Համացանցը և դրա հետևանքները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 21, 2012 7:20

Այսօր մարդկանց մեծ մասն առանց սոցիալական ցանցերի չի պատկերացնում իր առօրյան: Սակայն շատերը չեն էլ գիտակցում, որ վիրտուալ երկարատև շփումը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ:

Համացանցի և համակարգչի օգտագործման բացասական կողմերն ավելի գրագետ պատկերացնելու և հասկանալու համար դիմեցինք կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի օգնությանը, ըստ որի` ներկա ժամանակաշրջանում համակարգիչը և համացանցը դարձել են մարդու կյանքի անբաժան մասը: «Նույնիսկ դպրոցական վաղ տարիքից երեխաները սկսում են իրենց  որոշ խնդիրներ լուծել համակարգչի և համացանցի միջոցով: Լցնելով մեր կյանքի որոշ հատված` համակարգիչն ու համացանցը սկսեցին փոխարինել և բավարարել մեր հոգեբանական պահանջները: Բացի դրական բաղկացուցիչներից, համացանցը մարդու համար ստեղծեց մի շարք խնդիրներ, որոնք այժմ դարձել են մեր առօրյայի բաղկացուցիչ մասը», – ասում է կլինիկական հոգեբանը: Նա հավաստում է, որ Արևմուտքում համացանցի միջոցով կատարվող շփումից ունեցած կախվածությունն արդեն ընկալվում է որպես լուրջ խնդիր և դարձել է հոգեբանների ու հոգեթերապևտների կարևոր հետազոտությունների առարկա: Հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են համացանցային կախվածությունը (Internet addiction), կապի մեջ լինելու կախվածությունը (on-line addiction), ցանցային կախվածությունը (Net addiction), կիբեռկախվածությունը, կիբեռսոցիալականացումը և այլն:

Գիտակցելով գլոբալացման գործընթացի երբեմնի դրական հետևանքները` չենք կարող չնկատել նաև աշխարհով մեկ դրա սփռած «ավերակների» փաստը, որն ընդգրկում է նաև մեր հայրենիքը: «Հայաստանում դեռևս այնքան էլ լուրջ չեն վերաբերվում համակարգչային շփման վտանգներին, սակայն արդեն մի ամբողջ սերունդ է մեծանում` կախվածություն ձեռք բերելով համակարգչից և համացանցից: Կարծում եմ` շուտով այդ խնդիրը Հայաստանում ևս կդառնա առօրեական, ինչը կապված է ոչ թե խնդրի բացակայության, այլ դրա գիտակցման հետ»,- նշում է մասնագետը` ավելացնելով, որ այնուամենայնիվ համակարգչային շփումն ունի նաև դրական կողմեր, օրինակ` ինֆորմացիայի հասանելիությունն ու թափանցիկությունը, հեռավորությունների կրճատումը և այլն: «Հաճախ, տարվելով վիրտուալ աշխարհով, աչքաթող ենք անում իրական աշխարհում ունեցած մեր պարտականություններն ու թերանում իրական կյանքում: Վիրտուալ աշխարհը մեզ օգնում է թաքցնելու մեր բազմաթիվ և բազմապիսի բարդույթները: Այն մեզ հնարավորություն է տալիս մնալու անանուն, հանդես գալու մի այլ անձի անունից, թաքցնելու մեր իրական կերպարը  և բազում այլ գրավիչ կողմեր ունի, որոնցով գերվելով`հաճախ չենք էլ նկատում, թե ինչպես ենք հետզհետե հեռանում իրական աշխարհից` ավելի ու ավելի ընկղմվելով վիրտուալ աշխարհի ոչ իրական պատկերների մեջ»:

Փորձեցինք հետաքրքրվել, թե կա՞ն արդյոք համակարգչից օգտվելու ժամանակահատվածին առնչվող հստակ կանոններ: Պարզվեց, որ 5-7 տարեկան երեխաների համար համակարգչից օգտվելու ժամանակահատվածը պետք է կազմի օրական կես ժամ, 7-12 տարեկանների համար՝ օրական մեկ ժամից ոչ ավելի, իսկ 12-16 տարեկան պատանիները կարող են համակարգչի առջև անցկացնել օրական մոտ 2 ժամ: «Մեծահասակների համար որոշակի սահմանափակող նորմեր չկան, քանի որ կան այնպիսի մասնագիտություններ, որոնք ստիպում են մարդուն համակարգչի առջև անցկացնել օրական 7 ժամից ավելի: Այդ դեպքերում ժամային սահմանափակումներ դնելը նպատակահարմար չէ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով աշխատանքային այդօրինակ բնույթը, մարդը պետք է ինքնագիտակցաբար օրվա մնացած մասն անցկացնի իրական աշխարհում` այն չխառնելով և չմիացնելով վիրտուալ աշխարհին: Միայն վիրտուալ աշխարհի կեղծ գրավչության և իրական աշխարհի դեմ նրա ունեցած թերությունների լիակատար գիտակցումն ու ըմբռնումն է հանգեցնում այդ երկու աշխարհների ներդաշնակ զուգակցմանը», – վստահեցնում է Մ. Մադաթյանը:

Այն հարցին, թե արդյոք ունեցե՞լ է համացանցից «վնասված» հիվանդներ, բժիշկը պատասխանեց, որ կյանքում համացանցային կախվածություն ունեցող մարդկանց շատ է հանդիպել և հիմնականում` երիտասարդների: Սակայն ո՛չ նրանք, ո՛չ էլ նրանց մտերիմները խորությամբ չեն գիտակցում այդ խնդրի լրջությունը: «Երևի այդ պատճառով էլ երբեք նման այցելու չեմ ունեցել: Այսօր ամբողջ աշխարհում ակտիվ զբաղվում են այդ խնդրի լուծմամբ, և Հայաստանն այդ հարցում ոչնչով չի զիջում: Կարծում եմ` ավելի լավ ընկալելով և գիտակցելով համացանցային կախվածության խնդրի բարդությունը, կմշակվեն որոշ կանոններ, որոնք կպաշտպանեն մարդկանց համակարգչի և համացանցի բացասական ազդեցություններից», – հավելում է մասնագետը` ընդգծելով, որ համակարգչի և համացանցի օգտագործումը դեռ անկանոն ու ինքնաբուխ հիմքերի վրա է:

Համացանցում «ապրելը» հաճախ նույնիսկ լայնորեն խրախուսվում է զանգվածային լրատվական միջոցների կողմից: Սակայն մասնագետը համոզված է, որ շուտով կսկսեն լայնորեն քարոզվել համակարգչի և համացանցի դերի ճիշտ ընկալման և օգտագործման սկզբունքները, քանի որ մեր հասարակությունը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպին և շատ կարճ ժամանակում ավելի իրատեսորեն կանդրադառնա նաև այդ բնագավառին: «Վերջապես, պետք է հասկանալ, որ հացի դանակով նույնպես հնարավոր է մարդ սպանել, սակայն մենք բոլորս էլ օգտագործում ենք այդ անհրաժեշտ խոհանոցային պարագան, իհարկե, ոչ այդ նպատակով: Պարզապես հարկավոր է իմանալ, որ ամեն ինչ իր տեղում և չափի մեջ է գեղեցիկ»,- հստակեցնում է Մ. Մադաթյանը և բացատրում, որ խնդիրը ոչ թե առարկան` համակարգիչը, համացանցը կամ հացի դանակն է, այլ մեր կողմից դրա ընկալման և օգտագործման որակները:

Եվ վերջում, ի պատասխան մեր այն հարցին, թե ինչ հետևանքների կհանգեցնի համակարգչի ու համացանցի այդպիսի քաոսային օգտագործումը մոտ կամ հեռավոր ապագայում, հոգեբանը խորհուրդ տվեց գուշակություններով չզբաղվել և վայելել իրական կյանքը` իր բոլոր արտահայտություններով:

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

 

Դիտվել է 5625 անգամ:
Print Friendly

Leave a Reply