«Փյունիկ» հիմնադրամն օժանդակում է ԱԻՆ-ին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 19, 2012 11:06

Մարդկային ռեսուրների զարգացման համահայկական «Փյունիկ» հիմնադրամը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է 50 համակարգիչ և «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապբուժօգնության մեկ ավտոմեքենա:

Հուլիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ նվերների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, «Փյունիկ» հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը որդեգրել է կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության և առողջապահության ասպարեզում հանրությանը օգտակար լինելու և կարելվույն չափ աջակցելու ուղին: Գործունեության 3 տարիների ընթացքում հիմնադրամը հասցրել է կազմակերպել մի շարք մշակութային միջոցառումներ, հովանավորել շնորհալի հեղինակների` գրքերի հրատարակման  գործում, բացահայտել և խրախուսել սոցիալապես անապահով, ծնողազուրկ, սակայն ուսման մեջ առաջադիմող ուսանողների, իսկ առավել շնորհալի ուսանողներին օգնություն է ցուցաբերվել ուսումը արտերկրի առաջատար բուհերում շարունակելու ուղղությամբ: Ապահովել է ՀՀ մարզերի, Երևանի, Արցախի մի շարք ուսումնական հաստատություններին լաբորատոր սարքավորումներով և համակարգիչներով:

Այսօր արդեն բարեգործական հիմնադրամը գործունեություն է ծավալում արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում, որպես առաջին քայլ` ձեռք մեկնելով արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Նախարար Ա. Երիցյանը հյուրերին ներկայացրեց նախարարության անցած ճանապարհն ու զարգացման ծրագրերը։ Նա բարձր գնահատեց «Փյունիկ» հիմնադրամի աջակցությունը, իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը լրագրողներին ասաց.

– Ես շատ եմ կարևորում ԱԻՆ կատարած աշխատանքը և գտնում եմ, որ ավելի արդյունավետ աշխատելու համար նախարարության աշխատակիցները պետք է ունենան բոլոր անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները։ Մենք նախապես ճշտել էինք նախարարության կարիքները և փորձեցինք մեր հնարավորության սահմաններում աջակցել այս կառույցին։

Այցելության ընթացքում հյուրերը շրջեցին նախարարության շենքում, եղան ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացան դրա տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին։

Տեսածով տպավորված էր նաև «Փյունիկ» հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին.

-Ես չէի սպասում, որ մեր երկրում կարող է նման կառույց լինել։ Շատ տպավորված եմ, քանի որ տեսնում եմ, որ մեծ աշխատանք է արված։ Նման բան չեմ տեսել, նույնիսկ, Սիրիայում և Լիբանանում։ Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որ այս կառույցն ավելի հզորանա։

 

Դիտվել է 1686 անգամ:
Print Friendly

Leave a Reply