Կվերածվի՞ արդյոք 100 մլն-ի ծրագիրը գիտության մատից փուշ հանող նախագծի

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 18, 2012 18:45

Վերջապես մեկնարկել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը:  Դեռ անցած տարի դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը երիտասարդ գիտնականներին աջակցելու համար 100 մլն դրամ էր հատկացրել (բյուջետային նախատեսված հատկացումից բացի): Գումարը տնօրինելու համար ձևավորվեց խորհուրդ, որում ընդգրկված են երեքական ներկայացուցիչներ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունից, ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդից և բուհերի ՈՒԳԸ-ներից: Սակայն ներքին տարաձայնությունների պատճառով երկար ժամանակ ծրագիրը չէր սկսվում:  Հուլիսի 1-ին վերջապես հայտարարվեցին առաջին երկու մրցութային ծրագրերը` գիտական գործուղումների և գիտաժողովների ու սեմինար-դպրոցների կազմակերպման ֆինանսավորման մրցույթները:

Գիտական գործուղումների ծրագիրն ամենամսյա է: Ողջ տարվա ծրագրի համար հատկացվել է 24 մլն դրամ: Ամեն ամսվա վերջում կամփոփվեն ստացված հայտերը և կհայտարարվեն հաղթողները:

Հատկացվելու է մինչև 400 հազար դրամ գումար: Ֆինանսավորում հատկացնելիս, բացի գիտաժողովի  որակից և բանավոր զեկուցման առկայությունից,  հաշվի կառնեն նաև համաֆինանսավորման առկայությունը, այսինքն` այլ աղբյուրներից անհրաժեշտ գումարի մի մասը ստացած դիմողներն առավելություն կունենան: Դիմողների թիվն արդեն իսկ անցել է մեկ տասնյակը:

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհրդի անդամ, ՊԳՖԱ ներկայացուցիչ  Արթուր Մովսիսյանն ասում է, որ սուբյեկտիվության գործոնը հնարավորինս բացառված է. «Պլանավորում ենք ֆինանսավորում ստացած հայտերը տեղադրել համացանցում, որպեսզի բոլորը հասկանան, թե ով ինչի համար գումար ստացավ  և ինչու չստացավ»:

Նախատեսվում է ողջ  գումարը տրամադրել մի քանի ուղղություններով` գիտական գործունեության ֆինանսավորում, գիտական գործուղումների ֆինանսավորում, գիտակազմակերպչական և գիտակրթական աշխատանքների ֆինանսավորում, գիտական մրցանակաբաշխության կազմակերպում և ֆինանսավորում: Գիտնականները, սակայն, աշխատում են նաև այլ ֆինանսական աղբյուրներից գումարներ հայթայթել ծրագիրն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի, Գիտության պետական կոմիտեի հետ. նախատեսվում է ծրագրեր իրականացնել համաֆինանսավորմամբ:

«100 մլն դրամն այն գումարը չէ, որ գիտությունը փրկի, թեկուզ և ամենամյա լինի, բայց ամեն դեպքում դրական միտում է,  և հուսով ենք, որ այն, ձնագնդի պես սարից իջնելով, անընդհատ կմեծանա,- ասում է Մովսիսյանը:- Հասկանում ենք, որ 100 մլն-ը կարելի էր հեշտությամբ արդար բաժանել, բայց որակապես ու մշակույթի առումով բան չէր փոխվի, ուստի և ուզում ենք մասնավոր սեկտորի ներգրավմամբ  գիտության մեջ ներդրումների  տրադիցիան զարգացնել:  Մասնավոր հատվածի ներգրավումը գիտության ֆինանսավորման մեջ աշխարհում ընդունված է, Հայաստանում էլ պետք է կիրառել: Իսկ այժմ Հայաստանում գիտության փոքր ֆինանսավորման բեռն անգամ ամբողջությամբ պետության ուսերին է»:

Ծրագրի խորհրդի անդամ, ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի անդամ Գևորգ Վարդանյանն էլ ասում է. «Հասկանում ենք, որ սա չի փրկելու գիտությունը և չի լուծելու խնդիրները, հասկանում ենք, որ գիտությունը մեծ ֆինանսավորում է պահանջում: Բայց սա խթան է, որ երիտասարդներն ավելի ոգևորվեն, որ տեսնեն` պետության կողմից կա ուշադրություն երիտասարդ գիտնականի նկատմամբ:  Այն նաև կնպաստի, որ գիտնականների միջև առողջ մրցակցություն տեղի ունենա: Սա նաև կոչ է մյուս նմանատիպ կազմակերպություններին, որոնք  կարող են ֆինանսավորել գիտությանը, որ իրենք էլ սկսեն ներդրումներ կատարել գիտության մեջ»:

Ծրագրի խորհրդի խորհրդատուների անդամ, ԳԱԱ թղթակից անդամ  Արթուր Իշխանյանն էլ նշում է, որ 100 մլն-ն այնքան փոքր գումար է, որ անգամ ծիծաղելի է դրա մասին այսքան խոսելը. «100 մլն-ն անսահման փոքր գումար է:  Այն  ինքնին էական փոփոխություններ չի կարող մտցնել, երբ անհրաժեշտ են միլիարդներ»: Բայց միաժամանակ, ըստ Իշխանյանի, այս ծրագիրն իր հետ մի շարք նորարարություններ կբերի. կարող է ի ցույց դնել, որ հարգվում է միջազգային ազդեցության գործակից ասվածը, որ կարևոր է միջազգային հղման ինդեքսը, ևս մեկ անգամ ցույց տալ, որ չնայած ունենք  իրավաբանության  և տնտեսագիտության 1500 թեկնածուներ, բայց հայաստանյան գիտության դեմքը ֆիզիկան է:

Այսպիսով, սկիզբ է դրվում նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությանը: Իշխանյանն ասում է, որ հանրապետության նախագահի կոչին ընդառաջ մասնավոր հատվածը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել գիտության նկատմամբ. «Տարբեր հիմնադրամների հետ ենք աշխատել և աշխատում, սակայն «Տաշիր» հիմնադրամի դեպքում ունենք առանձնահատուկ ըմբռնողություն»:

Չնայած ծրագրի մեկնարկին` այն հարցի պատասխանը, թե  որքանով են հարթված նախկինում առկա տարաձայնությունները, միանշանակ չէ: Խորհրդի նիստերը ձայնագրվելու են և տեղադրվելու Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված խմբում` գործունեության թափանցիկությունն ապահովելու համար:

Անդամների ռոտացիայի առումով, սակայն, վերջնական հստակ համաձայնության չեն հասել. ռոտացիայի իրականացումը թողնվել է անդամների հայեցողությանը: ՊԳՖԱ-ն արդեն իսկ երկու անդամի ռոտացիա է իրականացրել, մեկինն էլ` ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը:

Որոշումների առումով էլ համաձայնել են, որ դրանք պետք է կայացվեն կոնսենսուսով. «երբ նպատակը նույնն է, դրան հասնելու ճանապարհների հարցում միշտ էլ կարելի է կոնսենսուսի գալ»:

Մնում է, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվի, և արդյունքում գումարն այնքան բազմապատկվի, որ իսկապես հնարավոր լինի գիտության ոլորտում դրանով որևէ խնդիր լուծել:

Դիտվել է 2571 անգամ:
Print Friendly

Leave a Reply