Ամերիկյան ռադիոկայանի ղեկավարությունը խորապես զղջում է հայերին վիրավորելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 15, 2009 16:53
Ամերիկյան «KFI» ռադիոկայանի ղեկավարությունը ներողություն է խնդրել հայ համայնքից` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ռադիոկայանի հաղորդավար Բիլ Հենդելի ոչ պատշաճ ու վիրավորական հայտարարությունների համար:
Բիլ Հենդելը մայիսի 13-ին եւ 14-ին առավոտյան ռադիոհաղորդման եթերում ծաղրանքով էր խոսել Գլենդեյլի առողջապահության համակարգի մասին և առաջարկել էր վաճառել քաղաքը եւ այդկերպ «արդյունավետորեն ազատվել բոլոր հայերից»: Իր ծրագրի ընթացքում Հենդելն առաջարկել էր գաղթականներին առանձին խմբերի բաժանել, ինչը, նրա կարծիքով, կշտկի քաղաքի առողջապահության ոլորտում տիրող իրավիճակը: Իսկ երբ հերթը հասել է հայերին, ծրագրի պրոդյուսերը հայտարարել է` «Ինչ սկսել են թուրքերը, ավարտին կհասցնի Բիլը»:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հենդելը, ով Հրեական Ողջակիզումից փրկվածի հետնորդ է, զղջացել է իր արարքի համար ու խոստացել ամեն ինչ անել` Հայոց ցեղասպանության մասին հասարակական իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ: Ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Ռոբին Բերտոլուչին էլ հայտարարել է. «Խորապես զղջում ենք ամերիկահայերի զգացմունքները վիրավորած Բիլ Հենդելի մեկնաբանությունների համար, որոնք ճիշտ չէին: Մենք պատասխանատվություն ենք կրում այդ մեկնաբանությունների համար եւ հասկանում, որ ցեղասպանությունները, այդ թվում նաեւ` Հայոց ցեղասպանությունը, լուրջ հարցեր են եւ պետք չէ օգտագործվեն որպես հումոր»:
www.anca.org






Facebook
Tweet This
Email This Post
