ԼՂՀ-ում ընթանում են նախագահական ընտրություններ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | հուլիսի 19, 2012 11:29

Այսօր ժամը 8-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է ԼՂՀ նախագահի ընտրությունների քվեարկությունը: Այն կտևի մինչև ժամը 20.00: Մեկ ընտրատեղամաս բացվել է նաև Երևանում` ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Այստեղ կարող են քվեարկել
ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիները:

Հուլիսի 16-ի դրությամբ ԼՂՀ-ի ընտրողների թիվը կազմում է 98 909:

ԼՂՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք անկուսակցական թեկնածուներ` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը:

Ընտրությունների ընթացքին հետևում են 5 տեղական հասարակական կազմակերպությունների 21 ներկայացուցիչներ և շուրջ 80 օտարերկրյա դիտորդներ: Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախում է Հայաստանի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ:

Օտարերկրյա դիտորդների թվում են նաև «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (Բելգիա) կազմակերպության պատվիրակները` Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարոսը, ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի և Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը և այլք: Դիտորդական առաքելությամբ ԼՂՀ-ում են, մասնավորապես, Կանադայի համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ջիմ Կարիջիանիսը և Ալեքսանդր Բուլրիսը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությունը:

Ընտրությունների ընթացքը լուսաբանում են տեղական և օտարերկրյա լրատվամիջոցների շուրջ 100 ներկայացուցիչներ:

Ըստ ԼՂՀ Նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԼՂՀ նախագահի ընտրության նախնական արդյունքները կամփոփի, արձանագրությամբ կվավերացնի ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի մինչև հուլիսի 20-ի ժամը 20:00-ն:

Ընտրության վերջնական արդյունքները կամփոփվեն, արձանագրությամբ կվավերացվեն և կհրապարակվեն մինչև հուլիսի 22-ի ժամը 20.00-ն, իսկ բողոք լինելու դեպքում` մինչև հուլիսի 26- ի ժամը 20.00-ն:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 1350 անգամ:

Leave a Reply