Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը բարձրաձայնում է սպանության իրական դրդապատճառների մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 20, 2012 16:10

«Հարգելիներս, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր պարբերաբար լուսաբանում են իմ քրեական գործի հետ կապված մանրամասներ, քաղաքացիներ, ովքեր անտարբեր չեն ՄԱՐԴՈՒ ու Հայաստանում արդարադատության իրականացման նկատմամբ: Դուք իրավացիորեն հարցնում եք` ո՞րն էր 1996 թ. հուլիսի 12-ի ողբերգության դրդապատճառը, քանի որ հասկանում եք, որ Իոսիֆ Աղաջանովի սպանությունը չի ունեցել շահադիտական բնույթ: Դա են ապացուցում բազմաթիվ փաստեր, որոնք կան հենց քրեական գործում: Իսկ ամենաակնառուն այն է, որ ոչ մեկը որեւէ գումար չի պահանջել նրա հարազատներից: Ավելին` չեն վերցվել Իոսիֆի պարանոցի ոսկե խաչը՝ շղթայով, ու դրամապանակը: Իսկ դեպքից հաշված ժամեր անց մենք` Արամը եւ ես, ներկայացել ենք ոստիկանություն:

Հարգելիներս, սպանության իրական դրդապատճառի մասին տեղյակ են Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկայիս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, տեղյակ են վաղուց, սակայն լռում են եւ լռեցնում: Լռեցնում են ոչ միայն ինձ, այլեւ ԶԼՄ-ներին: Դեռ 16 տարի առաջ, երբ Արամը փոխեց իր ցուցմունքները, ըստ որի ինքն է սպանել Իոսիֆին խուլիգանական դրդումներով եւ առաջ քաշեց օդից վերցված, ոչ մի ապացույց չունեցող վարկած, թե իբր Իոսիֆի ծնողներից գումար պահանջելու նպատակով է կատարվել սպանությունը, ես քննիչին հայտնեցի ԻՐԱԿԱՆ դրդապատճառը, սակայն նա անմիջապես հեռացավ, ապա հաջորդ օրը եկավ ու ասաց. «Լռի, եթե չես ուզում, որ կամեռում մեռնես, հարազատներիդ մասին մտածի, ախպերդ ինստիտուտ գնալուց կընկնի ավտոյի տակ, մամադ լվացք փռելուց կընկնի 8-րդ հարկից»: Ճնշումներ սկսվեցին նաեւ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կողմից:

Ես լռեցի եւ հայտնվեցի մահապարտների խցում: Եթե խոսեցի մեկ անգամ, ապա կխոսեմ նորից: Ինձ լռեցնելու լավագույն ձեւը մահապատժի դատապարտելն էր: Ինձ կտրեցին արտաքին աշխարհի հետ որեւէ կապից, նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության անդամներին չէին թույլատրում հանդիպել մահապարտների հետ: Բայց ծնողներիս ջանքերի շնորհիվ մահապարտների պատմության մեջ տեղի ունեցավ առաջին տեսակցությունը մահապատժի դատապարտվածի, այս դեպքում` ինձ հետ: Խուց չթույլատրեցին մտնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության անդամներին, վերջիններս խնդրեցին գոնե մեզ մի քանի րոպե մենակ թողնել` առանց մեկուսարանի աշխատակիցների: Բանտի աշխատողներն ինձ մի կողմ տարան եւ ասացին` մի բառ գործիցդ խոսել ես սրանց հետ, կսատկացնենք, ընտանիքիդ մասին մտածի: Կարծեցի, թե լույս է բացվել, բայց նորից վախ ու խավար… լռեցի:

Եթե չեմ սխալվում՝ 2003-ին էր, «Արմենիա» ՀԸ-ից այցելեցին, նկարահանում արեցին, սկսեցի խոսել, բայց մոնտաժվեց, ու ոչ մի խոսք քրեական գործիս մասին: Հետո նախագահի «ներումը»` ցմահ բանտարկությամբ, տեղափոխեցին Գորիսի բանտ: Այնտեղ Հ2 ՀԸ-ից այցելեց նկարահանող խումբ: Նորից պատմեցի ողջ ճշմարտությունը այս սպանության դրդապատճառի մասին, անգամ խնդրեցի օգնել ինձ` բարձրաձայնելու, թե ինչ է կատարվել իրականում: Նորից արգելեցին:

2004-ին փախուստ կատարեցի Գորիսի բանտից, երբ 11 օր անց ինձ ձերբակալեցին, իմ մոտ հայտնաբերեցին երկու նամակ` հասցեագրված ՀՀ նախագահին եւ Վեհափառ տիրոջը: Երկու նամակներն էլ ոչնչացվեցին ՀՀ Քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր, այսպես ասած, խորհուրդ տվեցին լռել:

Անցնենք առաջ` 2005-ին ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի գրասենյակի աշխատակիցների միջոցով նախագահ Քոչարյանին ու Ամենայն հայոց կաթողիկոսին ուղարկեցի նույնաբովանդակ նամակներ, որտեղ նշված էր 1996-ին Իոսիֆ Աղաջանովի սպանության իրական դրդապատճառը: Մեկ ամիս առաջ ինձ թույլատրեցին ծանոթանալ անձնական գործիս, այնտեղ ես գտա փաստաթուղթ`ստացված Լարիսա Ալավերդյանի կողմից, որտեղ նա Նուբարաշենի բանտի պետին տեղեկացնում է, որ իմ երկու նամակներն ուղարկվել են ՀՀ նախագահին ու Վեհափառին: Այն ժամանակ Վեհափառի կարգադրությամբ ինձ այցելեց Արամ քահանան, ով մինչ ինձ մոտ գալը գնացել էր գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի մոտ` «Կոշ» ՔԿՀ, բայց Արամը, տեսնելով քահանայի հագուստով մարդուն, հրաժարվել էր նրա հետ զրուցել եւ ասել էր` ես ոչ Աստծուն եմ հավատում, ոչ էլ եկեղեցուն: Նույն նամակներիս կապակցությամբ ինձ այցելելեց նաեւ ՔԿՎ պետ Սամվել Հովհաննիսյանը եւ ասաց. «Հանգիստ նստի տեղդ, հերիք ա դիմում գրես, քո գործը չի վերաբացվի, նայի, հա, ընտանիքիդ վնաս կտամ»:

Դրանից մոտ 2 տարի անց «Նուբարաշեն» այցելեցին դարձյալ Հ2-ից, տեսախցիկի առաջ պատմեցի սպանության դրդապատճառի մասին ու լրագրողուհի Ջուլիետա Ամիրխանյանին խնդրեցի չմոնտաժել ասելիքս: Սակայն հետագայում իմացա, որ ՀԸ ղեկավարությունն արգելել էր հենց այդ հատվածը հեռարձակել:

2009-ի դեկտեմբերի 15-ին, երբ ես նորից հայտնվեցի ազատության մեջ, անձամբ տաքսի վարձեցի ու գնացի Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ: Պահակախմբին հանձնեցի մի նամակ, որտեղ դարձյալ հայտնում էի Իոսիֆի սպանության իրական դրդապատճառի մասին: Պահակախմբի պետն ինձ ասաց, որ նախագահը տանն է, եւ րոպեներ անց նամակը նրա ձեռքում կլինի: Իմ մահապատժի դատավճռի տակ դրված է հենց նրա ստորագրությունը, այն պարզ պատճառով, որ բոլոր մահապարտների վճիռներն անձամբ նախագահներն են ստորագրում: Սա էր պատճառը, որ նրան էլ ցանկացա տեղեկացնել:

Սույն թվականի հուլիսի 9-ին դիմումներ եմ ուղարկել երկրի աշխարհիկ եւ հոգեւոր բարձրաստիճան այրերին: Հարգելի եւ սիրելի քաղաքացիներ, լրագրողներ, մտավորականներ, արվեստի մարդիկ, ովքեր անտարբեր չեն մարդու, անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցող անօրինությունների, անարդարությունների նկատմամբ,  այսօր ես բարձրաձայնում եմ դարձյալ ու դարձյալ` 1996 թ. հուլիսի 12-ին Արամի եւ Իոսիֆի միջեւ վիճաբանության եւ Արամի կողմից Իոսիֆին սպանելու հիմնական պատճառը եղել է վերջինի քրիստոնյա լինելն ու նրա հրեական անունը: Արամն ատելությամբ էր լցված քրիստոնեության ու հրեաների նկատմամբ եւ գտնում էր, որ հայ ազգի թշնամիները ոչ թե թուրքերն են, այլ հրեաները, ովքեր հայերին պարտադրեցին ընդունել քրիստոնեություն: Ի դեպ, Արամը մեծացել էր Բաքվում: Թե՛ Արամը, թե՛ նրա հայրը պնդում էին, որ Հայաստանում գոյություն ունի ինչ-որ գաղտնի հակահրեական կազմակերպություն: Սակայն ինչպես նրանք, այնպես էլ նախաքննություն իրականացնող մարմինը, ստիպում էին ինձ լռել:

Արամը տառապում էր անլիարժեքության բարդույթով, վախենում էր դուրս գալ բակ, չուներ ընկերներ ու ընկերուհիներ, չէր շփվում մարդկանց հետ, բացի ինձնից, փակվում էր իր ննջասենյակում եւ կարդում Նիցշե ու նմանատիպ գրականություն: Մեր մեջ հաճախ բանավեճեր էին լինում, ես փորձում էի նրան համոզել, որ Աստված գոյություն ունի, եւ Հիսուսը նրա որդին է, բայց նա ծիծաղում էր, ասում, որ Նիցշեն ճիշտ է, որ ոչ մի Աստված էլ չկա: Իմ ծննդյան օրերին, որպես հուշանվեր, խաչքար էր նվիրում ու ասում. հուսով եմ՝ մի օր կհասկանաս, որ Աստված չկա, որ չարն է իշխում մեր կյանքում: Արամին հաճախ նեղացնում ու ծեծում էին բակի տղաները: Նա ինձ խնդրեց, որ կարատեի հնարքներ սովորեցնեմ, որ արժանի հակահարված կարողանա տալ իրեն նեղացնողներին: Ես ասում էի, որ չի կարելի ատելությամբ լցվել մարդկանց նկատմամբ, որ հակառակը՝ պետք է դուրս գալ շրջապատ, շփվել մարդկանց հետ, ընկերներ ունենալ, սակայն պատասխանում էր. բացի քեզանից, ինձ ոչ մի ընկեր էլ պետք չի, ու ես քեզ կապացուցեմ, որ դուխով եմ, ուժեղ եմ, ու ոչ մի Աստված ինձ չի պարտադրի, որ մյուս այտս դեմ տամ, երբ մեկին խփեն, հենց այդ պատվիրանն ա թուլացրել հայերին:

Այդ չարաբաստիկ օրը, երբ մենք երեքով նստած էինք Արամի ննջասենյակում, Արամի քույրը հյութ, միրգ բերեց եւ ասաց. «Արամը, իր սովորության համաձայն, հազարից մեկ իրեն այցելող հյուրին իր բունն ա հրավիրել, փոխանակ զալ հրավիրի»: Որոշ ժամանակ անց Արամը, նկատելով Իոսիֆի պարանոցի խաչը, սկսեց հայտնել իր կարծիքը հավատի նկատմամբ, հետո էլ, թե` անունդ Իոսիֆ են դրել, որ դու էլ տղա ունենաս ու անունը Հիսուս դնես, որ նա էլ ասի, թե իբր ինքը Քրիստոսն ա, որ հետ ա եկել, հա՞: Իոսիֆը հազիվ էր իրեն զսպում, բայց Արամի վերջին մտքից սկսեցին գոռգոռալ… շարունակությունը հայտնի է:

1996-ի հուլիսի 12-ին, ժամը 17:30-ի սահմաններում Արամը սպանեց Իոսիֆին: Ես վախեցած էի, շոկի մեջ, Արամի ձեռքից դանակը խլելու պատճառով վնասվել էին մատներս , եւ արյունը չէր դադարում: Շտապեցի հեռանալ Արամենց տնից, բայց նա խնդրում-աղաչում էր, որ հանկարծ չհայտնեմ ոստիկանություն: Արմինեն տանն էր, սպանության տեսարանից` հիստերիայի մեջ: Ես հեռացա, մատներիս կարեր դրվեցին, չգիտեի ինչ անել, նորից եկա իրենց տուն, Արամի հայրն արդեն տանն էր: Ասաց, որ կարեւոր մարդու են սպասում: Ես ասացի, որ պիտի գնամ, այլապես ծնողներս կանհանգստանան: Արամն ու իր հայրը փորձում  էին ինձ համոզել, որ մնամ, որ չգնանք ոստիկանություն: Հարցնում էի` ո՞ւմ եք սպասում, ոչինչ չէին ասում: Ես խոստացա, որ ոչինչ չեմ ասի սպանության մասին, գնացի տուն, նորից հետ եկա: Կարեւոր մարդն արդեն եկել էր` Արամի հորեղբայրն էր: Արամն ինձ ասաց, որ Իոսիֆի դին արդեն տանը չէ, որ հորեղբոր մեքենայով են տարել ու թաքցրել: Ասացին, որ նա շատ կապեր ունի ոստիկանությունում եւ կհետեւի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, իսկ ես պիտի ոչ մեկին չհայտնեմ կատարվածի մասին: Ես չհամաձայնեցի, ասացի, որ գնում եմ ոստիկանություն: Ասացին, որ եթե ես հայտնեմ, ապա Արամին մահապատիժ կտան, ասացին, որ ես իրավունք չունեմ իմ ընկերոջ հետ այդպես վարվեմ: Ինձ սպառնացին, բայց ես պնդեցի, որ պետք է գնալ ոստիկանություն: «Հիմա դու գնա ձեր տուն, մենք կգնաք, ու միասին բոլորս կգնանք ոստիկանություն»,- համաձայնեցին Արամի հարազատները: «Կասենք վեճ ա եղել, քֆուր-քյաֆար, հետո էլ չեք հիշում ինչ ա եղել, որ դու բաժանել ես»: Երբ եկանք ոստիկանություն, ինձ մի դատարկ թուղթ տվեցին, որ ստորագրեմ, ասացին, որ հիմա խառնաշփոթ է, հետո կլրացնենք: Ես ի սկզբանե միշտ ասել եմ` թե գրավոր, թե բանավոր, որ Իոսիֆին սպանել է Արամը, ես փորձել եմ բաժանել, փորձել եմ խլել դանակը: Ես մեղայականով չեմ ներկայացել: Ոստիկանությունում ինձ սկսեցին ծեծել, ձեռքի ափով խփում էին գլխիս ու գցում գետնին, խփում մեջքիս, կրծքիս: Ոստիկաններն ինձ պարտադրում էին ասել, որ Արամին օգնել եմ ինչ-որ պայուսակի մեջ թաքցնել դին` մի պատի ետեւում: Ասում էին նաեւ, որ չպատմեմ, որ բութ գործիքը ոչ թե հաստ ձող էր, մեջը դատարկ, այլ ինչ-որ «ռազվադնոյ կլյուչ»: Հաջորդ օրն ինձ սոված էին պահում ու ջուր չէին տալիս: Այսպես ասած` ակվարիումի մեջ էին պահում: Հետո ինչ-որ ապխտած, շատ աղի ձուկ տվեցին, ու քանի որ սոված էի, արագ կերա, հետո ջուր էի ուզում, բայց չէին տալիս, ոստիկանները միայն ծիծաղում էին ու ասում` քննիչին կասես էն, ինչ որ սովորացրել ենք: Հետո, երբ ինձ տեղափոխեցին «Նուբարաշենի» բանտ, քննիչ Քարիմյանին ես պատմեցի այս ամենի մասին, որ Իոսիֆի դիակը ես չեմ օգնել թաքցնել, անգամ գրավոր եմ գրել, ասացի նաեւ այն, որ ոչ մի «ռազվադնոյ կլյուչ» չի եղել, այլ ինչ-որ խողովակ: Նա պատռեց գրածս ու սկսեց բռունցքով հարվածել մեջքիս, կրծքիս: Ասում էր` ոչ մեկի անունը չտաս, ընտանիքիդ կսպանեմ, նայի, հա, մորդ, հորդ, ախպորդ կվնասեմ: Նա շարունակում էր դաժան ծեծել ինձ: Ես գոռում էի, բայց ոչ ոք չէր գալիս… դե՛, դա նորմալ երեւույթ էր բանտում, մանավանդ 90-ականներին:

Հարգանքով` Մհեր ԵՆՈՔՅԱՆ

Նուբարաշենի կլոր

գերեզմանոց

Դիտվել է 1672 անգամ:
Print Friendly

Leave a Reply