Դոլար-դրամ փոխարժեքը` գնաճային տեսանկյունից. Առևտրի շատ կետեր այս ընթացքում լուրջ գերշահույթներ են ստանում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 25, 2012 7:08

Փոխարժեքի տատանումը վերջին ամիսներին հանգեցրեց գնաճային երևույթների և հատկապես իր գնային ազդեցությունն ունեցավ ներկրվող ապրանքատեսակների վրա: Որոշ ներկրողներ, բնականաբար, օգտվեցին այս երևույթից և նույնիսկ գերեկամուտներ ունեցան:

Հիշեցնենք, որ դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացավ այս տարվա մայիս ամսից, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Ավելի ստույգ` մայիսի 10-ից  393 դրամից դոլարի փոխարժեքը հասավ մինչև 400 դրամի, և դարձյալ շարունակվեց դրամի անկումը ընդհուպ մինչև 420 դրամի: Միայն օրերս դիտվեց փոխարժեքի որոշ նվազում:

Այս ժամանակահատվածում գնաճ նկատվեց ապրանքի սպառման գրեթե բոլոր կետերում: Իհարկե, գերիշխող սուպերմարկետներում գուցե գերգնաճ տեղի չունեցավ, սակայն որոշ ապրանքատեսակներ թանկացան մինչև 30 դրամ: Վերջերս բնակչության շրջանում մեծ խառնաշփոթ էր ստեղծել հատկապես շաքարավազի թանկացումը: Եթե սուպերմարկետներում 1 կգ շաքարավազը կարելի էր գնել 420-430 դրամով, ապա որոշ առևտրի օբյեկտներում կամ շուկաներում 1 կգ շաքարավազը իրացվել է 460-480 դրամով: Այսօր մեր երկրում շաքարավազի ներկրմամբ զբաղվող միակ խոշոր ընկերությունը, որ իրացման ծավալներով զբաղեցնում է շուկայի 99 տոկոսը, «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որի սեփականատերը հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Հարց է առաջանում` արդյոք ներկրման գների՞ մեջ են տեղի ունեցել էական փոփոխություններ, թե՞ վերավաճառողները ակնկալում են այս երևույթից գերշահույթներ ստանալ:

Ինչպես տեղեկացանք գնային քաղաքականությունը վերահսկող կառույց հանդիսացող Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովից, օրենքի սահմաններում մոնիթորինգ է իրականացվում միայն գերիշխող սուպերմարկետներում, մասնավորապես` «Երևան սիթիի», «Սթարի», «ՍԱՍ»-ի և «Նոր Զովքի» սուպերմարկետների ցանցերում: Մնացած պարագաներում օրենքը կարգավորվում է ազատ շուկայական կանոններով: Հանձնաժողովի նախագահի մամլո քարտուղար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ իրենց կառույցին  օրենքով լիազորություն է տրված մոնիթորինգ իրականացնելու և միջամտելու գնային քաղաքականությանը միայն գերիշխող սուպերմարկետներում, քանի որ նրանք են այսօր շուկային գին թելադրողը: Ինչ վերաբերում է որոշ առևտրի կետերեում վաճառվող շաքարավազի գնի անհարկի թանկացմանը, ապա, Գայանե Սահակյանի պարզաբանմամբ, մանր առևտրի կետերում գնային վերահսկողությանը միջամտելու օրենքով տրված լիազորություններ իրենք չունեն: «Եթե, օրինակ, մի փոքրիկ առևտրի կետում շաքարավազի 1 կգ-ն իրացվում է 600 դրամով, ապա այդ գնային սահմանումը չի կարող շուկայի վրա ազդել, կամ ազդեցությունը կարող է շատ չնչին լինել: Սակայն, եթե այդ գինը սահմանվի խոշոր սուպերմարկետներից մեկի ցանցում, ապա այն շատ լուրջ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա: Ուստի օրենքով մենք վերահսկում ենք միայն խոշորներին, քանի որ դրանք են գնային քաղաքականություն թելադրողները, և դրանց կարգի հրավիրելով` հնարավոր է շուկան պահել վերահսկողության տակ»,- պարզաբանեց Գայանե Սահակյանը:

Հանձնաժողովից տեղեկացանք, որ «Երևան սիթի» խանութում օրերս անցկացված մոնիթորինգի արդյունքներով, տարադրամի փոխարժեքի տատանումներով  պայմանավորված, հունիսի 18-ին տվյալ սուպերմարկետում շաքարավազի մեկ կգ-ն իրացվել է 421 դրամով, այնուհետև աճել է ևս մի քանի դրամով` հասնելով 425-ի, իսկ հուլիս ամսվա դրությամբ, դոլարի փոխարժեքի նվազման արդյունքում, «Սթար» սուպերմարկետում շաքարավազը վաճառվել է կայուն`  430 դրամով: Գայանե Սահակյանի մեկնաբանմամբ` ներկրողից գնելով 420 դրամով` սուպերմարկետների ցանցում կանխատեսելի է 1 կգ շաքարավազը 430 դրամի սահմաններում վերավաճառելը:

Հաջորդ գերիշխող սուպերմարկետը «ՍԱՍ»-ն է, որտեղ շաքարավազը վերջին ամիսներին կայուն պահպանել է իր վերավաճառման գինը` 430 դրամը: «Եթե որևէ ահազանգ լինում է շաքարավազի թանկացման հետ կապված, ապա սպառողը պարտավոր է մատնացույց անել տվյալ առևտրի կետը: Եթե տվյալ սպառողը մատնացույց անի որևէ գերիշխող սուպերմարկետ, ապա մենք պատրաստ ենք դրան ընթացք տալ: Շուկայում գինը էականորեն չի կարող տատանվել, քանի որ գերիշխող տնտեսվարողներ չկան: Իսկ շուկայում սահմանված բարձր գնով ապրանքատեսակը պարզապես չի իրացվի: Մենք խոշորի գնային քաղաքականությունն ենք վերահսկում, որպեսզի ընդհանուր գների վրա ունենա վերահսկող կանխարգելիչ  նշանակություն»,- ասաց Գայանե  Սահակյանը:

Ինչ վերաբերում է շաքարավազին, ապա այս պահին էլ որոշ առևտրի կետերում այն շարունակում է  բարձր գնով իրացվել: Ուստի բոլոր սպառողներին պետք է կոչ անել շաքարավազ գնել միայն սուպերմարկետների ցանցից, որտեղ սովորաբար գնային անհիմն թանկացումները գոնե հնարավոր է որոշակի չափով հսկել: Ներկրման հետ կապված արտարժութային փոփոխությունները ինչ-որ չափով կարելի է կանխատեսելի և տրամաբանական համարել, սակայն մանր առևտրի կետերի սեփականատերերը, օգտվելով այս իրավիճակից, սպառողի հաշվին գերշահույթներ են ապահովում: Այս պահին շաքարավազի 1 կգ-ի ռեալ գինը 420 դրամ է և դեռ կպահպանվի` պայմանավորված փոխարժեքի կայունացմամբ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ փոխարժեքի տատանման հետ կապված` թանկացում է նկատվում նաև այլ սննդամթերքների գներում: Խոսքը վերաբերում է ներկրվող սննդամթերքի այն տեսականիներին, որոնցից են, օրինակ, հնդկաձավարը, ոսպը, ձավարը, հավի միսը, բուսական յուղը, կարագը և մակարոնեղենից հատկապես «Դիվելլան»: Այս ապրանքատեսակները թանկացել են 1 կգ-ը մինչև 25-30 դրամով: Մինչև 15 դրամի թանկացում արձանագրվել է խոշոր սուպերմարկետների ցանցերում, իսկ առևտրի մանր կետերում ձավարեղենի 1 կգ-ը վաճառվում է նախկին գնից մինչև 50 դրամ թանկ: «Այսօր չկա որևէ գերիշխող շուկա, որտեղ արտառոց գնաճային երևույթները մեր ուշադրությանը չարժանանան: Մեզ մոտ մոինթորինգը իրականացվում է  ամենօրյա պարբերականությամբ, և նշվում է նույնիսկ, թե 2 դրամի թանկացման տարբերությունն ինչի հետևանք է: Օրինակ` հավկիթը թանկացել էր 2 դրամով, պարզվեց, որ դա տուփի էլիտար փաթեթավորման հետ էր կապված»,- պարզաբանեց Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը:

Որպեսզի սպառողը կրկնակի չվճարի և չխաբվի իրական գնի դիմաց մի քանի անգամ վճարելուց, ապա սպառողներին պետք է  խորհուրդ տալ գնումները կատարել միայն խոշոր առևտրի կետերից, որտեղ համեմատաբար ավելի դժվար է անհարկի թանկ մթերք վաճառելը:

 Լ. Ն

Դիտվել է 2093 անգամ:
Print Friendly

Leave a Reply