ԼՂՀ-ն իրավունք չունի մեկ օր անգամ մնալու առանց իշխանության

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 19, 2012 14:50

Արցախում  երեկ լռության օր էր: Այսօր ընտրելու են երկրի ղեկավարին: Նախագահի թեկնածուները երեքն են` գործող նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախկին փոխնախարար, պատգամավոր Վիտալի Բալասանյանը և Արկադի Սողոմոնյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 17-ի տվյալներով` ընտրողների թիվը կազմում է 98.909 մարդ:

ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրություններից երկու օր առաջ ընտրողների վերջնական ցուցակի օրինակը պետք է փակցվի տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

ԿԸՀ տրամադրած տվյալներով` կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանի Հանրապեությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:

ԼՂՀ յուրաքանչյուր ընտրություններից երկու-երեք օր հետո սկսվում են ինչ-որ արձագանքներ, գնահատականներ: Իսկ եթե ԼՂՀ նախագահական հերթական ընտրություններն անխափան իրականացվում են, նշանակում է` մեր երկրորդ պետականությունն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը, այդ թվում նաև միջազգային ասպարեզում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Մեծ և ոչ այնքան մեծ տերությունները շտապում են հայտարարել, թե իրենք իբր չեն ճանաչում այդ ընտրական գործընթացները ԼՂՀ տարածքում: Սակայն բոլորս էլ գիտենք, որ ղարաբաղցին թքած ունի, թե ով ինչ է ճանաչում, և ինչ չի ճանաչում»,- նշեց քաղաքագետը:

Նա ավելացրեց, որ այս ընտրությունների կարևոր նշանակությունը նրանով է ընդգծվում, որ ԼՂՀ-ն` որպես պետականություն, իրավունք չունի մեկ օր անգամ մնալու առանց օրինական, նորմալ իշխանության: Իսկ դա նախևառաջ շատ կարևոր է հենց ԼՂՀ բնակչության համար: Սա կարծես ևս մի լծակ ու մեթոդ է, որն օգնում է ապացուցելու ամբողջ աշխարհին, որ Արցախի հայերն իրենք են իրենց ճակատագրի տերը: Եվ ԼՂՀ նախագահը ինչ-որ վայրում, թեկուզ Հայաստանում, չի նշանակվում: Սերգեյ Շաքարյանցն ասաց, որ այսօր բոլորը հասկանում են, որ Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ հնարավոր չէ: Նա ենթադրում է, որ  ԼՂՀ նախագահի հերթական ընտրությունները դրա վառ ապացույցն են, քանի որ որևէ մեկը ԵԱՀԿ-ի կողմից երբեք դեմ չի արտահայտվել, որ ԼՂՀ-ում անցկացվեն որևէ կարգի ընտրություններ:

«Մինսկի խմբի երեք պետություններից որևէ մեկն արտահայտվե՞լ է Ստեփանակերտում, Երևանում կամ Բաքվում, թե քննադատում է ընտրությունները, որոնք կարող են խանգարել բանակցային գործընթացին: Ո՛չ: Հակառակը` մենք լսել ենք, որ նրանք կարծես ողջունում են Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը: Ես արդեն այսօրվա դրությամբ կարող եմ հայտնել հետևյալ տեսակետը. կարծես բոլորը պատրաստ են, այդ թվում Մինսկի խմբի համանախագահները, որ վաղ թե ուշ ԼՂՀ անկախությունը, որպես կայացած փաստ, հաստատվի, ամրագրվի»,- նշեց քաղաքագետը:

Այս իրողության կայացմանը, ըստ Շաքարյանցի, խանգարում է միայն Մինսկի խմբի համանախագահներից մեկը` ԱՄՆ-ն: Քանի որ կան ավելի խոշոր խաղեր` հայ-թուրքական սահման, Թուրքիայի մեծագույն դերակատարությունը տարածաշրջանում` արաբական հեղափոխություններով հանդերձ, Իրանի խնդիր և այլն: Եվ եթե Կիրիբաթի Հանրապետությունը, Տուվալուն և այլն ճանաչեն ԼՂՀ անկախությունը, ոչինչ չի փոխվի: Բայց շատ բան կփոխվի, եթե, օրինակ, Չինաստանն առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Այսինքն` Սերգեյ Շաքարյանցի խորին համոզմամբ, եթե Մեծ հնգյակից որևէ մեկը ճանաչի ԼՂՀ անկախությունը, արդեն, այսպես ասած, մեծ կռվախնձորը կդառնա հենց Ղարաբաղը: Ոչ թե Իրանը կամ Սիրիան կամ Թուրքիան պետք է լինեն որոշիչ խաղաքարտ կամ գործոն, այլ հենց Ղարաբաղը:

Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ-ում անցկացված, անցկացվող և անցկացվելիք ընտրությունների և ԼՂՀ անկախության ճանաչման հարաբերակցությանը, քաղաքագետը նշեց. «Ես կարծում եմ, որ ԼՂՀ-ի ընտրությունները ճանաչելը հավասարազոր է անկախության ճանաչմանը: Երբ ասում ենք` շատ լավ գործընթաց է, ժողովրդավարություն է զարգանում Ղարաբաղում, ավելի լավ, քան Ադրբեջանում, նույնիսկ Հայաստանից էլ լավ է զարգանում ժողովրդավարությունը, պարզ չէ՞, որ դրանով հավանում, այսինքն` ճանաչում ենք գործընթացը»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև ԼՂՀ-ում նախագահական ընտրություններին նախորդած մի շարք իրադարձությունների, մասնավորապես` Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին, երբ համանախագահները նախ այցելեցին Բաքու, ապա այնտեղից ռազմաճակատի գծով անցան Ստեփանակերտ, իսկ Ստեփանակերտից արդեն եկան Երևան: Նա այդ այցն ու դրա ուղերձները դիտարկեց ԼՂՀ-ում վաղը կայանալիք ընտրությունների հետ մեկ հարթության մեջ` նշելով, որ չպետք է ուրախանալ ինչ-որ ձևականության  կամ սցենարի համար. նրանք փորձում են ապացուցել, թե Ադրբեջանից Ղարաբաղ ելումուտը պետք է ազատ լինի: Այսպես համանախագահներն ընդգծում են այլ երևույթ` ստելով, թե իբր ազգամիջյան հարաբերությունների բարելավման փորձ է արվում և այլն: «Այսինքն` այստեղ մենք տեսնում ենք, որ շարունակական խաղեր են ընթանում, և խաղարկվում են արդեն իսկ խփված խաղաքարտերը»,- ընդգծեց Շաքարյանցը:

Ստացվում է` ԼՂՀ-ում  հուլիսի 19-ին անցկացվող ընտրությունները կարևոր են ոչ միայն ԼՂՀ-ի` որպես պետական օրգանիզմի կենսագործունեության, այլև նրա անկախության միջազգային ճանաչման համար: Եվ որքան բարձր լինեն Արցախում անցկացվող ընտրությունների որակն ու ժողովրդավարության աստիճանը, այնքան ավելի հեշտ կլինի անցնել այդ ճանապարհը, և օրերից մի օր ԼՂՀ-ն ՄԱԿ-ում կունենա իր ներկայացուցիչը, ինչպես Հարավային Սուդանը, Կոսովոն և այլն: Համենայն դեպս, միջազգային փորձն այդ է վկայում:

Դիտվել է 1501 անգամ:
Print Friendly

Leave a Reply