ՀՀ-ում և ԼՂՀ-ում կայացած ընտրություններն իրար հետ դժվար է համեմատել. Ալեքսանդր Իսկանդարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2012 14:46

Անդրադառնալով երեկ հայկական երկրորդ հանրապետությունում` ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրություններին` այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն  ընդհանուր առմամբ դրական արտահայտվեց ընտրությունների ընթացքի ու անցկացման մակարդակի վերաբերյալ. “Իհարկե, ընտրությունների ժամանակ խնդիրներ եղել են, օգտագործվել են ադմինիստրատիվ ռեսուրսները, դրանից լիովին խուսափել հնարավոր չէր, բայց ոչ մի սարսափելի բան չի պատահել”:

Նախնական տվյալների համաձայն` ԼՂՀ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Բակո Սահակյանը` հավաքելով ընտրողների ձայների 66.7 %-ը: Երկրորդ տեղում է Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը, ով հավաքել է շուրջ 32% ձայն: Երրորդ տեղում Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանն է, ով չի հաղթահարել 1%-ի շեմը:

Համեմատական անցկացնելով Հայաստանում և Ղարաբաղում անցկացված ընտրությունների միջև` Ալ. Իսկանդարյանն ասաց, որ դժվար է համեմատել դրանք այնպես, ինչպես դժվար է համեմատել, օրինակ, ընտրությունները Իտալիայի ու ԱՄՆ-ի պարագայում:

Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նա Վրաստանի արած հայտարարությանն առ այն, թե իրենք չեն ընդունում Արցախում կայացած ընտրություններն ու պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, քաղաքագետն ասաց, որ Վրաստանն ունի որոշակի քաղաքական խնդիրներ` կապված Հարավային Օսյայի ու Աբխազիայի վիճելի տարածքների հետ, հետևաբար դա բնական է ու պարտադրված քայլ Վրաստանի համար:

“Վրաստանը լուրջ խնդիրներ ունի կապված Աբխազիայի և Հարավային Օսյայի հետ. Դրա համար էլ այս հարցում վրացական իշխանությունները պետք է նման վերաբերմունք ցուցաբերեին: Նրանք պարզապես պարտավոր են նման դիրքորոշում որդեգրել` կապված իրենց քաղաքական խնդիրների հետ, և, ինչպես ասում են հայտնի ֆիլմում,  ոչ մի անձնական բան”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply