ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանը եւ Վիտալի Բալասանյանը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը,տեսանյութ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 19, 2012 13:51

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին անցկացվող նախագահի ընտրություններում իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին գործող նախագահ Բակո Սահակյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Վիտալի Բալասանյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, Բակո Սահակյանը քվեարկել Է Ստեփանակերտի թիվ 5 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: «Ես հիանալի տրամադրություն ունեմ եւ քվեարկեցի հանուն ուժեղ եւ միացյալ պետության: Մեր ժողովուրդը դրսեւորել է մեծ համախմբվածություն, եւ  դա ապացուցում է, որ մենք ճիշտ ենք ընտրել մեր զարգացման ուղին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը` նշելով, որ ազատ եւ ժողովրդավարական Արցախի կերտման եւ կայացման գործին նպաստել են նաեւ ԼՂՀ-ի զանգվածային լրատվամիջոցները:

Ասկերանի Մշակույթի տանը տեղակայված ընտրատեղամասում առավոտյան քվեարկեց նաեւ Վիտալի Բալասանյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն Արցախի ապագայի: «Մեր գլխավոր խնդիրն ուժեղ եւ միացյալ Հայաստանի ստեղծումն Է»,- ընդգծեց Բալասանյանը:

Ընտրություններին մասնակցող նախագահի թեկնածուները երեքն են` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Բալասանյանը:

Առավոտյան ժամը 08:00-ին բացվել են բոլոր 274 ընտրական տեղամասերը, որոնցից մեկը Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում` ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար: Ընտրելու իրավունք ունեցող 98 հազար 909 քաղաքացի հնարավորություն կունենա ընտրություն կատարել մինչեւ ժամը  20:00-ը: Տպագրվել է մոտ 102 հազար քվեաթերթիկ:Նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն 21 դիտորդներ հինգ տեղական հասարակական կազմակերպություններից եւ 103 դիտորդ` այլ երկրներից:

Դիտվել է 1798 անգամ:
Print Friendly

Leave a Reply