Գյումրու քաղաքացիական հասարակության հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 17, 2012 18:30

Գյումրու Շահումյան փողոցի 188 շենքի հարեւանությամբ

նախատեսվող աշխատանքների եւ ներկայացվող նախագծի վերաբերյալ գյումրեցիները հայտարարություն են տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

17-ը հուլիսի, 2012թ.

Սույն հայտարարությունը կազմվել եւ ստորագրվել է Գյումրիում գործող «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության մի շարք անդամների, շահագրգիռ քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների փոխադարձ համաձայնությամբ:

Գյումրու կանաչ տարածքների ոչնչացման հաշվին քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը, արդեն տասը տարուց ավելի, եղել եւ մնում է Գյումրու ներկայիս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող անհեթեթ, քաղաքային միջավայրն աղճատող, եւ ամենաանհիմն քաղաքականությունը մեր համայնքի նկատմամբ:

Շարունակելով խախտել քաղաքաշինական եւ բնապահպանական բազմաթիվ նորմեր, քաղաքային իշխանություններն, ըստ էության թքած ունեն հողային օրենսգրքի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի ու գոտիավորման նախագծի պահանջների եւ Գյումրի քաղաքում ձեւավորված հասարակական կարծիքի վրա:

Քաղաքաշինության ոլորտում Գյումրու ՏԻՄ-ի վարած քաղաքականության ցայտուն օրինակներից են.

  • Վարդանանց հրապարակը (նախկին Ազատության, Կենտրոնական, Օգոստոսի 23-ի), որը ըստ գոտիավորման նախագծի նախատեսված էր որպես կանաչ հրապարակ, 2008թ. պատվեց քարե գորգով եւ դա քաղաքային բյուջեից խլեց 182 մլն դրամ (կես միլիոն դոլար):
  • Չերազի եւ Սպանդարյան փողոցները հրապարակին հարող հատվածում իրար միացնող մոտ 80 մ ճանապարհահատվածի կառուցման համար ծախսվեց 52 մլն դրամ եւ հատվեց ավելի քան 40 ծառ եւ թուփ:

Գյումրիում այսպիսի օրինակները բազմաթիվ են, բայց բավարարվենք այսքանով:

Այսօր նախատեսվում է կյանքի կոչել մեկ այլ հանցավոր նախագիծ. կառուցապատել Վարդանանց հրապարակի եւ Շահումյան 188 շենքի միջեւ գտնվող տարածքը, որը ընդամենը չորս տարի առաջ պատված էր ծառերով, բայց Գյումրու քաղաքապետարանի համառ ջանքերով եւ նպատակային գործողությունների արդյունքում ծառազրկվեց եւ վերածվեց ոչ պաշտոնական «աղբապատ ավտոկայանատեղիի»:

Գյումրու քաղաքացիական հասարակության պահանջով եւ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011թ. ապրիլի 14-ի թիվ 52 հրամանով կազմվեց աշխատանքային խումբ, որը ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պետի գլխավորությամբ այցելեց Գյումրի անցկացրեց ուսումնասիրություն եւ քննարկում ունեցավ հասարակության ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրության եւ քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը կազմեց եւ հրապարակեց իր եզրակացությունը, որի 3-րդ կետում մասնավորապես նշվում է.

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց Շահումյան 188 շենքի դեպի Վարդանանց հրապարակը նայող ճակատը ձեւավորել Գյումրի քաղաքին հարիր խճանկարով (կամ տալ այլ լուծում), իսկ կից տարածքը կանաչապատել:»

Արդեն երկու տարի էլ քաղաքի հասարակական կազմակերպությունները դիմել են քաղաքապետին այդ տարածքը կանաչապատելու թույլտվություն ստանալու խնդրանքով, բայց անհասկանալի պատճառներով մերժում են ստացել: Հիմա պարզ է դառնում, թե ինչու:

Բանն այն է, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, իբր թե Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու վեհ նպատակով, ուզում է այդ տարածքում բանկային շենք կառուցել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, քաղաքային իշխանությունները, այդ իրավունքը չունենալով, արդեն օտարել են տվյալ տարածքը եւ հիմա կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխության մասին հանրության իրազեկման, քաղաքաշինական ծրագրի եւ նախագծերի քննարկման ու որոշումների կայացմանը հասարակայնության մասնակցության ապահովման կեղծ նպատակով իրականացնում են հանրային քննարկում, որն ի սկզբանե կրում է ձեւական բնույթ եւ չի կարող համարվել օրինական հանրային քննարկում:

Տարբեր պաշտոնյաներ, արդեն սկսել են հանրային այս տարածքի զավթումը ներկայացնել որպես աննկարագրելի մի բարեգործության օժանդակություն. թե աշխատատեղեր են ստեղծվելու այստեղ: Նման ծիծաղելի արդարացումների վերջը հարկավոր է տալ: Միամտություն է շահույթ հետապնդող հիմնարկներին, մասնավորաբար բանկերին վերաբերվել որպես Գյումրիում գործազրկությունը նվազեցնելու երազանքով տապակվող ու աշխատատեղ ստեղծելու բաղձանք ունեցող բարեգործական հիմնարկների, հարկավոր է նրանց վերաբերվել` որպես շահույթ հետապնդող հիմնարկների, որոնք չեն կարող շահույթն ունենալ առանց աշխատատեղեր բացելու, եւ այլեւս անհեթեթ ծիծաղելի հիմնավորումներով չհամարձակվել հանրային տարածքները զոհաբերել դրանց: Եթե ինչ-որ բանկ ուզում է մասնաճյուղ բացել Գյումրիում, վերջ ի վերջո կբացի, մենք չենք ուզում հեքիաթներ լսել այն մասին, թե միայն այդ տարածքի դեպքում է, որ բանկը կկամենա մասնաճյուղ ունենալ այստեղ: Տեղական իշխանությունները թող օժանդակեն բանկին` տարածքներ հատկացնելով ոչ կանաչ գոտիներում: Թույլ չենք տալու, որ դա տեղի ունենա մեր հանրային տարածքների հաշվին:

Ենելով ստեղծված իրավիճակից «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության մի շարք անդամներս, այս հարցում համախոհ քաղաքացիներս, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս գտնում ենք, որ բացարձակ անթույլատրելի է կանաչ տարածքների ոչնչացման հաշվին կառուցապատում իրականացնելու ՏԻՄ-ի գործելակերպը եւ Գյումրու Շահումյան փողոցի 188 շենքի հարեւանությամբ նախատեսվող աշխատանքների եւ ներկայացվող նախագծի վերաբերյալ, համապատասխան պետական եւ տեղական իշխանություններին առաջարկում ենք հետեւյալը.

  1. Հրաժարվել Շահումյան փողոցի 188 շենքի եւ Վարդանանց հրապարակի միջեւ գտնվող տարածքը (նախկին կանաչապատ տարածքը) կառուցապատելու մտքից,
  2. Տարածքին վերադարձնել հասարակական կանաչ տարածքի իր նախկին կարգավիճակը, այս տարվա ընթացքում կանաչապատել ու բարեկարգել, կամ նույն նպատակով օրենքով սահմանված կարգով տրամադրել Գյումրու բնապահպանական ոլորտի հասարակական կազմակերպություններին` պահպանելով տվյալ տարածքի համայնքային պատկանելությունը:
  3. Շահումյան 188 շենքի դեպի Վարդանանց հրապարակին նայող ճակատը ձեւավորել Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական միջավայրին հարիր խճանկարով կամ տալ ճարտարապետական այլ խելամիտ լուծում:
  4. Դադարեցնել ՏԻՄ-ի կողմից արդեն մեկ տասնամյակից ավելի վարվող այն հակահասարակական քաղաքականությունը, որով Գյումրի քաղաքի պատմական կենտրոնը կառուցապատվում է կանաչ տարածքների ոչնչացման հաշվին:
  5. Պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր առանց օրինական հանրային լսման, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, որոշում են կայացրել Շահումյան փողոցի 188 շենքի հյուսիսային կողին հարող տարածքի օտարման վերաբերյալ:

Լուսանկարում նույն տարածքը` 4 տարի առաջ եւ maps.google.com լուսանկարի վրա արված տարածքի գծագիրը եւ ոչնչացված կանաչ տարածքն ամբողջությամբ:

 

N

Անուն Ազգանուն

Կազմակերպություն, աշխատավայր

Ստորագրություն

  1. 1.
Գեւորգ Պետրոսյան «Բիոսոֆիա» ՀԿ
  1. 2.
Լեւոն Բարսեղյան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
  1. 3.
Վահան Թումասյան «Շիրակ կենտրոն» ՀԿ
  1. 4.
Անահիտ Մարգարյան «Մենք Պլյուս» սոցիալական ՀԿ
  1. 5.
Արտուշ Մկրտչյան Գյումրու զարգացման հիմնադրամ
  1. 6.
Նադեժդա Հակոբյան «Կրթության Ասպարեզ» ՀԿ
  1. 7.
Լեւոն Մարտիրոսյան «Գեոֆոն» ՀԿ
  1. 8.
Հասմիկ Մխիթարյան «Գյումրու առաջընթաց» ՀԿ
  1. 9.
Ռաֆայել Մխիթարյան «Երրորդ բնություն» ՀԿ
Արա Սուքիասյան «ԵՀԱԿ» ՀԿ
Մարզպետունի Զադոյան “Համայնքային նախաձեռնությունների և քարոզչությունների կենտրոն” ՀԿ
Ալլա Խաչատրյան «Արաքս կենտրոն» ԲՀԿ
Սոնյա Սարգսյան «Նոր հայացք» ՔՀԿ ՀԿ
Խաչիկ Սահակյան «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ
Սվետլանա Մկրտչյան YWCA Գյումրի  «Ֆլորա» ՀԿ
Արտաշես Բոյաջյան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս
Կարինե Պետրոսյան ԳՊՄԻ Էկոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանակն գիտ թեկն.,դոցենտ
Կարինե Մկրտչյան Գործարար
Կարեն Տերտերյան Երիտասարդական ոլորտի աշխատող
Շուշան Վարդանյան Քաղաքացիական լրագրող
Ղարիբ Հարությունյան Տնտեսագետ
Աննա Եղոյան ՀՀ քաղաքացի
Վազգեն Մարտիրոսյան Քաղաքացիական լրագրող
Արտակ Բաղդասարյան Գյումրեցի
Արտուշ Եղիազարյան Գյումրեցի
Արսեն Վարդանյան Քաղաքացիական լրագրող
Լուիզա Պետրոսյան ՀՀ քաղաքացի
Տաթեւ Խաչատրյան Ուսանողուհի
Գագիկ Ներսիսյան Տպագրիչ
Գայանե Շագոյան ՀՀ քաղաքացի

 

 

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply