Կփոխվի՞ մեդալի գույնը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 22, 2012 7:00

Քիչ ժամանակ է մնացել մինչև Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի սկիզբը: Դրանք կմեկնարկեն հուլիսի 27-ին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարել է, որ խնդիր է դրվել` մերոնք ավելի լավ հանդես գան, քան նախորդ` 4 տարի առաջ Պեկինում կայացած ստուգատեսում, երբ տիրացել էին բրոնզե 6 մեդալի: Պահանջն այն է, որ այս անգամ առնվազն փոխվի Հայաստանի ներկայացուցիչների նվաճած մեդալի գույնը, այսինքն` այն լինի ոսկե կամ արծաթե:

Օլիմպիական խաղերը կազմակերպվում են չորս տարին մեկ անգամ և ամենախոշորամասշտաբ մարզական միջոցառումն են: Այդ ստուգատեսը նաև քաղաքական ենթատեքստեր ունի: Մասնավորապես, գաղտնիք չէ, որ  փայլուն հանդես եկած մարզիկներն ավելի շատ ճանաչում, հեղինակություն են բերում իրենց երկրներին, քան նրանց հայրենակից բազմաթիվ քաղաքագետներ և դիվանագետներ: Հետևաբար, օլիմպիական խաղերում նվաճված ամեն մի պարգևի արժեքը շատ մեծ է, և այդ պատվին արժանանալու համար  անզիջում պայքար է մղվում ոչ միայն մրցասպարեզներում, այլև կուլիսների ետևում:

Թերևս այդ է պատճառը, որ Հայաստանի ազգային ժողովի ընտրություններից հետո, ոչ մի խոսակցություն չեղավ, երբ քաղաքական կոալիցիայից դուրս եկած ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակեց մնալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկին: Ավելին, այդ կուսակցությանը հանձնված սպորտի և երիտասարդության  հարցերի նախարարի պորտֆելը չհանձնվեց որևէ այլ կուսակցության: Պարզապես ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, սպորտում բոլոր հարցերը փաստորեն Ծառուկյանի վստահությամբ իրականացնող Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ստանձնեց նաև սպորտի գերատեսչության նախարարի պաշտոնը: Միակ քայլն այն էր, որ նա հայտարարեց առժամանակ ԲՀԿ-ից հեռանալու մասին: Հակասականությունն ակնհայտ է, իսկ այս ամենի պատճառն այն է, որ կարող էր ձախողվել օլիմպիական խաղերին մերոնց մասնակցությունը: Բանն այն է, որ նախապատրաստական ամբողջ աշխատանքը, ֆինանսական խնդիրներն իրականացվում են Ծառուկյանի լիակատար տնօրինությամբ:

Ընդհանրապես, սպորտը համապետական նշանակություն ունի, և հաջողությունները կարող են ուրախացնել մեր բոլոր հայրենակիցներին, անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և դավանանքից:

Իսկ թե հնարավոր կլինի փոխել մեդալի գույնը, կամ ով կկարողանա այդ անել, դժվար է կանխագուշկել: Ինչևէ, մեր օլիմպիական մարզիկները 25-ն են: Նրանցից երկուսը` լողորդներ Միքայել Քոլոյանը և  Անահիտ Բարսեղյանը, հաստատ այդ անողը չեն: Նրանք հրավերով, առանց օլիմպիական խաղերի վարկանիշը լրացնելու են հանդես գալու ստուգատեսում և մեդալակիր դառնալու հավանականությունից զուրկ են: Երբեմն կատակում են, որ եթե օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները լողի մրցումներում չեն խեղդվում, արդեն իսկ մեծ ուրախություն է: Իրականությունն այն է, որ առաջին մեկնարկից հետո Քոլոյանը և Բարսեղյանը հանդիսական են դառնալու:

Հայաստանի աթլետներ` նիզականետորդներ Մելիք Ջանոյանը և Քրիստինե Հարությունյանը, թեև օլիմպիական վարկանիշ են լրացրել, նույնպես հավանականությունը փոքր է, որ կհաղթահարեն որակավորման փուլի արգելքը: Իսկ եթե նրանցից թեկուզ մեկը պարգևի արժանանա, ապա դա ֆանտաստիկայի ժանրից կարող է համարվել:

Հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանը և Արսեն Սարգսյանն իրենց արդյունքներով աշխարհի ուժեղագույնների հետ մրցավեճում հույսեր գրեթե չեն ներշնչում:

Ինչ վերաբերում է մեր մյուս մարզիկներին, ապա ամեն ինչ հնարավոր է: Չպետք է անտեսել նաև բախտի գործոնը, այն հանգամանքը, թե ինչպիսին կլինի վիճակահանության արդյունքը:

Ի դեպ, միջազգային փորձագետներն ուսումնասիրություններ են կատարել և ներկայացրել այն  մարզիկների անունները, որոնք կարող են խաղերում մեդալների հավակնել: Հայաստանից ուշադրության կենտրոնում են հայտնվել ծանրորդներ, 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը, Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Յուրի Պատրիկեևը (120 կգ), որոշ վերապահումներով նաև ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ):

Ինչ խոսք, ինչ փաստերի հիման վրա էլ որ կանխագուշակություններ կատարվեն, վստահություն չկա, որ այդպես էլ կլինի: Փորձը ցույց է տվել, որ սպորտում կանխագուշակումն անշնորհակալ գործ է, և շատ կասկածելի է, որ մերոնցից միայն այդ  մարզիկներն են մեդալների հավակնորդ: Իսկ  ցուցակը կարող են լրացնել նաև Հայաստանի մի քանի մարզիկներ: Օրինակ` 80 կգ քաշային թհեքվանդոյիստ Արման Երեմյանը նախկինում դարձել է Եվրոպայի չեմպիոն: Օլիմպիական խաղերում նրա քաշային կարգում հանդես է գալու մեկուկես տասնյակ թհեքվանդոյիստ: Իսկ դա նշանակում է, որ  երկու հաղթանակ տանելու դեպքում Երեմյանը կարող է դառնալ մեդալակիր: Մեր օլիմպիական հույսերից են նաև մյուս բոլոր ծանրորդները և ծանրորդուհիները, հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (94 կգ), ազատ ոճի ըմբիշ  Միհրան Ջաբուրյանը (55 կգ), հրաձիգ Նորայր Բախտամյանը, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) և ուրիշներ:

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply