Հյոգոյի գործողությունների ծրագիրը` ընթացքի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2012 11:03

Հուլիսի 18-ին «Անի Պլազա» հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) թեմայով սեմինար: Մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ և Հյոգոյի գործողությունների ծրագրի հայաստանյան համակարգող Նիկոլայ Գրիգորյանը, աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) տնօրեն Մովսես Պողոսյանը, ԱՌՆ միջազգային ռազմավարության տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Աբդուրահիմ Մուհիդովը, հակակարկտային ցանցերի արտադրության մասնագետ Մաուրիցիո Բերնարդին, տարբեր նախարարությունների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման հիմնական նպատակն է ներկայացնել.

• Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները.

• Հյոգոյի գործողությունների ծրագրի ազգային հաշվետվության ներկայացման ձևաչափը.

• հակակարկտային ցանցերի տեղադրման և օգտագործման տեխնոլոգիաներն ու դրանց հնարավոր կիրառումը Հայաստանում:

Բացման խոսքում Նիկոլայ Գրիգորյանն ասաց.

– ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բոլոր շահագռգիռ գործակալությունների գնայատմամբ` Հայաստանը լուրջ առաջընթաց ունի ոչ միայն Հյոգոյի գործողությունների ծրագրի ձեռքբերումների ուղղությամբ, այլև ընդհանրապես աղետների ռիսկի նվազեցման աշխատանքներում: Հյոգոն Ճապոնիայի նահանգներից մեկն է, որի Կոբե քաղաքում 2005 թ. 168 երկրների ներկայացոոցիչների մասնակցությամբ,համաշխարհային մակարդակով որոշվեց մշակել աղետների ռիսկի նվազեցման ծրագիր, որը կոչվեց Հյոգոյի գործողությունների ծրագիր:

Աբդուրահիմ Մուհիդովը ներկայացրեց ծրագրի ընթացքը.

– Մեր կազմակերպության դերն իշխանություններին և ժողովուրդներին օգնելն է` Հյոգոյի գործողությունների ծրագրի իրականացման գործում: Այդ ծրագիրը մեկնարկել է 2005 թ. և կավարտվի 2015-ին: Բոլորս էլ գիտակցում ենք, որ աղետները շարունակական են լինելու և դրանք կանգնեցնել հնարավոր չէ, քանի որ Երկրի բնակչության թիվն աճում է, քաղաքներն ու այլ բնակավայրերը հնանում են, ավելանում են աղետների առաջացման ռիսկերը, և այդ պատճառով` 10 տարվա համար նախատեսված ծրագիրը չի դադարեցնի իր աշխատանքը:

Աշխատանքները շատ են, և մենք շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, ու, հատկապես, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը` մեզ աջակցելու և ռեսուրսներ տրամադրելու համար:

Ծրագրին մասնակից երկրների ներկայացուցիչները երկու տարին մեկ անգամ պարտավոր են, Հյոգոյի գործողությունների ծրագրի շրջանակներում, իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել ԱՌՆ միջազգային ռազմավարության կենտրոնական գրասենյակ: Հատկանշական է, որ տարածաշրջանում առաջին նման հաշվետվությունը ներկայացրել է Հայաստանը:

Սեմինարի ընթացքում խոսվեց նաև իտալական հակակարկտային ցանցերի մասին, որոնք ներկրվել են Հայաստան, առայժմ խաղողի այգիները պաշտպանելու նպատակով: Դրանց մասին առավել մանրամասն պատմեց Մաուրիցիո Բերնարդին.

– Այդ ցանցերը արտադրվում են գյուղատնտեսության համար: Դրանք բերքը պաշտպանում են կարկտից և թռչուններից: Մեր արտադրած հակակարկտային ցանցերը սպառվում են ողջ Եվրոպայում, և միակն են աշխարհում, որ արտադրվում են առաջնային պոլիէթիլենային հումքից և չեն պարունակում թունավոր նյութեր: Դրանք շատ որակյալ են և, ճիշտ օգտագործելու դեպքում, կծառայեն 6-10 տարի:

Ամփոփելով աշխատանքային քննարկումնները` Ն. Գրիգորյանը նշեց, որ ԱԻ նախարարությունը բավական աշխույժ համագործակցություն է ծավալել մեր հանրապետությունում գործող միջազգային կազմակերպությունների հետ:

-Նրանք մեր կողքին են, մենք` նրանց, և մենք միասին պետք է շարունակենք աղետների ռիսկի նվազեցման գործընթացը` ինտեգրվելով բոլոր տեղական և միջազգային ծրագրերին։

 

 

Դիտվել է 1501 անգամ:
Print Friendly

Leave a Reply