Մնում է, որ բախտը մերոնց ուղեկից լինի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 19, 2012 15:39

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում լրագրողներին հանդիպեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նշվեց, որ մեր երկրի 25 օլիմպիական մարզիկներն էլ լավ են նախապատրստվել և կազմուպատրաստ կներկայանան օգոստոսի 27-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկելիք ստուգատեսին: Խաղերի վարկանիշ ձեռք բերած բոլոր մարզիկներից էլ սպասելիքներ կան: Ասվեց, որ միակ բացն այն է, որ հունահռոմեական ոճի մեր տիտղոսակիր ըմբիշ Ռոման Ամոյանը հանգամանքների բերումով չի կարողացել օլիմպիական խաղերի ուղեգրի տիրանալ:

Oլիմպիական ավանում Հայաստանի դրոշի բարձացման արարողությունը կկատարվի հուլիսի 22-ին: Մեր օլիմպիականները հուլիսի 28-ին կհանդիպեն տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին, իսկ հուլիսի 29-ին նշվելու է Հայաստանի օրը:

Ռոստոմյանը դժվարացավ ստույգ հայտնել, թե ինչպիսի միջոցներ են ծախսվել: Նա միայն նշեց, որ պետական բյուջեից նախապատրաստական աշխատանքների համար տրամադրվել է 180 մլն դրամ: Բացի այդ, ՀԱՕԿ-ը լրացուցիչ մեծ ծախսեր է կատարել:

Աչքի ընկնողների համար գայթակղիչ պարգևներ են սահմանվել: Չեմպիոնը պետության կողմից կպարգևատրվի 20 մլն դրամով, արծաթե և բրոնզե մեդալակիրները` համապատասխանաբար 15 և 10 մլն դրամով: Բացի այդ Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած մարզիկը ՀԱՕԿ-ի կողմից կստանա 40 մլն դրամ, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցնողները` 30 և 15 մլն: Մեդալակիրների մարզիչները ստանալու են իրենց սաների համար նախատեսված պարգևավճարի կեսը:

Այն հարցին, որ Գագիկ Ծառուկյանն իր խոստմանը կմնա և չեմպիոնը կհարստանա՞ 1 մլն դոլարով, բանախոսը հայտնեց, որ հետաքրքրվողները, ստույգ պատասխան ստանալու համար, ավելի լավ է ՀԱՕԿ-ի նախագահին դիմեն, իսկ կասկածելու կարիք չկա:

Ռոստոմյանը հայտնեց, որ անցանկալի միջադեպերից խուսափելու համար, մեր մարզիկները քանիցս ստուգման են ենթարկվել: Դոպինգի փորձաքննությունը կատարվել է եվրոպական լաբորատորիաներում: Ընդ որում, ամեն մի ուսումնասիրության համար վճարվել է պատկառելի գումար` 550 եվրո:

Որպես կանոն, տարբեր երկրների հոգևոր առաջնորդներն օլիմպիական խաղերի մայրաքաղաք մեկնելուց առաջ հանդիպում են մարզիկներին, օրհնում նրանց:

«Անկախ»-ի այն հարցին, թե այդպիսի միջոցառում նախատեսվում է, Ռոստոմյանը պատասխանեց, որ պարզապես չեն ցանկանում նախապատրաստվող մարզիկներին կտրել պարապմունքներից, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը իր օրհնությունը կկատարի առանց նրանց հանդիպելու, և մնում է, որ բախտը մերոնց ուղեկից լինի:

Դիտվել է 1620 անգամ:
Print Friendly

Leave a Reply