«Իրան-Հայաստան փոխգործակցությունը` ժամանակի հրամայական»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 23, 2012 0:27

Իրանի ներքաղաքական կյանքի կիզակետում շարունակվում են մնալ ներքին սոցիալ-տնտեսական ոչ-բարվոք պայմանները: Օրենսդիրից զատ, կառավարության տնտեսական քաղաքականությանը հակադրվելու քայլերի են ձեռնարկում պետական թե քաղաքական պատասխանատուներ, գործիչներ: Այդ խնդրով օրերս պետության կարեւոր ինստիտուտներից` Համակարգի նպատակահարմարությունը ճշտորոշող ժողովի քարտուղար, Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի ժամանակ Իսլ. հեղ. պաշտպանության կորպուսի հրամանատար դոկտ. Մոհսեն Ռեզային բարձրաձայնեց հետեւյալ հարցադրումը` «Ինչո՞ւ մենք չենք կարողանում լուծել գործազրկությունն ու սղաճը…» եւ ի պատասխան` շարունակում. «Մեր դեմ ցցված դժվարությունների խոշոր տոկոսը արտաքին տնտեսական պատժամիջոցների հետ կապ չունեն, այլ կախված են նրանից, որ երկրում նախ խախտված են քաղաքական մշակույթն ու էթիկան, ապա ժողովուրդը տնտեսական հարցերի լուծման խնդրում մատնված է լուսանցքայնության եւ մյուս կողմից էլ կառավարությունը մոնոպոլ է արել տնտեսությունը` իր վրա վերցնելով ամեն ինչ…»:

շաբաթվա ընթացքում եւս քաղաքական շրջանակների ու մամլո հետաքրքրության առարկա էր հանդիսացել գալիք` 2013 թ.-ի գարնան նախագահական ընտրություններում հավանական թեկնածուների առաջադրման հարցը: Այս գծով նշանակալից քայլ արեց մեծ հեղինակություն վայելող հոգեւորական, պահպանողականների կնքահայրի համբավ վայելող, «Խոբրեգան» (Բանիմացներ) ժողովի նախկին նախագահ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիին փոխարինած այաթ. Մահդավի Քեանին, երբ գործող քաղաքապետ Ղալիբաֆի օգտին հերթական անգամ գովեստի ու դրւատանքի արտահայտություններով հանդես եկավ: Դա, անշուշտ, առաջինը սրտնեղեց կառավարամետ ու նախագահամետ ճամբարի պահպանողականներին, որոնք, ինչ խոսք, ցանկանում են գործող նախագահի քաղաքական-տնտեսական կուրսը շարունակողին տեսնել պետության երկրորդ դեմքի հանգամանքում` 2013 թվականի նախագահական ընտրությունների ավարտին:

Ներքաղաքական կյանքի անցնող շաբաթվա ակնբախ երեւույթներից էին վերակտիվացած բարենորոգչականների նոր դրսեւորումները, որոնք էլ պայմանավորված են պահպանողական հոսանքների միջեւ հակոտնյա կեցվածքներով: Այդու` առաջինները ստեղծված իրավիճակը օգտագործելով որպես հարմար հարթակ` փորձում են վերականգնել իրենց հասարակա-քաղաքական վարկը եւ ավելին` նույնիսկ գալիք ընտրությունների համար 1-2 թեկնածուական տարբերակներ էլ մեջտեղ են հանում: Այս գործընթացը, սակայն, գնալով ավելի է ծավալվելու` նախագահական նախընտրական ժամանակաշրջանին մոտենալիս:

* * *
Նախքան իրանական արտաքին քաղաքական կյանքին անդրադառնալը, հարկ է մի ակնարկ նետել անցնող տասնօրեակում որպես երկրորդ այցելություն` իրանցի նախարարի երեւանյան հանդիպումներին, որոնց ընթացքում կողմերը կարեւորել են երկուստեք ծաւալվող փոխգործակցությունները, դրանք «ժամանակի հրամայական» բնութագրելով:
Իրանի բնապահպանության կազմակերպության նախագահի երեւանյան այցի արդիւնքում նույնպես ընդգծվեց երկու երկրների միջսահմանային խաղաղ տարածքների պահպանման գաղափարը, իսկ Արաքսի ափին նույն գաղափարը կենսագործելու նոր նախագիծ մշակվեց, որով երկու երկրներին սահմանակից տարածքում ստեղծվելու է «խաղաղության այգի»:
Արտաքին քաղաքական կյանքում եւս Իրանի դիվանագիտական գերատեսչությունը հագեցած շաբաթ անցկացրեց: Սիրիական ճգնաժամը կարելի է ասել` անմիջականորեն Իրանի ուշադրության կենտրոնում է հայտնված եւ ավելին` գործնական քայլերի գնալու Իրանի նախաձեռնությունները ինչ-որ տեղ օրինաչափ են, հատկապես երբ տվյալ ժամանակամիջոցում նույն խնդրի վերաբերյալ նկատելի է դառնում Թուրքիայի պասսիվությունը: Որպես վերջին ապացույց` կարելի է հիշել Իրանի կողմից միջնորդական ժողովի առաջադրումը` սիրիական հակամարտ կողմերի միջեւ, որն հովանավորվում է Ռուսաստանի կողմից եւս:
Իսկ Իրանի տնտեսական շրջափակումներին ու պատժամիջոցներին որպես հակադարձություն` այս անգամ բարձրաձայնել է Ճապոնիայի նախկին վարչապետը` ասելով. «Իրանի դեմ շրջափակումները բացասաբար են ազդում մեր երկրի տնտեսության վրա…»` միաժամանակ համոզում հայտնելով, որ Իրանը երբեւե միջուկային զենքերի հասնելու նպատակ չի հետապնդում:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply