Ի՞նչ ձևով է ընդունվում ժառանգությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | July 26, 2012 12:16

 Համաձայն ՀՀ քաղ. օր. 1226-րդ հոդվածի՝ ժառանգությունն ընդունվում է` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Այն դեպքում, երբ ժառանգը դիմումն անձամբ չի հանձնում նոտարին, նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:

Միաժամանակ օրենքը թույլ է տալիս ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով, պայմանով, որ լիազորագրում հատուկ նախատեսված լինի այն ընդունելու լիազորությունը:

Ժառանգությունն ընդունելու համար դիմումը ժառանգի կողմից պետք է ներկայացվի ժառանգության բացման պահից 6-ամսյա ժամկետում: Եթե 6-ամսյա ժամկետում ժառանգը չի ընդունում ժառանգությունը, ապա նա կորցնում է այն ընդունելու իրավունքը: Սակայն, եթե ժառանգության ընդունման ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով (հիվանդություն, արտասահմանում գործուղման մեջ գտնվելը), ապա ժառանգի դիմումի հիման վրա այն կարող է դատական կարգով երկարացվել: Այն դեպքում, երբ ժառանգելու իրավունքն այլ անձանց համար ծագում է ժառանգի կողմից ժառանգությունից հրաժարվելու դեպքում, ապա այդ անձինք կարող են ժառանգությունն ընդունել գոյություն ունեցող 6-ամսյա ժամկետի մնացած մասի ընթացքում, իսկ եթե այն 3 ամսից պակաս է, ապա 3 ամսվա ընթացքում:

Իսկ այն անձինք, որոնց համար ժառանգելու իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել 6-ամսյա ժամկետն ավարտվելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում (քաղ. օր. 1227-րդ հոդվ. 2-րդ և 3-րդ մասեր): Սակայն, ինչպես արդեն ասվեց, նշված անձանց կողմից ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այն դատական կարգով կարող է երկարացվել:

Համաձայն քաղ. օր 1226-րդ հոդվածի` ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում նաև այն դեպքում, երբ ժառանգը, առանց նոտարին դիմելու կամ մինչև նոտարին դիմելը, սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը, ներառյալ, երբ ժառանգը ա) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու համար, բ) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, գ) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Պրակտիկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ որպես բնակարանի սեփականատեր հանդիսացող ընտանիքի անդամի մահից հետո մահացածի ժառանգ կամ ժառանգներ հանդիսացող ընտանիքի անդամները չեն դիմել նոտարին և չեն ստացել ժառանգության վկայագիր, բնակարանը շարունակում է հաշվառված մնալ որպես ժառանգատուի սեփականությունն այն դեպքում, երբ նշված հոդվածի իմաստով, ժառանգությունն արդեն իսկ ընդունված է ժառանգների կողմից: Այդ ժառանգները բնակարանը որպես իրենց սեփականություն կադաստրի մարմնում գրանցել տալու համար, անկախ ժառանգության բացման ժամկետից, կարող են դիմել նոտարին և ստանալ ժառանգության վկայագիր, որը հիմք կհանդիսանա կադաստրի մամիններում բնակարանի սեփականատիրոջ անվանափոխություն կատարելու համար:

Նոտարին դիմելու 6-ամսյա ժամկետը բաց թողնված լինելու դեպքում նոտարները հաճախ հրաժարվում են ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելուց ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգին: Նման դեպքերում ժառանգը կարող է դատարան դիմել և դատարանով ճանաչվել ժառանգությունն ընդունած ժառանգ:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 4132 անգամ:
Print Friendly

Leave a Reply