Սերգեյ Գալոյանը փորձում է “օրենքով գողերի” միջոցով հետ բերել հայտնի նկարչի գողացված կտավները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 18, 2012 15:51
Անհետացել են հայազգի հայտնի նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի բարձրարժեք նկարները: Այս գործի առնչությամբ “Հրապարակ” օրաթերն իր 2012 թ. հունիսի 8-ի համարում տպագրել էր մի նյութ, որում ասվում էր, որ հայտնվել է ինչ-որ երիտասարդ՝ Վարուժան անունով, ով պնդում է, թե գողացված նկարներն իր մոտ են, իսկ ինքը Մոսկվայում է:
Անդրադառնալով այս դեպքին` հետքննող-լչագրող, բազմաթիվ քրեկան աշխարհին ու քրեական հեղինակություններին վերաբերող գրքերի հեղինակ Սերգեյ Գալոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը զարմացած է, թե ինչու այդ փաստն ոչ ոքի կողմից մինչ այժմ ուշադրության չի արժանացել, և ոչ մի քայլ չի ձեռնարկվում՝ գտնելու համար երիտասարդին, որպեսզի վերջինս վերադարձնի Բաժբեուկ-Մելիքյանի կտավները:
Հրապարակ օրաթերթում տպագրված հոդվածի բովանդակությունը հետևյալն էր. “Գործը վաղուց փակված է և գտնվում է Դատական դեպարտամենտի արխիվում: Այն լսվել եւ ավարտվել է 2003 թվականին: Գործով երկու հոգի դատապարտվել են ազատազրկման. Հրայր Վանյանը` որպես գողություն կատարող, եւ Վարուժան Գևորգյանը` որպես գողոնը թաքցնող: Սակայն նկարների գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է: Մենք հազիվ թե անդրադառնայինք այս պատմությանը, եթե օրերս անսպասելի ահազանգ չստանայինք Վարուժան Գևորգյանից, որը ներկայումս բնակվում է Մոսկվայում: Նա կապ հաստատեց «Հրապարակի» խմբագրության հետ՝ պնդելով, որ կտավներն իր մոտ են: Ավելին՝ էլեկտրոնային նամակի միջոցով նա խոստովանում է, որ կտավների մի մասն իր մոտ է, մյուս մասն էլ՝ ՔԿՎ վարչության նախկին պաշտոնյաների, որոնք ժամանակին որոշակի «փոխհատուցման» դիմաց իրեն թույլ են տվել ազատազրկման ժամկետը տանն անցկացնել, իսկ հետագայում էլ ուղղակի «կթել» են իրեն, նեղել բոլոր կողմերից՝ պահանջելով Բաժբեուկ-Մելիքյանի կտավները…”:
Այս կապակցությամբ Ս. Գալոյանը բաց նամակ է հղել Հայաստանում, Մոսկվայում, առհասարակ՝ ողջ աշխարհում ապրող հայ գործարարներին ու կոլեկցիոներներին, «օրենքով գողերին» և քրեական հեղինակություններին, արտիստներին ու քաղաքականությամբ զբաղվողներին՝ օգնելու Վարուժանին, որպեսզի նա Երևան բերի Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գողացված կտավները:
Ըստ Գալոյանի նամակում գրված վերջաբանի` եթե հեղինակի ցանկությունն իրականանա և ամեն ինջ հաջողությամբ պսակվի, մենք կփրկենք հայ մշակույթի մի ընտիր ադամանդ, նաև չեք թողնի, որ այս մարդը՝ Վարուժանը, և նրա սերունդը անեծքի տակ ընկնեն, որովհետև նա չգիտե, թե ինչ է արել…
Վահե Մակարյան





Facebook
Tweet This