Դամասկոսում պայքարը վերջնական փուլում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2012 17:29

Սիրիայի Ազգային անվտանգության շենքի մոտակայքում հուլիսի 18-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Դամասկոսում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, Դամասկոսում հսկողությունն ավելի է ուժեղացել, սակայն ողջ օրվա ընթացքում արվարձաններից լսելի են շարունակվող բախումների, պայթյունների ձայները:

Էլմաջյանի խոսքով` տեղի ունեցող պայքարը որոշիչ եւ վերջնական փուլում է եւ մեկ-երկու օրվա ընթացքում պատկերն ավելի պարզ կլինի: Ինչ վերաբերվում է տարբեր լրատվամիջոցների կողմից տարածած լուրերին, թե նախագահական նստավայրը պաշարման մեջ է, իրականությանը չեն համապատասխանում:

Բախումների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել, կան մեծ թվով ձերբակալվածներ, որոնք սիրիացիներ չեն:

Դամասկոսի կենտրոնում` Ազգային անվտանգության շենքի մոտակայքում, հուլիսի 18-ին ուժգին պայթյուն է որոտացել: Ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունի հետեւանքով վիրավորվել են նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ահաբեկչության հետեւանքով զոհվել են Սիրիայի Պաշտպանության նախարար Դաուդ Աբդ Ալլահ Ռաջհանը եւ Պաշտպանության փոխնախարար Աասիֆ Շաուքաթը, իսկ մնացած բարձրաստիճան պաշտոնյաները ծանր վիրավորվել են:

Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ միջազգային լրատվամիջոցների տրամադրած տեղեկությունները ևս իրարամերժ: Reuters գործակալությունը գրում է, որ ընդդիմարդիրները շարունակում են ճնշում գործադրել նախագահ Ասադի վրա եւ փորձում են գրավել նախագահական պալատը, ինչպես նաեւ կառավարական այլ կառույցներ:

Համաձայն ընդդիմադիր աղբյուրների` վերջին բախումներից եւ սպանություններից հետո երկրի առաջնորդը տեղափոխվել է Լաթաքիա քաղաք եւ դեռեւս մի քանի օր էլ պետք է մնա այնտեղ: Հուլիսի 19-ին տեղեկություն էր տարածվել նաեւ, որ Բաշար ալ Ասադի կինը ժամանել է Մոսկվա` ելնելով անվտանգության նկատառումներից: Սակայն, Մոսկվայում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիյադ Հադադը նույն օրը հերքել է այդ լուրը: «Ասադի կինը ներկա պահին գտնվում է ամուսնու կողքին` Դամասկոսում: Նա իր ընտանիքի հետ է»,-նշել է դեսպանը «Interfax» գործակալության հետ զրույցում` նաեւ շեշտելով այն, որ երկրի նախագահը եւս Դամասկոսում է եւ չի լքլել մայրաքաղաքը: Համաձայն սիրիական «Sana» պաշտոնական լրատվական գործակալության` իրավիճակն այնքան էլ արյունալի չէ, որքան ներկայացվում է միջազգային լրատվամիջոցների կողմից:

Դիտվել է 1773 անգամ:
Print Friendly

Leave a Reply