Երեխաները նույնպես կարող են դաժան լինել

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 20, 2012 7:00

 Ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադյանն իր կարիերան  սկսել է լուսանկարչությունից, այնուհետև իր մտածումներն արտահայտել ֆիլմերի միջոցով: Նրա գործերից է «Նանա» ֆիլմը (4-ամյա աղջկա մասին, որը հայտնվում է անտառում, և հենց այդտեղ էլ ծավալվում է ֆիլմի ամբողջ գործողությունը): Ֆիլմը 2012 թ. «լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին (Ֆրանսիա): Սակայն մինչ ֆիլմի որոշ մանրամասներին անցնելը, ցանկացանք ռեժիսորի հետ զրուցել կինոփառատոնի մասին:

– Հարգելի Վալերի, ի՞նչ տպավորություն ունեք այս տարվա «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի մասին:

– Ֆիլմերի ընտրությունը և առհասարակ փառատոնի կազմակերպվածությունը բավականին լավն է:  Ես մի փոքր ուշ` հուլիսի 10-ին եմ ժամանել Երևան և հասցրել եմ միայն տեսնել մայրաքաղաքի կենտրոնն ու հյուրերին, որոնք իրոք շատ շատ են:

– Ի՞նչ կարևորություն և նշանակություն ունի փառատոնը ձեզ համար:

– Այն ինձ համար կարևոր է երկու իմաստով` կինոյի և զգացմունքային, քանի որ  կիսով չափ հայ եմ, կիսով չափ ֆրանսիացի:

– Ի՞նչ ծրագրեր ունեք` կապված հաջորդ տարվա «Ոսկե ծիրանի» հետ: Պատրաստվո՞ւմ եք կրկին գալ Հայաստան:

– Վստահ չեմ` կկարողանամ արդյոք նորից գալ Հայաստան, որովհետև իմ հաջորդ ֆիլմը դեռ պատրաստ չէ: Առհասարակ չեմ պլանավորում ֆիլմեր պատրաստել փառատոների համար, դա ուղղակի իմ աշխատանքն է:

– Իսկ ներկա պահին ի՞նչ ֆիլմ եք նկարահանում:

– Դեռ ֆիլմի սցենարն եմ գրում: Այդ ֆիլմը ևս ֆիզիկական փոփոխությունների հետ է կապված, որը 13 տարեկան աղջնակի մասին է և ցույց է տալիս, որ այդ տարիքի երեխաներին պետք է սովորեցնել` ինչպես ուղղորդել ու իրագործել իրենց երազանքները` ապրելով սեփական մարմնում:

– Անդրադառնանք «Նանա» ֆիլմին, կարծես այնքան էլ զգայուն չեք դաժանության նկատմամբ:

– Բռնությունն ու դաժանությունը մեր կյանքի մասն են, և երեխաները նույնպես կարող են դաժան լինել, քանի որ նրանց համար կյանքում ամեն ինչ նույնն է, և կյանքի ու մահվան հարցն այնքան էլ կարևոր չէ: Իսկ եթե բռնությունը ճնշվում է, հետագայում շատ վատ դրսևորումներ է ունենում:

– Հաճախ ֆիլմ դիտելիս մարդիկ որոշ կարծրատիպեր կամ սպասումներ են ունենում հետագա ընթացքի վերաբերյալ: Դուք ինչպե՞ս եք կառուցում ձեր ֆիլմերը:

– Իսկապես այդպես է, սակայն չպետք է ինչ-որ բանի սպասել ֆիլմում, այլ կյանքն ու ֆիլմը պետք է ապրել քայլ առ քայլ: Ինչ վերաբերում է «Նանա» ֆիլմին, այն իրական պատմություն չէ, և իրականի ու հեքիաթի բաժանարար գիծը միախառնված է: Ես կինոյում սիրում եմ յուրահատուկ խոսքը, երկխոսություններն ու հետաքրքիր ընթացքը: Ուստի դիտողներին թույլ եմ տալիս ազատ որոշել, թե ինչ նայել, այսինքն` դիտողն ինքն է ֆիլմը կառուցում:

 

Ելենա Չոբանյան

Դիտվել է 2433 անգամ:
Print Friendly

Leave a Reply