ԱԺ-ն կքննարկի 2011թ. բյուջեի կատարողականը և 2013թ. բյուջեի նախագիծը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 21, 2012 13:30
ԱԺ սեպտեմբերի 10-ից մեկնարկելիք նստաշրջանում կան հրատապ քննարկման ենթակա մի շարք հարցեր, և այս առումով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին լուրջ աշխատանք է սպասվում:
Դրանցից առաջնայինը ՀՀ 2011 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն է, որը պետք է քննարկեր դեռևս նախորդ գումարման ԱԺ-ն, սակայն չի քննարկել` պայմանավորված մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններով: Այդ մասին «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին հայտնեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն, կառավարությունը հաշվետու տարվա կատարողականը ներկայացնում է մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը: Այն ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված կարգով քննարկվում և հաստատվում է մինչև հունիսի երկրորդ չորեքշաբթին: Սակայն մինչև ԱԺ լիագումար նիստում քննարկվելը հաշվետվությունը, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է քննարկվի մշտական հանձնաժողովների նիստերում` ըստ առանձին ոլորտների:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է հաստատել 2011 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով՝ շուրջ 880,9 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 986,5 մլրդ դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 105,7 մլրդ դրամ:
Ըստ հաշվետվության, ծախսերի կատարողականը կազմել է 94.7%, ինչը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Շեղումը մասամբ պայմանավորված է նաև արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով (73.2%): Եկամուտների ծրագրային ցուցանիշը կատարվել է 99.7%-ով` պայմանավորված պաշտոնական դրամաշնորհների 91.9% կատարողականով, քանի որ կանխատեսվածից 5.2 մլրդ դրամ պակաս է ստացվել: Պակասուրդի ցուցանիշը կատարվել է 66.5%-ով: Շեղումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ պետական բյուջեի ներքին աղբյուրներում ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2011 թ.-ի տարեսկզբի ազատ միջոցներից նախատեսվածից պակաս է օգտագործվել, ինչպես նաև արտաքին աղբյուրներից քիչ վարկային միջոցներ են ստացվել:
Ըստ Գ. Մինասյանի, ԱԺ-ն 2011թ.-ի պետբյուջեի կատարողականի հաստատումը դեռևս չավարտած, արդեն կստանա 2013թ.-ի պետբյուջեի նախագիծը, որի քննարկումը ևս բավականին աշխատատար գործընթաց է: Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը` ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը, Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ, այսինքն` հոկտեմբերի սկզբին:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն






Facebook
Tweet This
Email This Post
