Ջավախքում հայերենին պետք է երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ. Հայկ Սանոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 18, 2012 17:53

“Ջավախքում խնդիրներ միշտ եղել են ու կան, որովհետև բնական է`Հայաստանն ու Վրաստանը հարևան երկրներ են ու  հարևանների միջև հիմնախնդիրներ առկա են, և այդ խնդիրների լուծումը միջգերատեսչական հարաբերությունների միջոցով որոշ չափով տրվում են”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ նախկին պատգամավոր, ծնունդով ջավախքցի Հայկ Սանոսյանը:

Նա կարծում է, որ Ջավախքում այսօր ավելի շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել, քան բացասական:

Ըստ նրա` ամենամեծ դրական փոփոխություններից մեկը Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին կարգավիճակի շնորհումն է, որով թեմն ստացել է բազմաթիվ իրավասություններ:

Սանոսյանն, իհարկե, չի ժխտում, որ Ջավախքում կա արտագաղթ և հայերով բնակեցված այս տարածաշրջանը լայն թափով հայաթափվում է, սակայն դրա լուծումւ նա գտնում է հայ-վրացական միջպետական ճիշտ հարաբերությունների, ինչպես նաև Ջավախքում ամեն գնով մնալու և աշխատատեղեր ստեղծելու մեջ, ինչն էլ նա իր ընտանիքով անում է:

Այն, որ քաղաքական ճնշումներ կան Ջավախքում վրացական իշանությունների կողմից, բանախոսը ևս համամիտ է այդ կարծիքին, բայց նաև դա նորմալ է համարում` նկատելով, որ Վրաստանը պետություն է, և ցանկացած պետության ներսում էլ կարող են լինել քաղաքական ճնշումներ ու հետապնդումներ, հատկապես` ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Սակայն, ջավախահայերը, ըստ նրա, ավելի շատ իշխանության կողմն են, քան ընդդիմության:

Սանոսյանը ևս Սահակաշվիլու իշխանության կողմնակիցն է  և կարծում է, որ գալիք նախագահական ընտրություններում Վանո Մերաբիշվիլին կդառնա Վրաստանի նախագահ, իսկ Սահակաշվիլին` վարչապետ:

Անդրադառնալով Վահագն Չախալյանի բանտարկությանը` Հ. Սանոսյանն ասաց, որ ինքը ցավում է նրա համար և փորձել է հանդիպել Վ. Չախալյանին, սակայն չի հաջողվել, քանի որ վրացական իշխանությունները հայ ակտիվիստին խիստ ռեժիմի տակ են պահում:

Ինչ վերաբերում է Ջավախքում առկա լեզվի խնդրին, Սանոսյանն ասաց, որ լավ կլիներ` Ջավախքում հայերեն լեզվին տրվեր երկրորդ պետական լեզվի կարգավիճակ:

Նա նաև կարծում է, որ ջավախահայերի կողմից Վրաստանի պետական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու և այդպիսով խնդրիներին լուծումներ  գտնելու համար պետք է, որ այնտեղի հայերը նախ լավ տիրապետեն վրացերեն լեզվին. “Լավ կլինի, որ մեր ազգաբնակչությունը իմանա վրացերեն, որպեսզի ինտեգրվեն այդ երկրի հասարակական, քաղաքական գործընթացներին: Սակայն Ջավախքը վրացերենով դասավանդող ուսուցիչների պակաս ունի: Ոչ մի վրացի ուսուցիչ չի ցանկանա գնալ Ջավախք ու աշխատել”:

“Անկախ”-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը հայ-վրացական հարաբերություններում ու նրա իրականացրած աշխատանքները Ջավախքի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ԱԺ նախկին պատգամավորն ասաց, որ հաստատ ոչ դրական, և ինքը բազմիցս քննադատել է այդ հարցում հայկական իշխանություններին` այս հարցում ոչ պատշաճ ու արդյունավետ քաղաքականություն տանելու համար:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply