Աշխատունակ տարիքի 120000 հաշմանդամների 8-9 տոկոսն է աշխատում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 14:24

Պաշտոնական տվյալներով՝ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 176506 հաշմանդամ, որոնցից աշխատունակ տարիքի հաշմանդամները 120000 են, սակայն այս պահի դրությամբ աշխատում են նրանց  միայն 8-9 տոկոսը:  «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝  հաշմանդամներն ունեն  ՀՀ  Սահմանադրությամբ և օրենքով սահմանված նույն  իրավունքները, ազատություններն ու պարտականությունները, ինչպես այլ անձինք:

«Փաստինֆո» գործակալության  թղթակցի այն հարցին, թե ինպե՞ս  է լուծվում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների աշխատատեղերի հարցը,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը պատասխանեց. «Հաշմանդամների աշխատանքի հարցը լուծվում է համաձայն ՀՀ Սահմանադրության, օրենքների, այնպես ինչպես և մյուսներինը»: Նա  հավելեց նաև, որ գործատուն ինքն է որոշում, թե ում ընդունի աշխատանքի:

Ստացվում է, որ եթե գործատուն չցանկանա ընդունել աշխատանքի հաշմանդամություն ունեցող քաղաքացուն, ապա այս հարցը այդպես էլ կմնա  անլուծելի:

ՀՀ  զբաղվածության պետական ծառայության գործակալության տվյալների համաձայն՝ 2012թ  հուլիսի 1-ի դրությամբ  գործակալությունում գրանցված  հաշմանդամ գործազուրկները 1259 են , որոնցից 741-ը կանայք են: 2012թ. հունվարի 1-ից առ հուլիսի 1-ը  աշխատանքի տեղավորված ընդամենը 110  հաշմանդամներից 58-ը  ևս կանաք են:

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի  համաձայն՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշմանդամի աշխատանքային զբաղվածության երաշխիքներն ապահովվում են՝

  1. Հաշմանդամների աշխատուժն օգտագործող կազմակերպությունների, հիմնարկների, ինչպես նաև հաշմանդամների հասարակական կազմակերպությունների նկատմամբ արտոնյալ ֆինանսատնտեսական քաղաքականության իրականացմամբ,
  2. Կազմակերպություններում հաշմանդամների ընդունելու համար քվոտաների և հաշմանդամների համար օրենսդրությամբ սահմանված միջոցառումների իրականացմամբ,
  3. Հաշմանդամներին առավել համապատասխանող մասնագիտություններով աշխատանքային տեղերի վերապահմամբ,
  4. Հաշմանդամների համար լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման խրախուսմամբ,
  5. Հաշմանդամին աշխատանքի տեղավորելու դեպքում գործատուին հաշմանդամին վճարվող մասնակի փոխհատուցմամբ: Հաշմանդամների զբաղվածության ապահովման պետական երաշխիքների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքով:

Իսկ թե ինչպես է լուծվում հաշմանդամների տեղաշարժվելու հարցը, արդյո՞ք պետությունը նրանց սայլակներ տրամադրում է թե ոչ, Հասմիկ Խաչատրյանը նշեց, որ  առաջին խմբի հաշմանդամներին պետական պատվերի շրջանակներում անվճար տրամադրվում են սայլակներ, ինչ վերաբերում է երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներին, ապա  համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ օգնում է նաև նրանց անվճար տրամադրել սայլակներ:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Դիտվել է 1578 անգամ:
Print Friendly

Leave a Reply