Ջավախքցիների հիմնական խնդիրը անհամախմբվածության մեջ է. Հայկ Սանոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 18, 2012 16:35
ԱԺ նախկին պատգամավոր, ծնունդով ջավախքցի Հայ Սանոսյանը կարծում է, որ ջավախքցիները համախմբված չեն, դրանից էլ գալիս են հիմնական խնդիրները. “Ջավախցիների հիմնական խնդիրն անհամախմբվածության մեջ է, թե՛ Հայաստանում, թե՛ Ջավախքում, թե՛ այլ պետություններում ջավախցիները համախմբված չեն”:
Ըստ նրա` այսօր Ջավախքում բազում խնդիրներ կան, որոնք ժամանկի ընթացքում կամաց-կամավ լուծվում են, պարզապես, բանախոսը կարծում է, որ պետք է այդ խնդիրներին լուծումներ տալ` դրանց ճիշտ մոտեցում ցուցաբերելով:
Սանոսյանի գնահատմամբ ինքը գործի մարդ է և միայն խոսելով չի որ փորձում է առկա խնդիրներին լուծումներ գտնել: Ըստ նրա` միայն վրացական իշխանություններին քննադատելով ու բողոքելով հարցը չես լուծի, քանի որ մենք պետական ապարատի հետ գործ ունենք ու պետք է շատ զգույշ ու նուրբ մոտենանք այս հարցին: Այս պատճառով էլ անձամբ ինքը` Սանոսյանն իր եղբոր ու որդիների հետ միասին արդեն 700 աշխատատեղ է ստեղծել Ջավախքում` հիմնելով հացի փուռ և զբաղվելով գազաֆիկացման աշխատանքներով:
Սանոսյանի փոխանցմամբ, Ջավախքցի և Հայաստանից այլ գործածարներ ևս ներդրումներ են կատարել Ջավախքում: Օրինակ` գյումրեցի Սամվել Բալասանյանը գարեջրի գործարան է հիմնել այնտեղ, մեկ ուրիշն էլ` կարի ֆաբրիկա:
“Եղբայրս Ռուսաստանում խոշոր բիզնեսներ ուներ, բայց թողեց այդ ամենն ու վերադարձավ Ջավախք, որտեղ նա 10 մլն դոլարի ներդրում է կատարել, ու հիմա բազմաթիվ ընտանիքներ այդ ամենի շնորհիվ մնացել են իրենց հողում և աշխատում են”,-ասաց բանախոսը:
Նախկին պատգամավորը նշեց, որ ինքն աշխատում է ավելի շատ գործել, քան աղաղակել գոյություն ունեցող խնդիրների մասին ու կոնկրետ բան չանել. “Շատ բաներ կա, որ ես արել ու անում եմ, բայց այդ մասին չեմ խոսում ու բարձրաձայնում: Իմ շնորհիվ Սաթխա գյուղում 1918 թվականի հերոսամարտին նվիրված միջոցառում է կազմակերպվել, որտեղ վրացական իշխանությունները մեդալներ ու շքանշաններ են հանձնել հայերին: Ես նաև փակել եմ տվել Թուքրիայից կարտոֆիլի ներմուծման ճանապարհը, որի արդյունքում ջավախքցի գյուղացին կարողացել է թանկ գնով վաճառել իր բերքը”,- “Անկախ”-ի հետ առանձնազրույցում անկեղծացավ ջավախքցի հայրենասեր գործարարը:
Ամեն դեպքում, Սանոսյանը, ռեալ գնահատելով Ջավախքում առկա հիմնախնդիրները, դրանց լուծման դժվարություններն ու վրացական իշխանությունների կողմից իրականացվող որոշակի ճնշումները, լավատես է և գտնում, որ ցանկացածն էլ, ով ձգտում ունի և կարող է աշխատել, պետք է մնա Ջավախքում, արարի, ստեղծի ու այդպիսով պայքարի իր իր հողի ու ազգային արժեքների համար:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
