Վանոն Սիրադեղյանը հայտնվելուն պես կձերբակալվի. ՀՀ ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 9:51

Ոստիկանությունը Վանոյին անմիջապես կձերբակալի, եթե նա ինչ-որ մի հրաշքով հանկարծ Հայտնվի Հայաստանում ու հայտնաբերվի ոստիկանական ուժերի կողմից:

Այս հարցում երեկ լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հնչեցրած այն հարցին, թե ինչ կանի ՀՀ ոստիկանությունը, եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա ասպարեզ:

 

“Եթե Վանո Սիրադեղյանը հայտնաբերվի նա անմիջապես կձերբակալվի”,-հայտարարեց Հունան Պողոսյանն ու ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Վանո Սիրադեղյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

 

Վերջին շրջանում շատ է խոսվում Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին, ինչպես նաև ակտիվացել են նրան հետ վերադարձնելու պահանջի վերաբերյալ խոսակցությունները: Սոցիալական ամենախոշոր ցանցում` Facebook-ում նույնիսկ ստեղծվել է նախաձեռնողական խումբ` Վանոյին վերադարձնելու պահանջով: Վանոյի վերադարձի “կարիքն” են զգում նաև որոշ մտավորականներ ու կուսակցություններ: Ոմանց համար նա պարզապես շատ լավ գրող է և հրապարակախոս, և հենց դրանով էլ նրա կարիքն զգացվում է` որպես, այսպես ասած, մտավորական:

 

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մեղադրվում է մի շարք քաղաքական գործիչների դեմ ծրագրված սպանությունների կազմակերպման  մեջ, արդեն ավելի քան 10 տարի է` Հայաստանում չէ (համենայնդեպս այդպես է հայտարարվում), ուստի նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային մակարդակի հետախուզում, և առ այսօր նա գտնվում է հետախուզման մեջ:

 

Իսկ այն հարցին, թե արդյոք Արմեն Տեր-Սահակյանի դեմ հարուցված քրեական գործը, որը կապում են նաև Վանո Սիրադեղյանի հետ, կորել է, թե ոչ, Հունան Պողոսյանը դժվարացավ պատասխանել: Ըստ նրա` այն պետք է որ դատախազության արխիվում լինի, սակայն եթե կորելու մասին տեղեկություններն իսկապես ճիշտ են, նրանք ամեն դեպքում նման դիմում չեն ստացել, որ նշված անձի դեմ հարուցված քրեական գործը կորել է ու պետք է միջոցներ ձեռնարկել այն հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

Վահե Մակարյան

 

Դիտվել է 1721 անգամ:
Print Friendly

Leave a Reply