Բույսերի բժիշկն ահազանգում է` մասնագիտությունը Հայաստանում անհետացման եզրին է

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 24, 2012 14:13

ֆիտոպաթոլոգ Ալֆրեդ Գրիգորյան, Անկախ թերթԲույսերի բժիշկ. այսպես է երբեմն  ներկայանում Ալֆրեդ Գրիգորյանը, որն  արդեն 40 տարի բույսերի հիվանդություններով է զբաղվում:

«Հենց սկզբից էլ զգացել եմ, որ սա կարևոր մասնագիտություն է: Ես բավարարված եմ զգում, առանց ֆինանսական կողմի, որ մեկին մի բանով կարողանում եմ օգնել, այդպես իմ աշխարհ գալն ավելորդ չեմ համարում,- ասում է Գրիգորյանը և հիշում  ժամանակին իրեն տրված ուսուցչի խորհուրդը:- Դպրոցն ավարտելուց հետո դիմեցինք մեր ֆիզիկայի դասատուին, որ շատ լավ մարդ էր, թե ինչ մասնագետ դառնանք: Ասաց` ուզում եք, զուգարան փորող եղեք, ուզում եք, բժիշկ: Եթե զուգարան փորողը լավ մասնագետ եղավ, նա ավելի մեծ հարգանք կունենա, քան վատ բժիշկը: Այսինքն` լավ ու վատ մասնագիտություն չկա, կան լավ ու վատ մասնագետներ: Ինչ որ լինում եք, դրա լավն եղեք»:

Կյանքը ցույց տվեց, որ այդպես է: Ուսուցչի խորհրդին հետևելով` Գրիգորյանն իր գործի վարպետ է:

75-ամյա ֆիտոպաթոլոգի  աշխատանքային օրը սկսվում է վաղ առավոտյան ու ավարտվում ուշ երեկոյան. ողջ օրը ծանոթ ու անծանոթ զանգահարում են, խորհուրդ հարցնում: Հուսահատության եզրին հասած գյուղացու փրկիչն է: ԳԱՄԿ-ների կազմակերպած սեմինարներին էլ գյուղացիներին է լուսավորում, հարցերին պատասխանում:

Անգիր գիտի ամեն շրջանին բնորոշ հիվանդությունները: Ասում է, որ անցած տարի խնդիր էր ժանգը, նաև տանձենու և խնձորենու քոսը: Որոշ տեղերում պտղակերներից բերքի կեսը թափվեց,  տարածված էր դեղձի ալրացողը. «Խնդիրները շատ են: Հիմա նոր հիվանդություններ կան: Կարտոֆիլի ցեց, որը եթե տարածվեց` բերքի հերը կանիծվի»:

Պատմում է, որ երբ գյուղ են գնում  սեմինարների համար, գյուղացիները դիմավորում են հարցով` պարարտանյո՞ւթ եք բերել, թե՞ փող: Ժխտական պատասխանից հետո հիմնական մասը լքում է դահլիճը: «Բայց սեմինարի կեսից գալիս են, թե չգիտեինք, որ էդքան պետքական բաներ եք ասելու: Միշտ ասում եմ, որ ձուկ բռնել եմ սովորեցնում, ոչ թե ձուկ եմ տալիս»:

Հայաստանում գյուղատնտեսությունը տնտեսության գերակա ուղղություն է հայտարարված, մրգեր և բանջարեղեն ենք արտահանում, բայց չունենք նույն այդ մշակաբույսերի հիվանդություններով զբաղվողներ:

Խորհրդային տարիներին բույսերի պաշտպանության ինստիտուտն առանձին գիտահետազոտական կենտրոն էր, ուներ շուրջ 400 աշխատակից: Այժմ   այդ ամենով զբաղվում է Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը, որի 30 գիտաշխատողներից  երեքը բույսերի հիվանդությունների մասնագետ են` ֆիտոպաթոլոգներ` 75, 65 և 45 տարեկան:

ֆիտոպաթոլոգ Ալֆրեդ Գրիգորյան, Անկախ թերթ

Չինացիներին ծիրանի հիվանդությունների վերաբերյալ խորհրդատվություն մատուցելիս

«Անհրաժեշտություն է հնարավորինս շուտ ստեղծել առանձին ինստիտուտ, եթե անգամ նման փոքր կազմով մնանք, որ գոնե մարդիկ իմանան, թե խնդրի դեպքում ում դիմեն: Թե չէ հիմա անհատական մակարդակով են դիմում, այդպես հարց չի լուծվի»,- ասում է Գրիգորյանը` հավելելով, որ բույսերի պաշտպանությունը կարևոր ստրատեգիական ճյուղ է:

Հեռանկարի բացակայությունը և մասնագիտության կարևորությունը  չգիտակցելու պատճառով այլևս Ագրարային համալսարանի բույսերի պաշտպանության բաժին չեն դիմում: «30 հազարով լավագույն դեպքում 5-ը կարող են մեզ մոտ աշխատել: Բայց նման աշխատավարձով չեն էլ գալիս»,- ասում է Գրիգորյանը և պատմում, որ երբեմն  ագրարային համալսարանի ունակ, գիտելիքներով աչքի ընկնող շրջանավարտներին  առաջարկել է, որ որպես ասպիրանտ իրենց ինստիտուտ գան և 3 տարի անց թեկնածուականը բույսերի պաշտպանության ոլորտում պաշտպանեն: Հրաժարվել են:

«Ասպիրանտս 8 հոդված ունի, որից 4-ը` արտասահմանում, քննությունները գերազանց հանձնել է, թեկնածուականը լրիվ պատրաստ է: Մնում էր զեկուցումը կարդալ, և վերջ: Չպաշտպանեց, թե ինչիս է պետք, պաշտպանեմ, որ 30 հազար փող ստանա՞մ»:

Ասում է, որ ամենաբարձր աշխատավարձն ինքն է ստանում`  42 հազար դրամ:  «Ո՛չ ճանապարհածախս կա,  ո՛չ գործուղում, ո՛չ թույների փող: Ռիսկ չեմ անում աշխատողիս ասել` գնա փորձ դիր. 27 հազար փող է ստանում, ո՞նց գնա` թույն չկա, ճանապարհածախս ու կացարան չկա, ո՞նց անի,- ասում է Գրիգորյանը:- Եթե երեխադ սոված է, դու սոված ես, ինչքան ուզում ես հայրենասեր եղիր: Դրա համար էլ 400 հոգուց մնացին 30-ը, որոնք իրոք խելքները կորցրած հայրենասերներ են, մնացել են այդ 30-40 հազարի հույսին»:

Գրիգորյանն ահազանգում է, որ այսպես շարունակվելու դեպքում մի քանի տարի անց Հայաստանում այլևս բույսերի հիվանդությունների մասնագետ չի լինի, և ամեն մանրուքի համար ստիպված կլինենք դրսից մասնագետ հրավիրել, ինչպես կրծողների դեմ պայքարի դեպքում. «Անցած տարի ստիպված եղան մկների դեմ պայքարելու համար դրսից մասնագետ հրավիրել, մինչդեռ ժամանակին մենք կրծողների դեմ պայքարի  լաբորատորիա ունեինք, որտեղ կենսաբանական պայքարի մեթոդներ էին մշակում` մկնատիֆ էին սարքում, որով վարակվում էին միայն կրծողները»:

Մասնագետը նաև ահազանգում է, որ գյուղացիները, տարիներ շարունակ բույսերը մշակելով, հաճախ անգամ տարրական գիտելիքներ չունեն. «Սովորական ծիրանը, որ գնում ենք, վրան կարմիր խալերով, գյուղացին, որ տարիներ շարունակ մշակում է, ասում է, թե սորտային հատկանիշ է: Իրականում դա սնկային հիվանդություն է: Եթե ուզենաս արտահանել, չեն ընդունի, հետ կուղարկեն: Մինչդեռ ծիրանը  բրենդային միրգ է, որ արտահանվում է»:

Ասում է, որ մարդիկ չգիտեն նաև, թե երբ բույսերը թունաքիմիկատներով մշակեն: Սխալ սեզոնին անգամ մի քանի անգամ են սրսկում, բայց անարդյունք: Նման դեպքերում հնչող դժգոհություններին կատակով պատասխանում է. «Թուրքը խրամատում թաքնված է, դու կրակում ես:  Պարզ չէ՞, որ չի դիպչի»:

Բույսը թունաքիմիկատներով բազմակի մշակելուց ֆինանսապես տուժում է գյուղացին, բայց վնասից անմասն չի մնում նաև բերքը սպառողը: «Երբեմն տանն արգելում եմ պոմիդոր գնել: Ջերմատանը երեկոյան սրսկում են, առավոտյան հավաքում ու ուղարկում վաճառքի: Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանրացված առումով բերքահավաքից 20 օր առաջ գոնե պետք է դադարեցնել բույսը թունաքիմիկատներով մշակելը: Իհարկե, կան նաև բույսում ավելի երկար և ավելի կարճ ժամանակով պահպանվող թունաքիմիկատներ»:

Ֆիտոպաթոլոգի հետ շփվելու բացառիկ հնարավորությունից օգտվելով` «Անկախի» խմբագրակազմի աշխատակիցներն էլ հերթով իրենց հարցերն են ներկայացնում ու ստանում այգին, ծաղիկները, ծառերը խնամելու և բուժելու մանրակրկիտ բացատրություններ: Գրիգորյանը ժպտում է, թե ամեն տեղ էլ այդպես է, ով իմանում է իր  մասնագիտությունը, անմիջապես հարցերով վրա է տալիս: Դա անհատական մակարդակով, իսկ ընդհանուր առմամբ «ուսումնասիրություններ ենք անում, գրում հոդվածներ, որոնք ոչ ոք չի կարդում, և որոնք իրենց նպատակին չեն ծառայում»:

Դիտվել է 1943 անգամ:
Print Friendly

Leave a Reply