«Ոսկե ծիրանն» ավարտվեց վարդավառյան ուրախությամբ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 16, 2012 14:33

«Ոսկե ծիրանն» ավարտվեց: Ավարտվեցին նաև մշակութային կյանքով ու ոսկեշող ծիրանային իրադարձություններով աչքի ընկնող օրերը, որոնցով ապրում ու շնչում էր մայրաքաղաք Երևանը:
Մեկ շաբաթ շարունակ Հայաստանի «սիրտը» բաբախում էր աշխարհի տարբեր ծայրերից Երևան ժամանած տաղանդավոր ու աշխարհահռչակ ռեժիսորների «կադրային» զարկերով: Ամեն օր տարբեր ասուլիսներ տարբեր մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերի ռեժիսորների հետ, և վերջապես, հուլիսի 15-ին` Վարդավառի տոնին, ամփոփիչ ասուլիսով ավարտվեց փառատոնը: Հրապարակվեցին այն ֆիլմերի ու ռեժիսորների անունները, որոնք արժանացան ժյուրիի գնահատականին և հաղթող ճանաչվեցին կամ ստացան հատուկ մրցանակներ:
Ժյուրիի կազմը գլխավորում էր աշխարհահռչակ կինոռեժիսոր, Կաննի փառատոնի մրցանակակիր Վիկտոր Էրիսեն:

Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն իրենց ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարում է այն, որ իրենք կարողացան երիտասարդ արվեստագետների վրա ազդեցություն թողնել, և այժմ իրենց երտասարդ ռեժիսորների ֆիլմերը ճամփորդում են աշխարհով մեկ:

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանացկարգում «Ոսկե ծիրան» մրցանակին արժանացավ Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը, իսկ «Արծաթե ծիրանին»` Անկա և Վիլհելմ Սասնալների «Հեռվից սիրուն է երևում» ֆիլմը:

Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ չիլիացի կինոռեժիսոր Լուիս Տորրես Լեյվայի «Ամառ» ֆիլմը:

Լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց Էմադ Բուրնաթի և Գի Դավիդիի «Հինգ կոտրված տեսախցիկ» ֆիլմը, որը պատմում է Պաղեստինի և Իսրայելի հակամարտության մասին: Այդ դեպքերի ականատես-մասնակիցն է եղել հենց ռեժիսորը, որն էլ իր հինգ տեսախցիկներով նկարահանել ու վավերագրել է իր ժողովրդի պայքարը իսրայելցի զինվորների դեմ:

Այս անվանակարգում երկրորդ` «Արծաթե ծիրան» մրցանակին արժանացավ ռուս ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշևի «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքրիկ քարի մասին» ֆիլմը:

Հայկական խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում «Ոսկե ծիրանին» արժանացավ Նատալյա Բելյաուսկենեի և Միքայել Պողոսյանի նկարահանած «Եթե բոլորը» ֆիլմը:
Այս ֆիլմն արժանացավ նաև Էկումենիկ ժյուրիի մրցանակին և վայելեց հանդիսատեսի համակրանքն ու սերը:
Հայկական խաղարկային ֆիլմերի շարքում երկրորդ լավագույնը ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադյանի «Նանա» ֆիլմն էր, որն արժանացավ «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի:

Լավագույն հայկական վավերագրական ֆիլմն այս տարի բրազիլահայերի` Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Կանանյանի և Գարի Կանանյանի «Հայկական ռապսոդիան» էր: Այն արժանացավ նաև Բրիտանական խորհրդի մրցանակին:

Մրցութային ծրագրերից կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» ծրագրում լավագույնի տիտղոսը հանձնվեց բրազիլացի ռեժիսոր Էդուարդու Մուրուտոյի «Երբ մեռնենք գիշերը» ֆիլմին:

Սահմանված էր նաև FIPRESCI-ի մրցանակ, որը բաժին հասավ ղազախա-ճապոնական արտադրության «Գարնան առաջին անձրևները» ֆիլմին, որի հեղինակները Սանո Սինձյուն և Եռլան Նուրմուհամբետովն են:

Թուրքիայում ապրող համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերը ևս, որի ֆիլմն արծարծում է հիմնականում հասարակական-քաղաքական խնդիրներ, Հայաստանից դատարկաձեռն չհեռացավ. նրա «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմն արժանացավ Էկումենիկ ժյուրիի հատուկ դիպլոմի:

Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակը շվեդահայ կին ռեժիսոր Սյուզան Խարտալյանինն է` «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի համար:

Սերբ ռեժիսոր Գորան Ռադովանովիչն այս տարվա «Ոսկե ծիրանին» ներկայացավ իր «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» ֆիլմով, որն արժանացավ Հայաստանի ֆիլմարտադրողների միության մրցանակին: Ֆիլմը խորհուրդ ունի` կապված ոչ այնքան Ֆիդելի, որքան պետական համակարգին անդավաճան կապվածության հետ:

Մրցութային շարքը եզրափակեց «Հրանտ Մաթևոսյան» մրցանակը, որին արժանացավ ֆրանսահայ երիտասարդ ռեժիսոր Տիգրան Ավետիքյանի «Վատ հայրը» կարճամետրաժ ֆիլմը, որում ներկայացվում է ռեժիսորի հոր դրական կողմերը:

Փառատոնն ավարտվեց գոհունակությամբ ու դժգոհությամբ, սակայն կազմակերպիչներն ու տնօրեն Հարություն Խաչատրյանը միանգամայն գոհ մնացին` արձանագրելով ևս մեկ առաջընթաց քայլ: Հյուրերը Հայաստանից հեռացան դրական տպավորություններով` պատրաստ հաջորդ տարի ևս մասնակցելու երևանյան միջազգային այս փառատոնին:

Մյուս տարի «Ոսկե ծիրանը» կնշի իր 10 տարին:

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply