Երևանի քաղաքապետը հանդիպել է <<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> բանկի ղեկավարության հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 14:37

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> բանկի գործող գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև բանկի ապագա գլխավոր տնօրեն Թիզ Քլեմենցը:

Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը, քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:

<<Մասնավոր կառույցների հետ արդյունավետ համագործակցության օրինակներ մենք արդեն ունենք և ողջունում ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք շահագրգիռ և հետաքրքրված են համատեղ ծրագրերի իրականացման հարցում: Մեր լիազորությունների շրջանակում մենք միշտ աջակցում ենք մեր գործընկերներին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է ու պատրաստակամ է կյանքի կոչել մայրաքաղաքն առավել հարմարավետ և բարետես դարձնելու ցանկացած լավ առաջարկ:>>,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Ասթրիդ Քլիֆֆորդը նշել է, որ բանկը շահագրգռված է քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնման հարցում ու, հատկապես, շրջակա միջավայրի պահպանության և կանաչ տարածքների ընդլայնման ծրագրերի շրջանակում:

Հատկանշելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր լայնածավալ աշխատանքներ են տարվում այգիների, պուրակների և բակային տարածքների բարեկարգման, կանաչապատման, ինչպես նաև կանաչ տարածքների ընդլայնման ու դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը բազմակողմանի կքննարկի բոլոր առաջարկներն ու կներկայացնի հնարավոր համագործակցության ամբողջական փաթեթ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply