ՆԱՄ-ում կայացավ Լիլիթ Մարդիայի մենահամերգը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 18, 2012 19:08

Հուլիսի 17-ին Նարեկացի արվեստի միությունում մենահամերգ էր: Ներկաներին  իր կատարումներով երաժշտության աշխարհ տարավ կիթառահար Լիլիթ  Մարդիյանը:

Համերգային ծրագիրը բավականին հագեցած էր, սակայն Լ. Մարդիյանն իր կատարողական արվեստով կարողացավ մինչեւ վերջ  հանդիսատեսին հաճելիորեն լարված սպասման մեջ պահել:

Ծրագրում հնչեցին Ֆերնանդո Սոր, Խոակին Ռոդրիգո, Ագուստին Բարրիոս-Մանգորե, Ժիրայր Շահրիմանյան, Մանուել Մարիա Պոնսե, Իսահակ Ալբենիս, Ֆրանցիսկո Տառռեգա, Էդուարդ Միրզոյան: Նվագակցեց Լինա Հայրապետյանը /կիթառ/:

Համերգի ընթացքում հնչեց նաեւ պրեմիերա. Լիլիթը նվագեց հայ երիտասարդ կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործություններից: Սա հեղինակի կողմից կիթառի համար գրված առաջին ստեղծագործությունն է.   այն գրվել է դեռեւս 2010 թվականին, սակայն առաջին անգամ երեկ հնչեց:

«Լիլիթին տարիներ է, ինչ ճանաչում եմ: Նա ինձ իր ձայնասկավառակը նվիրեց, որից հետո ես մտա նրա կատարողական աշխարհ, ու մտահղացում առաջացավ նրան իմ ստեղծագործությունը  նվիրել, որը գրված է հենց կիթառի համար»,-ասաց Ժ. Շահրիմանյանը: Նրա խոսքերով հայ կոմպոզիտորների կողմից  կիթառի համար գրված ստեղծագործություններ գրեթե չկան: Այս համերգի ընթացքում էլ  հիմնականում փոխադրումներ հնչեցին:

«Այդ պատճառով էլ  իմ կոլեգաներին նաեւ կոչ եմ անում, որ գրեն կիթառի համար, քանի որ կան Լիլիթի նման կատարողներ: Մյուս անգամ, երբ անդրադառնամ կիթառին, երեւի ինչ-որ գործիքի կոմբինացիայով կանդրադառնամ»,-ասաց կոմպոզիտորը:

Կիթառահար Վահան Դավթյանն էլ, պատմելով համերգից ստացած իր տպավորությունների մասին՝ ասաց, որ ինքը եւ Լիլիթը միասին սովորել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, եւ համեմատելով նախորդ տարիների հետ, հավաստեց, որ Լիլիթի աճն ակնհայտ է:

«Նա նաեւ կարողանում է շատ լավ մատուցել ստեղծագործությունը: Ամեն գործին յուրովի է մոտենում»,- ասաց նա:

Լիլիթի կատարումներով տպավորված էր նաեւ հանդիսատեսը:

«Առաջին անգամ ենք ՆԱՄ-ում: Համերգի մասին իմացանք Ֆեյսբուքի միջոցով: Մենք շատ տպավորված ենք կատարումով: Շատ հաճելի է հայրենիքում գտնվելու ժամանակահատվածում գալ այստեղ ու լսել նման կատարում»,-նշեցին սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներից ոմանք:

Իսկ ահա հանդիսատեսներից Աննան ինքն էլ զարմացած էր, թե ինչպես այդքան երկար ժամանակ չհեռացավ դահլիճից. որոշ ժամանակ էր հարկավոր մինչեւ կհաղթահարեր իրական արվեստի հակազդեցությունը: «Սկզբում մի քիչ դժվար լսեցի, քանի որ կիթառի երեկո ասելով ավելի շատ ֆլամինգո էի պատկերացնում, բայց քիչ-քիչ սկսեցի զգալ այն, ու կեսից արդեն երաժշտությունն ինձ տարավ մի շատ հուզական աշխարհ»,-ասաց նա:

Համերգի վերջում  Լիլիթն իր շնորհակալությունը հայտնեց ՆԱՄ-ին ջերմ ընդունելության համար:

ՆԱՄ նախագահ Նարեկ Հարթունյանն էլ նշեց, որ  խորը հիացմունքով լսեց նրա կատարումները: Նա Լիլիթին ՆԱՄ խորհրդանշական նվերները հանձնեց՝ հայտնելով, որ Նարեկացի արվեստի միությունում միշտ ուրախ են տեսնելու նրա նման տաղանդավոր երիտասարդների:

 

 

Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի միություն

Դիտվել է 1830 անգամ:
Print Friendly

Leave a Reply