Կինոբիզնեսից հասկացող է պետք

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 20, 2012 13:00

Անցած շաբաթ Երևանի կենտրոնում բավականին աշխույժ  մթնոլորտ էր տիրում, քանի որ մեկնարկեց «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը` իր շուրջը համախմբելով տարբեր երկրների կինոգործիչների, լրագրողների և արվեստագետների: Ցանկանալով ամփոփել` ինչպես անցավ փառատոնը, ինչ դժգոհություններ կան, ինչ փոփոխություններ են նախատեսվում հետագայում, զրուցեցինք կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ:

Դեռ չգիտենք` ինչ փոփոխություններ են լինելու, բայց կարծում եմ, որ 10-րդ փառատոնի ժամանակ կավարտենք մի փուլ, որը կոչված է Հայաստանում ծանոթացնել համաշխարհային լավագույն ֆիլմերին, երիտասարդներին կրթել նոր մշակույթով, նոր կինոյի լեզվով, որի միջոցները հնարավոր կլինեն ներմուծել կինո: Այսօր կարող ենք ասել, որ առաջին տարիների 2-3 ֆիլմի փոխարեն փառատոնում մի քանի հայկական ֆիլմեր կան, ինչն արդեն հաջողություն է մեզ համար: Մյուս քայլը լինելու է հայկական կինոյի «նոր ալիքը», որը մեծ մասամբ նույնպես կախված է երիտասարդների ակտիվությունից ու ներգրավվածությունից:

Ինչ խոսք, ինչ որ լավ էր, լավ էր, չեմ կարող հերքել: Սակայն կան նաև որոշ դժգոհություններ` կապված այն  հանգամանքի հետ, որ մեզ մոտ կինոթատրոնները քիչ են: Այն ֆիլմերը, որոնք բերվել են աշխարհի տարբեր անկյուններից, պետք է դիտվեն: Բայց ինչպե՞ս:  Մարդիկ չեն կարողանում գալ կենտրոն` ֆիլմեր նայելու, հարկ է կառուցել կինոթատրոններ Երևանի տարբեր անկյուններում: Ուստի դժգոհությունս մասնավորապես կապված է կինոթատրոնների գրեթե բացակայության հետ:

Հայերս շատ զարմանալի ժողովուրդ ենք: Միշտ նայում ենք, թե ինչ են անում ուրիշները և կրկնում: Օրինակ` եթե որևէ մեկը հանրախանութ կամ սրճարան է կառուցում, մյուսն էլ է նույնն անում: Բայց, ցավոք, չկա այն մեկը, որը հասկանա և սովորի, հետևաբար` սովորեցնի կինոբիզնեսն իր բոլոր բաղադրիչներով, որը, ի դեպ, շատ լավ բիզնես է և մեծ եկամուտներ կարող է բերել:

Հայկական կինոբիզնեսի վերաբերյալ որոշ դժգոհություններ արտահայտեց նաև նույն փառատոնին մասնակցած ամստերդամցի կինոքննադատ Փիթր Վան Բուերենը, որի համոզմամբ, հայկական ֆիլմերը չեն հասնում միջազգային կինոարվեստի մակարդակին. «Հայերն ուրախանում են իրենց իսկ արտադրած ֆիլմերով և կուշտ փորով ծիծաղում, սակայն դեռ շատ անելիք ունեն»: Իսկ այն հարցին, թե որն է այդ ամենի պատճառը, նա կտրուկ պատասխանեց. «Հիմար մտածելակերպը»:

Ելենա Չոբանյան

Դիտվել է 1568 անգամ:
Print Friendly

Leave a Reply