Ինչու չենք զբաղվում ներքին տուրիզմով

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 25, 2012 14:00

Աշխարհում չկա զարգացած տուրիզմ ունեցող որևէ երկիր, որ չունենա զարգացած ներքին տուրիզմ: Ներքին տուրիզմն այն է, երբ տվյալ երկրի քաղաքացիները տուրիստական ուղևորության են մեկնում սեփական երկրում: Ըստ միջազգային վիճակագրության` աշխարհի զարգացած տուրիստական երկրներում տուրիզմից ստացած եկամուտների մոտ 30-40 տոկոսը գալիս է  ներքին տուրիզմից: Օրինակ` Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի պես երկրները ներքին տուրիզմով են հսկայական գումարներ աշխատում: Իսկ Հայաստանում իմանալ, թե ներքին տուրիզմից երկիրը որքան փող է աշխատել, որքան մարդ է զբաղվել ներքին տուրիզմով, որոնք են ներքին տուրիզմի առանձնահատկությունները և այլն, գործնականում հնարավոր չէ: Այս ուղղությամբ հրապարակվում են միայն հյուրանոցներից (և այն էլ ոչ բոլոր) ստացվող թվերը, որոնք նույնիսկ մոտավոր չեն կարող բնութագրել ներքին տուրիզմի վիճակը:

«Ներքին տուրիզմի հարցում մենք ունենք միայն հյուրանոցներից ստացված տվյալները, որոնք 2010 թվականի  համեմատությամբ մոտ 25 տոկոսանոց աճ են ցույց տալիս: Այսինքն` խոսքը հյուրանոցային տնտեսության օբյեկտներում գիշերած զբոսաշրջիկների թվի մասին է: Բայց ամբողջ ներքին տուրիզմը դրանով չի երևակվում: Սակայն նախորդ տարիների հետ համեմատած` հյուրանոցային տնտեսությունների զբաղվածության թիվը մեզ մոտ ավելացել է մոտ 50 տոկոսով»,- հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Հայաստանում ազգաբնակչությունը չի զբաղվում ներքին տուրիզմով, քանի որ տուրիստական բիզնեսով զբաղվող հայաստանյան ֆիրմաները կամ մարդիկ մասնագիտական կրթություն չունեն: Այս հետաքրքիր եզրակացությանն է հանգել Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախկին նախագահ Ռոբերտ Մինասյանը:

«Եթե ունենային մասնագիտական կրթություն, կզբաղվեին ներքին տուրիզմով: Նրանք հեշտ ճանապարհով են գնում, արտագնա տուրիզմի վրա են շեշտը դնում, և կարելի է ասել, որ ոչինչ չեն անում: Որովհետև շատերն այլ երկրների, այլ ֆիրմաների հետ պայմանագրեր չունեն և ուղղակի զբաղվում են տուրիստական ուղեգրերի վերավաճառքով կամ այլ ֆիրմաների միջոցով մարդկանց տուրիստական ուղեգրերի հարցերը լուծելով: Սա հեշտ է, ոչնչի համար պատասխանատվություն չեն կրում: Իսկ ներքին տուրիզմը պատասխանատվություն է: Առաջինը դու ինքդ պետք է իմանաս քո երկիրը: Երկրորդ` պետք է աշխատանք կատարես, որ իմանաս` ուր տանես տուրիստներին, որ իրոք հանգստանան»,- նշեց Ռոբերտ Մինասյանը:

Ներքին տուրիզմը մի քանի կարևոր առանձնահատկություններ ունի: Նախ` տվյալ երկրի բնակիչները ճանաչում են հայրենիքը, կապվում են նրա հետ, սիրում են այն: Երկրորդ` զուտ տնտեսական, ներքին տուրիզմը նպաստում է, որ այն գումարները, որ մարդիկ մտադրվել են ծախսել հենց զբոսաշրջության վրա, ոչ թե «արտահանվում են» այլ երկրներ, ինչպես արտագնա տուրիզմի դեպքում, այլ մնում են սեփական երկրում: Բացի այդ, ներքին տուրիզմը նպաստում է նաև գումարների և նյութական միջոցների ապակենտրոնացմանը և երկրի ամբողջ տարածքում վերաբաշխմանը:

Ի՞նչն է խանգարում ներքին տուրիզմի զարգացմանը: Ռոբերտ Մինասյանը նշում է` կադրային անգրագիտությունը: Հայաստանում բացի մի քանի օրինակից, մարդիկ չգիտեն, թե ինչպիսի տուրիստական ապրանքներ գոյություն ունեն: Սա այն պատճառով, որ դրանց գովազդ չի արվում ընդհանրապես, կամ արվում է ոչ բավարար: Ի դեպ, գովազդվում են միայն այն տուրիստական ապրանքներն ու ծառայությունները, որոնք գովազդի համար կարողանում են վճարել: Դա առաջին հայացքից կարծես նորմալ է: Բայց այդ վճարունակ գովազդատուները, որպես կանոն, տուրիստական այն ֆիրմաներն ու օբյեկտներն են, որոնց գները բավականին բարձր են:

Այստեղից առաջանում է մեկ այլ խնդիր. մարդկանց մեջ կարծիք է ձևավորվում, թե Հայաստանում ներքին տուրիզմով զբաղվելը շատ թանկ է և նույն գինն է կազմում, ինչ արտասահման տուրիստական ուղևորության մեկնելու դեպքում: Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ գին ունի ապրանքը կամ ծառայությունը: Իսկ մեզ մոտ, թեկուզ դիտարկենք Սևանի օրինակով, միայն լողափին մոտենալն արդեն գին ունի: Էլ չասենք այս կամ այն «ծառայությունից» օգտվելը, երբ օրինակ` խորոված անելու համար մանղալը զբաղեցնելն արժե 10-15 հազար դրամ:

Այլ խնդիր է, որ մինչ օրս տուրիզմը տնտեսության գերակա ուղղություն հռչակած Հայաստանում չկա գեթ մեկ հաստատված տուրիստական երթուղի, ամեն մեկն իր համար է երթուղի ընտրում կամ կազմում: Այսինքն` չկա այս գործին պետական համակարգված մոտեցում: Եվ ենթադրենք` մեկն ուզում է ներքին տուրիզմով զբաղվել, որոշում է չդիմել տուրիստական օպերատորի ծառայություներին, սեփական նախաձեռնությամբ մեկնել տուրիստական ուղևորության. հենց այդ հաստատված երթուղիները կարող էին նրան օգնել:

Անդրադառնանք ինֆրակառուցվածքների խնդրին, որը խանգարում է ոչ միայն ներգնա, այլև  ներքին տուրիզմին: Մեր տուրիստական ապրանքների մասին տեղեկատվությունն էլ բավարար չէ: Չկա տվյալների բազա, որով անհատը սեփական նախաձեռնությամբ կարողանա իր նախընտրած երթուղին կազմել, առավել ևս` ճիշտ ճանապարհն ընտրել կամ գոնե իմանալ, թե ինչպես կարելի է հասնել ինչ-որ կետի, որ ճանապարհով, որ ճանապարհն է վտանգավոր, որտեղ ինչպիսի գներ են, ինչ ծառայություններ են մատուցվում, որոնք են տեղի առանձնահատկությունները, ինչպես է տվյալ վայրում եղանակն այդ պահին, ինչ բուսական և կենդանական աշխարհով է հարուստ, հարևանությամբ էլ ինչ տեսարժան վայրեր կամ հուշարձաններ կան և այլն:

Այս ամենը խնդիրներ են, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, այլապես արտասահմանից զբոսաշրջիկները գալիս են Հայաստան, սիրահարվում մեր պատմամշակութային ժառանգությանը, տեղական սովորույթներին և այլնին, վայելում մեր հայրենակիցների հյուրասիրությունը, տեղի էկոլոգիապես մաքուր սնունդը, իսկ մենք այս ամենի մասին ունենք ավելի քիչ պատկերացում, քան նրանք: Եվ եթե արտասահմանցի զբոսաշրջիկների համար այդքան հաճելի է Հայաստանում հանգիստ կազմակերպելը, ապա ինչո՞ւ է այն այդքան բարդ հենց հայերիս համար:

Դիտվել է 2582 անգամ:
Print Friendly

Leave a Reply