Հեռուստաեթերից մարդու կերպարն իսպառ դուրս է մնացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2012 17:21

 “Անկախությունից հետո հեռուստատեսային դաշտում մենք ունեցանք մեծ առաջընթաց, լայն թափով զարգացան տեխնոլոգիաները, ներմուծվեց ինտերնետային լրատվությունը, բայց եթե խոսենք հեռուստածրագրերի քաղաքականության մասին, ապա այսօր հեռուստաընկերությունները գործում են առանց հստակ մշակված ծրագրային քաղաքականության”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկական PR ասոցացիա գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը:
Բանախոսը նկատում է, որ հեռուստատեսությունների վարած ծրագրային քաղաքականության արդյունքում մենք հայտնվել ենք մի փոսում, որը հնարավոր չէ լցնել. “Դա սերիալային փոսն է, որն իր տեսակով մտածելակերպ է ձևավորոմ, և կարծում եմ, որ այս հարցում հասարակությունն ու մտավորականները պետք է իրենց ձայնը բարձրացնեն”:
Մտավորականության ձայնը ուշացումով, թե ժամանակին, այնուամենայնիվ բարձրացվեց, սակայն թե ինչու հենց հիմա հասարակությունը որոշեց այս հարցով լրջորեն զբաղվել և արդյոք դա ինչ-որ հանգամանքներով չէր պայմանավորված, այս հարցին Ա. Ավետիսյանը պատասխանեց, որ հասարակական շարժում սկսելու համար պատեհ կամ անպատեհ ժամանակ չկա, ինքն, օրինակ, միացել է այդ ստորագրահավաքին ոչ առաջին օրվանից, այլ որոշ ժամանակ անց:
Բանախոսը նաև նշեց, որ հանրային ու մասնավոր հեռուստաընկերությունները պետք չէ դիտարկել մեկ հարթության վրա, ամեն մեկն իր գործառույթն է իրականացնում, և հանրային հեռուստաընկերությունը առավելապես պետք է զբաղվի հասարակությանը կրթելու, դաստիարակելու խնդրով:
“Այսօր Հանրային հեռուստատեսությունը կիրառում է այն ֆունկցիաները, ինչ թույլատրելի է միայն մասնավոր հեռուստաընկերություններին, այն էլ որոշակի չափորոշիչների սահմաններում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հանրային հեռուստատեսության ծրագրային զամբյուղում քիչ են կրթական, ուսուցողական, ճանաչողական ու մանկապատանեկան ծրագրերը, մինչդեռ Հանրային հեռուստատեսության կարևորագույն ֆունկցիաներից մեկն է դաստիարակչական ֆունկցիան”,- ափսոսանքով նկատեց PR մասնագետը:
Անդրադառնալով սերիալներին` Ա. Ավետիդսյանն ասաց, որ մեր սերիալներն ունեն իհարկե, դրական կողմեր, դրանցից է, օրինակ, այն, որ մարդիկ սկսեցին ճանաչել թատրոնի դերասաններին, սակայն նա ևս կողմ է, որ հստակ չափորոշիչներ սահմանվեն և ըստ դրանց նկարահանվեն որակյալ ու դաստիարակչական սերիալներ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:
Նա նաև դժգոհեց, որ կրթական-ուսուցողական հաղորդումներ շատ քիչ կան մեր հեռուստաեթերեւմ, ընդամենը մեկ-երկու նմանատիպ հաղորդում ամբողջ հեռուստադաշտում. “Եթերից մուլտֆիլմերը վերանում են, մանկական, գիտական հաղոդումներ չկան: Մարզերի հիմնախնդիրները սկսվում և ավարտվում են պաշտոնական լրահոսով: Ընդհանրապես, հեռուստաեթերից մարդու կերպարն իսպառ դուրս է մնացել, գերիշխում են հիմնականում պաշտոնական լուրերն ու համր ռեպորտաժները”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1440 անգամ:
Print Friendly

Leave a Reply