Անվանի ջազմեն Գարի Քյոսայանը` գողական «արվեստի» քարոզչության և հայկական շոու բիզնեսի մղձավանջի մասին

Հարցազրույց | | July 19, 2012 15:58

Կոմպոզիտոր, դաշնակահար, հայտնի ջազմեն Գարի Քյոսայանն իր ջազային գործունեությունը սկսել է 1973 թ. ` ստեղծելով Հայաստանի առաջին ջազ տրիոն: 1980 թ. հիմնադրել է նաև առաջին ջազ ակումբը երիտասարդական պալատում, որը հայտնի է եղել ոչ միայն Հայաստանում ու Խորհրդային միությունում, այլև արտերկրում:

1988 թ. Գարի Քյոսայանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` ծանոթանալու և համագործակցելու ամերիկյան ջազի կարկառուն ներկայացուցիչների հետ և բնակություն հաստատել Լոս Անջելեսում:

1990 թ. Միացյալ Նահանգներում հիմնել է Գարի Քյոսայանի անվան ջազային խումբը, որն աշխարհի տարբեր երկրներում ներկայացրել և ներկայացնում է բարձրակարգ ջազ երաժշտություն` ներծծված հայկական նրբերանգներով: 1998 թ. նա թողարկել է իր առաջին ալբոմը, որը մեծ հաջողություններ է ունեցել: Նույն տարին ԱՄՆ-ում Գարի Քյոսայանը ճանաչվել է տարվա լավագույն ջազմեն:

10 տարի ընդմիջումից հետո` 1998-ին, Գարի Քյոսայանն իր խմբով եկել է Հայաստան` մասնակցելու երևանյան առաջին ջազ-փառատոնին, որից հետո գրեթե ամեն տարի Հայաստանում հանդես է եկել մեծ համերգներով:

2003 թ. նա վերադարձել է Հայաստան և այժմ բնակվում է Երևանում:

«Անկախը» փորձել է պարզել հանրահայտ ջազմենի գործունեությունը Հայաստանում և իմանալ նրա կարծիքը հայկական ջազի և առհասարակ, ժամանակակից հայ երաժշտության վերաբերյալ:

– Պարոն Քյոսայան, ներկայումս ինչո՞վ եք զբաղվում Հայաստանում և ստեղծագործական ու համերգային ի՞նչ ծրագրեր ունեք:

– Ընդհանրապես Հայաստանում փորձում եմ զբաղվել ջազի պրոպագանդայով: Հիմնել եմ ջազային խումբ, որը բաղկացած է երիտասարդ տաղանդավոր երաժիշտներից. այն գործում է մանկավարժական համալսարանին կից: Պարբերաբար դասախոսություններ, սեմինարներ ու համերգներ ենք կազմակերպում հենց ուսանողների համար: Ինչ վերաբերում է համերգներին, վերջին մեծ համերգս մոտ մեկ ամիս առաջ էր Մոնտե-Կառլոյում: Հրավեր էի ստացել աշխարհի ամենաhայտնի ջազային ակումբներից մեկի կողմից, որտեղ 3 երեկո ամերիկյան մի խմբի հետ հանդես եկա համերգով: Հոկտեմբերին հրավիրված եմ Շվեյցարիա արդեն նոր խմբով: Պատրաստվում եմ նոր դիսկեր թողարկել:

– Ի՞նչն է պատճառը, որ վերջին տարիներին ամերիկյան Ձեր խմբի հետ Հայաստանում համերգներ չեք կազմակերպում:

– Շատ դժվար է խումբն էնտեղից բերել: Որպես օրենք` ես իմ համերգի տոմսերը շատ բարձր չեմ դնում, որ մատչելի լինի շատերին, բայց էդպես էլ համերգի ծախսերը չեն փակվում: Ինչ վերաբերում է հովանավորներին, ապա դա ամենաբարոյալքված գործն է. գնում, խնդրում ես մեկին, որը ոչ մի բան չի հասկանում և էնպես է նայում դեմքիդ, որ ամաչում ես գնալուդ համար:

– Ինչո՞ւ ակումբներում չեք կազմակերպում համերգներ:

– Գիտե՞ք, ակումբներում ձևավորված չէ այն մթնոլորտը, հարգանքը երաժիշտների նկատմամբ… Ամեն մի պատահական մարդ կարող է գալ, նստել, և երաժիշտն իրեն բարոյալքված կզգա: Էն մթնոլորտը չկա, հասկանո՞ւմ եք: Կան ակումբներ, որտեղ մարդիկ ձևական գնում, նստում են, որ ցույց տան` իբր թե ջազ են լսում:

– Փաստորեն, կարծում եք, որ Հայաստանում ջազային մշակույթ գոյություն չունի:

– Այո, ինձ թվում է` չունի: Կան բարձր մակարդակի, համաշխարհային մակարդակի երիտասարդ երաժիշտներ, սակայն մեզ մոտ չկա ջազային մթնոլորտ, քանի որ պրոպագանդվում է միայն տգետ, անմակարդակ, ցածր երաժշտություն, որի միջոցով մեծ գումարներ են լվանում: Ամբողջ հասարակությանը գարշելի մի ճաշակ է թելադրվում, ոչ միայն երաժշտության, այլև ամեն ինչի միջոցով: Կարծես արվեստի ծրագրված ջարդ լինի: Երբ 2003 թվականին վերադարձա, այս աստիճանի տգիտություն չէր տիրում:

– Միգուցե  մենք գենետիկորեն ջազի նկատմամբ մեծ հակում չունենք:

– Ընդհակառակը, խորհրդային տարիներին մենք էնպիսի ջազմեններ ունեինք, որ հայտնի էին ոչ միայն Սովետական Միությունում, այլև դրա սահմաններից դուրս: Օրինակ` Դավիթ Ազարյանը. Մոսկվայում ի՜նչ ելույթներ էր ունենում, ի՜նչ համերգներ էր ունենում. ապշելու: Տաթևիկ Հովհաննիսյանն էլ մեծ հաջողություններ ուներ: Ընդհանրապես, ջազը շատ բարձր մակարդակի վրա էր: Սովետական Միության մեջ առաջին ջազային խումբը ստեղծել է Արտեմի Այվազյանը 1937 թ.:

– Խորհրդային ջազային դպրոցից այսօր ի՞նչ է մնացել:

– Համարյա ոչինչ, խայտառակ իրավիճակ է նաև այդ ոլորտում: Կոնսերվատորիայի ջազի դասարանում ուսանողներին ստիպում են, որ էստրադա երգեն, որովհետև դասավանդում են ջազի հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ: Ընդհանրապես այն, ինչ կատարվում է կոնսերվատորիայում, շատ ցավալի է: Ունեինք ջազային քոլեջ, որը փակվեց:

– Մտածե՞լ եք կոնսերվատորիայում դասավանդելու մասին, նման առաջարկ եղե՞լ է:

– Առաջարկ եղավ մի թեթև, բայց հետո այդ թեման փակվեց: Համենայն դեպս, ես պատրաստ էի:

– Ի՞նչ է պետք, որ Հայաստանում երաժշտական ճաշակը բարձրանա:

– Գրագետ ղեկավարներ:

– Կարծում եք` ամեն ինչ կախված է իշխանությունների՞ց, մարդիկ ոչնչով մեղավոր չե՞ն:

– Իհարկե, ոչ: Պետք է օրենք լինի: Օրինակ` Վրաստանում մի քանի տարի է` արգելվել է գողական երգեր լսելը: Իսկ մեզ մոտ գողական «արվեստը» պրոպագանդվում է ամեն ասպարեզում: Մեր հեռուստաեթերը հնարավոր չէ նայել, խայտառակ բան է: Ոչ մի ռազմավարական մոտեցում չկա, ամեն մի տգետ իր ճաշակն է թելադրում: Պետք է նախ գաղափարախոսություն լինի: Հայաստանում կան լավ արվեստագետներ, որոնք վատ վիճակում են, բայց մեր հարուստները հովանավորում են ամենատգետներին:

– Միգուցե մեր հարուստների չափանիշներով լավը դա՞ է:

– Այո, հենց էդտեղից էլ գալիս են մեր բոլոր խնդիրները: Մենք երաժշտասեր որակյալ  հասարակություն ունենք, որը կարիք ունի լավ երաժշտության, ունենք նաև լավ երաժիշտներ, որոնք բեմի կարիք ունեն, սակայն գումարներ են ծախսվում այն երգիչների վրա, որոնք մեծ վնաս են հասցնում մեր արվեստին, մեր հոգեբանությանը, մեր ապրելաձևին:

– Կա՞ն երգիչ-երգչուհիներ, որոնց քիչ թե շատ հավանում եք, և ինչպե՞ս կբնութագրեք մեր շոու բիզնեսը մեկ բառով:

– Այն, ինչ լսում եմ, վախենալու մակարդակի ցածր երաժշտություն է: Այդ ոլորտում լրիվ անգրագիտություն է տիրում` երգեցողական որակներից դուրս: Երգեր են գրվում սահմաններից դուրս, բառեր են գրվում, որոնք ոչ միայն արվեստի, այլև լոգիկայի հետ կապ չունեն: Մեկ բառով կարելի է բնութագրել այսպես` մղձավանջ, վատ երազ:

– Ինչո՞ւ ինքներդ չեք նախաձեռնում ջազային փառատոներ, որոնք ջազ երաժշտությունը քարոզելու լայն հնարավորություն կտան:

– Խնդրեմ, կազմակերպենք, եթե Դուք գումարը կտաք (ծիծաղում է):

– Ներկայացրեք ծրագիր համապատասխան կառույցներին, օրինակ` մշակույթի նախարարությանը:

– Մի քանի անգամ շատ գեղեցիկ ծրագրեր եմ ներկայացրել մշակույթի նախարարությանը, դրանցից մեկն էլ ջազային բալետ գրելու ծրագիրն էր: Հանդիպեցի նախարարի հետ, ծրագիրը հավանության արժանացավ, բայց ոչինչ դուրս չեկավ: Կարծում եմ` անիմաստ է որևէ ծրագիր ներկայացնելը: Խնդիրը միայն ջազային արվեստի մեջ չէ, այլ ընդհանրապես արվեստի, որն այսօր շատ վտանգավոր և անկումային իրավիճակում է: Շատ բարձր մակարդակի երաժիշտներ լքում են Հայաստանը: Կարծես ամեն ինչ անում են, որ մարդիկ թողնեն գնան: Ինչքա՞ն կարելի է նստել, ուզենալ մի լավ բան տեսնել, բայց քեզ անընդհատ աղբ մատուցեն:

– Հիասթափվա՞ծ եք Հայաստանից:

– Չէէէ… Երբեք: Ես Հայաստանից ո՞նց կարող եմ հիասթափվել: Հայաստանը ոչ թե էն մարդիկ են, որ ղեկավարում են, այլ ժողովուրդն է, որը շատ լավն է, մեր երկիրն է, որը շատ լավն է: Հայաստանից հիասթափվել երբեք հնարավոր չէ:

 

Դիտվել է 3160 անգամ:
Print Friendly

Leave a Reply