Թալինի քաղաքապետի երկու թեկնածուներ, այդ թվում ՀՀԿ-ի կողմից առաջադրվածը, ինքնաբացարկ են հայտնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 17, 2012 23:57Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի օգոստոսի 5-ի արտահերթ ընտրություններում առաջադրված 8 թեկնածուներից 2-ը` ՀՀԿ-ի կողմից առաջադրված, նույն կուսակցության անդամ Ժորա Գրիգորյանը և ինքնաառաջադրված, անկուսակցական Գևորգ Եսայանը, հուլիսի 17-ին, մինչև գրանցումը, ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց թ.15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը:
ԸԸՀ-ի նույն օրվա որոշմամբ, քաղաքապետի թեկնածուներ են գրանցվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյանը և ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը, անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը, Տիգրան Հարությունյանը, Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանը:
Ավագանու անդամի թեկնածուներ են գրանցվել 32 առաջադրվածները, ովքեր կպայքարեն ավագանու 11 տեղերի համար:
Նշենք, որ համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
Նշենք նաև, որ Թալինի նախկին քաղաքապետ, հանրապետական Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` Ազգային ժողովի թ.15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
