ծանոթ բուժքրոջ տուն, որտեղ էլ նա մահացել է:

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գեւորգյանի գլխավորությամբ:

Տեղում են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի մի քանի քննիչներ՝ քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:

Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված վայրում տեղի է ունեցել Վարդավառի տոնակատարություն, որի ժամանակ մի խումբ անձանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն:

Դեպքի վայրում Բերդի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Բերդի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ, փորձում են գտնել հանցագործության գործիք հանդիսացած դանակը:

Տարածված լուրերի համաձայն` կռիվն սկսվել է կենցաղային հարցի շուրջ, որի ժամանակ Խաչիկ Խաչատրյանը ապակե շշով հարվածել է ներկա գտնվողներից Մանվել անունով մի քաղաքացու գլխին: Այնուհետ Վրեժ Մելիքյանը հարձակվել է Խաչիկ Խաչատրյանի վրա, քանի որ Մանվելը եղել է նրա հոր ընկերը, ու վիճաբանություն է սկսվել:

Սպանություն կատարած անձը նախկինում դատվել է գողության եւ դանակահարության համար:

Տավուշի մարզի քննչական բաժնի Բերդի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Բերդի ոստիկաններին՝ ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի եւ նրա օպերգծով տեղակալ Ադամ Պողոսյանի գլխավորությամբ, ժամեր անց հաջողվել է բացահայտել է սպանությունը: Վ. Մելիքյանը հայտնաբերվել է:

NEWS.am

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply