Հայկական ռապսոդիա. սիրո դրսեւորում ֆիլմի միջոցով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 20, 2012 17:37

«Հայկական ռապսոդիա» ֆիլմի նկարահանումների համար Բրազիլիայից ժամանած սփյուռքահայ կինեմատոգրաֆիստները, երբ ժամանել են Հայաստան,  հայերեն անգամ մեկ բառ չեն իմացել: Ֆիլմը նկարահանել են ավելի շատ զգացմունքերով, քան հատուկ սցենարով: Հետո, երբ արդեն մեկնել են Բրազիլիա, նրանց անհրաժեշտ է եղել 7 ամիս, որպեսզի կարողանան ընտրել ճիշտ կադրերը եւ պատրաստեն 63 րոպե տեւողությամբ ֆիլմը:

Ֆիլմի խորհրդատու Նորայր Շահինյանի խոսքերով իրենց բոլորի համար մեծ անակնկալ է եղել, երբ իմացել են, որ այն «Ոսկե ծիրան-9» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել:

Նարեկացի արվեստի միությունում կազմակերպված կինոդիտման ժամանակ այս եւ այլ մանրամասներ ֆիլմի նկարահանման մասին պատմեց Նորայր Շահինյանը:

Թեեւ ֆիլմն արդեն ներկայացվել էր հայ հանդիսատեսի դատին փառատոնի շրջանականերում, սակայն դարձյալ մարդիկ կային, որ առաջին անգամ էին այն դիտում:

«Այստեղ գլխավոր դերասանները դեմքերն ու երաժշտությունն են: Դեմքերն են ամենակարեւոր դերասանները: Մոնտաժը եւս կարեւոր է, ազդեցությունը Փելեշյանի  եւ Փառաջանովի նույնպես ակնհայտ է»,-պատմելով ֆիլմի մասին՝ ասաց Նորայրը:

Նրա խոսքերով ողջ ֆիլմի ընթացքում ընտրվել է նկարահանման 50 մմ հեռավորությունը՝ որպես իրականությունը լավագույնս փոխանցող տարածություն. «Շատ ժամանակ մարդը բան չի խոսում, սակայն հետաքրքրական է, թե ինչպես է մարդու դեմքը խոսում, դիմախաղով հաղորդակցվում»,-ասաց Նորայրը:

Ֆիլմն ավելի շուտ սեր է, կինոնկարողների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Ֆիլմում ըստ տրամադրության  հնչում է  եւ ամենատարբեր ոճի երաժշտություն՝ սկսած Կոմիտասից, վերջացրած Հախվերդյանով:

Ինչո՞ւ ռապսոդիա:

Ինչպես եւ նույնանուն երաժշտական ժանրում, այստեղ եւս ընդհանուր պատկերը հավաքված է առանձին պատառիկներով: Տարբեր կտորներ են՝  տարբեր հատվածներից  բաղկացած, տարբեր տրամադրությամբ:

Ֆիլմի պրոդյուսերները, սցենարի հեղանակներն են Կասիանա Տեր-Հարությունյանը,  Սեզար Կանանյանը, Գարի Կանանյանը, ռեժիսորը՝ Կասիանա Տեր-Հարությունյանը, Սեզար Կանանյանը:

Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի միություն

Դիտվել է 1792 անգամ:
Print Friendly

Leave a Reply