«Ճարտարապետի այցը ճանաչողական էր, խնդիրը միմյանց հասկանալն էր, Հայաստանը տեսնելն ու շոշափելը». Սարհատ Պետրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 20, 2012 14:22

Մեծ Բրիտանիայի Թագավորական ճարտարապետական ինստիտուտի անդամ, համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանը վերջերս 4 օրով գտնվում էր Երևանում: Դա նրա առաջին այցն էր հայրենիք:  «Քանի որ մեր կազմակերպությունն արդեն ուներ ճարտարապետների հանդիպումներ կազմակերպելու փորձ, մեզ առաջարկեցին, որ ապահովենք Միշել Մոսեսյանի երևանյան այցի մի մասը: Մենք այդ առիթը բաց չթողեցինք և ամեն ինչ արեցինք, որ նրա  ներկայությունը հնարավորինս մեծ ազդեցություն ունենա մեր ոլորտի խնդիրների առումով»,- «Անկախի» հետ զրույցում ասաց «Ուրբան Լաբ Երևան քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության հիմնադիր, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:

Այցի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ ճարտարապետական հանրույթի ամենատարբեր խմբերի, պետական կառույցների ներկայացուցիչների, այդ թվում նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: «Այդ հանդիպմանը, ցավոք, իմ մուտքն արգելված էր,- նկատեց Սարհատ Պետրոսյանը:- Հայտնի է, որ մենք Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական քաղաքականությունը բազմիցս ենք քննադատել: Համենայն դեպս, ես ուրախ եմ, որ Միշել Մոսեսյանը կարողացավ Երևանի քաղաքապետին և քաղաքապետարանի մի քանի ներկայացուցիչների ներկայացնել իր դիրքորոշումը, ինչը նրա այցի ամենակարևոր կողմերից էր»:

Ըստ Սարհատ Պետրոսյանի, այդ դիրքորոշումները վերաբերում էին քաղաքի զարգացման բոլորովին նոր մոտեցումներին, հանրային տարածքների կարևորմանը, այդ տարածքներին նոր որակներ հաղորդելուն և քաղաքը մարդու համար ստեղծելու կարևորագույն սկզբունքին: «Միշել Մոսեսյանը հենց դրա վարպետներից է, իսկ մեր պայմաններում դա մոտավորապես չինարենի նման մի բան է, որովհետև մեր քաղաքը լրիվ այլ՝ հակամարդկային տրամաբանությամբ է ընթանում»:

Միշել Մոսեսյանի երևանյան հանդիպումներից ամենահետաքրքիրը, թերևս, «Թումո» կենտրոնում տեղի ունեցած դասախոսությունն էր: Սարհատ Պետրոսյանի խոսքով` անվանի ճարտարապետն այդ դասախոսության ժամանակ մի քանի խնդիրներ է բարձրացրել. «Հատկապես հանրային շահի, պատվիրատուի և ճարտարապետի դերերի բաշխման հետ կապված, որին մենք արդեն մի քանի տարի բազմաթիվ առիթներով առնչվում ենք: Դա ենթադրում է, որ նախ և առաջ հանրային ու մասնագիտական պահանջը պետք է մղվի առաջին պլան, իսկ պատվիրատուն պետք է լինի երկրորդ- երրորդ պլանում` ամենևին չստորադասվելով: Սակայն մեզ մոտ հակառակն է»:

Միշել Մոսեսյանն այդ դասախոսության ընթացքում խոսել է նաև քաղաքում շենքեր «խցկելու» խնդրի մասին՝           ներկայացնելով իր գործելաոճն ու մոտեցումները, ինչը նա հաջողությամբ կիրառում է, օրինակ, Դոհայում: «Դահլիճում, բարեբախտաբար կամ դժբախտաբար, այնպիսի լսարան էր, որը հասկանում էր և գիտեր այդ ամենը,- ասում է Սարհատ Պետրոսյանը,- բայց ես շատ կուզենայի տեսնել այն մարդկանց, որոնք այսօր որոշումներ կայացնողներն են: Բայց քանի որ նրանք «ամեն ինչ գիտեն», երևի  նրանց դա պետք չէր: Ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա նրանք, մեկ անգամ ևս լսելով այդ ամենը Միշելից, հասկացան, որ ճիշտ ուղու վրա են»:

Ապագա համագործակցության ի՞նչ ծրագրեր են քննարկվել Միշել Մոսեսյանի այցի ընթացքում: Ըստ Սարհատ Պետրոսյանի` այցի ընթացքում որոշակի պայմանագրեր չեն կնքվել, սակայն եղել են բանավոր քննարկումներ ու խոստումներ. «Բավականին թանկարժեք նախագծերի մասին է խոսք եղել, սակայն մեր մոնոպոլիզացված մասնագիտական հանրության պարագայում այդքան էլ հեշտ չէ այդ նախագծերն իրականացնել: Սփյուռքի նախարարի հետ հանդիպումը նույնպես տպավորիչ էր, և հույս ունենք, որ Սփյուռքի նախարարության աջակցությամբ համագործակցության եղանակներ քննարկելու հնարավորություն կունենանք»:

Ճարտարապետի այցը հիմնականում ճանաչողական էր, խնդիրը միմյանց հասկանալն էր, Հայաստանը տեսնելն ու շոշափելը: Բայց եթե նա իր խիստ ծանր գրաֆիկի պայմաններում 4 օր տրամադրել էր հայաստանյան այցին, ապա Սարհատ Պետրոսյանը կարծում է, որ դա բավականին լուրջ էր և ինչ-որ ձևով շարունակություն կունենա: «Դա կախված է նաև նրանից, թե մեր մասնագիտական միջավայրում ինչ գործընթացներ տեղի կունենան: Հույս ունենանք, որ ժամանակի ընթացքում համապատասխան մարմինները կհասկանան, որ որակյալ միջավայր ստեղծելու համար մենք համապատասխան ներուժ չունենք, և կընկալեն, որ մեզ Մոսեսյաններ են հարկավոր, իսկ մեր ճարտարապետական հանրույթին՝ նոր շունչ ու նոր մտածողություն»:

Ամեն դեպքում, ճարտարապետը կարծում է, որ Միշել Մոսեսյանը Հայաստանից տպավորված է հեռացել:

Դիտվել է 1781 անգամ:
Print Friendly

Leave a Reply