«ԱՊՀ երկրների կինոն. Ֆիլմեր առանց սահմանների»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 20, 2012 16:25

«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը հատկապես նշանակալից էր ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ փառատոնի համագործակցության ընդլայնմամբ: Արդեն երրորդ տարին էր, որ Հիմնադրամի օժանդակությամբ փառատոնի շրջանակներում իրականացվեց «ԱՊՀ երկրների կինո» հատուկ ծրագիրը, որ ներկայացրեց Միության անդամ երկրների` վերջին տարիներին արտադրած լավագույն ֆիլմերը: Այս տարի ծրագիրը մասնավորապես ներկայացրեց 20 ֆիլմ:

Ծրագրում ռուսական խաղարկային կինոն ներկայացվեց երեք ֆիլմերով` «Անբանները» (ռեժ.` Անդրեյ Զայցև), «Հայրս` Բարիշնիկովը» (ռեժ.` Դմիտրի Պովոլոցկի և Սերգեյ Մոկրիցկի) և «Ուրիշ երկինք» (ռեժ.` Դմիտրի Մամուլիա): Վերջինիս Երևանյան պրեմիերայով էլ հենց բացվեց «ԱՊՀ երկրների կինո. ֆիլմեր առանց սահմանների» ծրագիրը: Միջոցառմանը ներկա էր ֆիլմի պրոդյուսերը` Արսեն Գոտլիբը, ով ոչ միայն պատմեց ֆիլմի և դրա ստեղծման մասին, այլև իր մյուս նախագծերի մասին, որոնք միավորում են ռուսական և հայկական կինոարտարությունները:

Ռուսական վավերագրական կինոն ներկայացվեց «Հաղթանակ» (ռեժ.` Ալեքսանդր Կուպրին), «Մուտանտ առնետները կամ ռեպորտաժ ապօրինի գրավման մասին» (ռեժ.` Նուշա Ալտուֆևա), «Եվրոպայի հայկական ժառանգությունը» (ռեժ.` Վալերի Բալայան), «Տունդրայի շունչը»  (ռեժ.` Միխայիլ Գորոբչուկ) և «Վաղը» (ռեժ.` Անդրեյ Գրյազև) ֆիլմերով:

Ուկրաինական կինոն ներկայացվեց «Գամերը» (ռեժ.` Օլե Սենցով), «Կրակի միջով անցածը» (ռեժ.` Միխայլո Իլյենկո) խաղարկայիններով և «Ինչ է պատահել այստեղ» (ռեժ.` Ռոբ Նիլսոն, ԱՄՆ/Ուկրաինա համատեղ արտադրություն): Օլեգ Սեմցովը, ով հրավիրված էր Երևան, ինքը հանդիսատեսին ներկայացրեց ֆիլմը:

Բելառուսական երկու վավերագրականները` «Մի քիչ դրախտ» (ռեժ.` Մաքսիմ Միխալցև) և «Միանձնուհին» (ռեժ.` Գալինա Ադամովիչ) ֆիլմերը, Երևանում ներկայացրեց Իրինա Դեմյանովան` «Տերևաթափ» ( „Лiстапад“ ) փառատոնի վավերագրական ծրագրի ղեկավարը:  «ԱՊՀ երկրների կինո. ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում ընդգրկված էին նաև երկու բելառուսական համատեղ արտադրություններ` «Մենավոր կղզի» (Բելառուս/Լատվիա/Էստոնիա համատեղ արտադություն, ռեժ.` Պետր Սիմ) և իհարկե Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը (Բելառուս/Ռուսաստան/Գերմանիա/Լատվիա համատեղ արտադրություն), որը ներկայացված էր նաև «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթի խաղարկային բաժնում և արժանացավ գլխավոր «Ոսկե ծիրան» մրցանակին:

Ղրղզստանի կինոն ներկայացվեց «Դատարկ տունը» (ռեժ.` Նուրբեկ Էգեն) խաղարկայինով, որը ներկայացրեց ֆիլմի սցենարի հեղինակը` Եկատերինա Տերդատովան, ինչպես նաև «Նավավարը» (ռեժ.` Միրլան Աբդիլակիկով) և «Մեքքայի ճանապարհը» (ռեժ.` Ասել Ժուրաևա) վավերագրականներով:

Ղազախստանի կինոն ներկայացվեց «Դրախտ մայրիկի համար» (ռեժ.` Ակտան Արիմ Կուբատ) և «Գարնան առաջին անձրևները» (Ճապոնիա/Ղազախստան համատեղ արտադրություն, ռեժ.` Էռլան Նուրմուխամբետով): Ռեժիսորը` ինքը, ժամանել էր Երևան Ալմաթայից ներկայացնելու ֆիլմը, և արժանացավ նաև ՖԻՊՐԵՍԻ մրցանակին:

Ուզբեկստանի կինոն ներկայացվեց «Ճշմարտության օրը» (ռեժ.` Ջասուրա Իսխակովա) ֆիլմով: Ցուցադությունից առաջ կայացավ նաև հեղինակի հետ հանդիպումը :

ԱՊՀ երկրների արտադրոթյան ևս 10 ֆիլմ ներկայացված էին «Ոսկե ծիրանի» միջազգային խաղարկային, վավերագարկանա և կարճամետրաժ «Կորիզ» ծրագրերում:

Կարևոր է նշել նաև, որ Փառատոնի շրջանակներում` ԱՊՀ երկրների կինո ծրագրի շրջանակներում, անցկացվեց ռուս մեծանուն կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: Մասնավորապես ներկայացվեց նրա «Արևը» «Ցուլը», «Մոլոք» և «Ֆաուստ» ֆիլմերը ներառող քառապատումը: Տեղի ունեցան ռեժիսորի հետ հանդիպումներ հանրության և մամուլի համար: Ծրագիրն ընդրկեց նաև Վադիմ Աբդռաշիտովի հետ հանդիպումը: Անցկացվեցին Մարինա Ռազբեշկինայի, Ռոլանդ Ղազարյանի, Վադիմ Աբդռաշիտովի վարպետության դասեր: 

 ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ փառատոնի շրջանակներում իրականացվեց նաև Անդրեյ Տարկովսկու 80-ամյա հոբելյանին նվիրված «Հարգանքի տուրք» ծրագիրը, որի շրջանակներում ներկայացվեցին նրա «Ավետարան ըստ Անդրեյի» և «Սոլյարիս» ֆիլմերի հեղինակային տարբերակները, ինչպես նաև նրա` ուսանողական շրջանում ստեղծված և ոչ այնքան ճանաչված «Այսօր բաց չեն թողնում» և «Գլանիվն ու ջութակը» ֆիլմերը: Ի դեպ, վերջինս նրա դիպլոմային աշխատանքն է եղել և նկարահանվել է Երևանում: Ծրագրում ներկայացվեցին նաև Տարկովսկու գեղավեստական ղեկավարությամբ ստեղծված «Հնձան» (ռեժ.` Բագրատ Հովհաննիսյան) և Տարկովսկու մասին պատմող «Մոսկովյան Էլեգիա» (ռեժ.` Ա.Սոկուրով) և «Անդրեյ» (ռեժ.` Ա.Ազատյան և Ն.Մկրտչյան) ֆիլմերը:

Հուլիսի 13-ին փառատոնի շրջանակներում կայացավ «Տարկովսկու հայելու մեջ. Մշակութային համընդհանուր հիշողություն և անհատի աշխարհ» թեմայով կլոր սեղան- քննարկում, որին մասնակցեցին կինոգործիչներ, լրագրողներ ԱՊՀ երկրներից: Հանդիպումը վարեցին կինոգետ Դավիթ Մուրադյանը (Ազգային կինոակադեմիայի նախագահ) և Սուսաննա Հարությունյանը («Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար, կինոգետ): Զեկուցումներով և ելույթներով հանդես եկան Ռուսաստանի կինոմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի անդամ, Անդրեյ Տարկովսկու 80-ամյակի հոբելյանական հանրային հանձնաժողովի քարտուղար, Մոսկվայի մրցանակի դափնեկիր Վյաչեսավ Շմիրովը, կինոռեժիսոր, պատմաբան, գող Ռուբեն Անգալդայանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, կինոգետ, կինոգիտության թեկնածու Սիրանուշ Գալստյանը, կինոգետ Վլադիմիր Բադասյանը և այլոք: Կլոր սեղանի նյութերի հիման վրա աշնանը լույս կտեսնի գրքույկ:

Հուլիսի 14-ին Կինոյի տանը տեղի ունեցավ ԱՊՀ երկրների կինոգործիչների հանդիպում, որտեղ, ըստ ավանդույթի, պատին իենց ստորագրությունները թողեցին Ալեքսանդր Սոկուրովը, Վադիմ Աբդռաշիտովը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում և ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ արդեն երկրոդ տարին իրականացվող ԱՊՀ երկրների կինո ծրագիրը որպես հիմնական նպատակ ունի քննարկել ԱՊՀ երկրների կինոարտադրության ոլորտի ինչպես ձեռքբերումները, այնպես էլ առկա խնդիրները, ինչպես նաև դիտարկել համագործակցության և համատեղ կինոարտադրության հեռանկարները և հնարավորությունները: Այդ նպատակը լիովին համընկնում է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի առաքելությանը` որպես ԱՊՀ տարածաշրջանում հումանիտար համագործակցության ոլորտում մասնագիտացած կազմակերպության, որը կբերի համընդհանուր հումանիտար զարգացման և միջմշակութային երկխոսության ԱՊՀ երկրներում:

 

 

Դիտվել է 2076 անգամ:
Print Friendly

Leave a Reply