Այսօր առաջին անգամ Երևանում տեղի կունենա կիթառի փառատոն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 9, 2009 16:41

Այսօր առաջին անգամ Երևանում կանցկացվի կիթառի փառատոն: «Հայկական կիթառ-2009» փառատոնը նախաձեռնել են Լիլի Կարապետյանն ու Վահագն Ամիրխանյանը:

«Արդեն հինգ տարի է մեր մտքում խմորվում է փառատոնի գաղափարը, շատերն էին ասում, որ Հայաստանում պակասում է կիթառ գործիքի առկայությունը, մեր երաժիշտների և դրսի կիթառիստների միջև շփում չկա, այդ իսկ պատճառով որոշեցինք փառատոնն անցկացնել, որը, հուսով եմ, կկազմի միջազգային փառատոնների մաս»,-ասում է Վահագն Ամիրխանյանը:

Փառատոնը կտևի մեկ օր, կազմակերպիչները դա բացատրում են հովանավորների բացակայությամբ. «Մենք դիմել ենք խոշոր կառույցների, ընկերությունների, ինչպիսիք են «Վիվա Սելը», «Արմենտելը», «Ամերիա» բանկը և այլն, որ հովանավորեն մեր փառատոնը, բայց միայն մերժում ենք ստացել, մշակույթի նախարարությունը ևս հրաժարվեց իր աջակցությունը ցուցաբերել` խոստանալով հաջորդ տարի օժանդակել փառատոնին»,-ասում է Լիլի Կարապետյանը:

Փառատոնի հատուկ հյուրերն են լինելու Ռուսաստանում 10 լավագույն կիթառահարներից մեկը` մեր հայրենակից Մեյ Լիան (Յուրի Մայիլյան) և կանադացի վիրտուոզ կիթառահար Դեյվ Մարթոունը:

«Ես մի ժամանակ «Ասպարեզ», «Օլիս» խմբերում էի ստեղծագործում, սակայն որոշ ժամանակ հետո հասկացա, որ ես այլ բան եմ ուզում, իմ խմբի անդամներն այլ:  Ես գնացի իմ ուղղությամբ, նրանք էլ իրենց`  այդպես ես բաժանվեցի իմ գործընկերներից և Հայաստանից»,-ասում է  Մեյ Լիան:

Մեյ Լիան խոստովանում է, որ ինքը նոր գաղափարներ չի ունենում թմրադեղերի ազդեցության տակ և կարծում է, որ բեմ դուրս գալուց առաջ պետք է երաժիշտ լինելուց բացի, լինել դերասան: «Երաժշտություն չես հորինում կամ ստեղծում, այն գոյություն ունի կարծես այլ մոլորակում, դու ուղղակի պետք է պոկես, վերցնես այն, այդ պահերին ես ուղղակի միայնության մեջ եմ լինում և դա իմ ստեղծագործական վիճակի համար առաջնային նախադրյալն է»,-ասում է Մեյ Լիան:

Կանադացի հայնտի կիթառիստ Դեյվ Մարթոուն, ով նվագել է աշխարհահռչակ երաժիշտներ Մալմսթինի, Մարտի Պորտնոյի, Սեմուր Դյունքանի և այլոց հետ, մեծ սպասելիքներ ունի այս փառատոնից: «Ես գիտեմ, որ այստեղ լավ շախմատ են խաղում և  մեծ ցանկություն ունեմ շախմատ խաղալու հայերի հետ: Հայ աշակերտներ եմ ունեցել և հասկացել եմ, որ Դուք էկզոտիկ, յուրօրինակ երաժշտությություն ունեք»,-  ասում է Մարթոունը:

Փառատոնը տեղի կունենա Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում ժամը 18:00-ին: Տոմսերը կարժենան 2000-ից մինչև 11 000դրամ:

Դիտվել է 3035 անգամ:
Print Friendly

Leave a Reply