Հանրային խորհրդի նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահ վերընտրվելու առթիվ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2012 20:40

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն Սահակյան, ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Ժողովրդավարական բարձր մակարդակով անցկացված հերթական նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերստին ապացուցեցին Արցախի ժողովրդի` անկախ, հզոր ու ժողովրդավար պետություն ունենալու կամքն ու վճռականությունը:

Ընտրություններում Ձեր օգտին արձանագրված վստահության քվեների բարձր ցուցանիշը վերահաստատեց ժողովրդի վստահությունը Ձեր ընտրած քաղաքական ուղու և սկզբունքների նկատմամբ:

Համոզված եմ, որ ԼՂՀ նախագահի պաշտոնավարման նոր ժամանակաշրջանում նույնպես Ձեր ողջ ջանքերը կներդնեք Արցախի պետականության ամրապնդման ու հզորացման գործում:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում կամք, համբերություն և քաջ առողջություն` իրականացնելու Ձեր առջև դրված բարդ ու պատասխանատու առաքելությունը:

Շնորհավորում եմ նաև Արցախի ժողովրդին` մաղթելով բարեկեցություն ու խաղաղ երկինք»:

Նշենք, որ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, Բակո Սահակյանը ստացել է 47 հազար 85 ձայն կամ ձայների 66,7 տոկոսը, ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը` 22 հազար 966 ձայն կամ 32,5 տոկոսը, իսկ Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը` 594 ձայն կամ ձայների 0,8 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել է 72 հազար 833 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 73,38 տոկոսը: Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 99 հազար 190 մարդ:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply