Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 17, 2012 18:14

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ թեկնածուի վերաբերյալ «կեղծ ու սուտ» տեղեկություններ են տարածվել:

«Այսօր ավարտվում է Արցախի նախագահի ընտրությունների քարոզարշավը: Մենք հարկ ենք համարում անդրադառնալ քարոզարշավի ընթացքում Վիտալի Բալասանյանի անձի դեմ ուղղված անհիմն տեղեկությունների տարածմանը և թեկնածուի վարկաբեկման փորձերին:

Գործող նախագահի նախընտրական շտաբի պետը ընտրողների հետ իր հանդիպումներում Բալասանյանի վերաբերյալ տարածել է կեղծ լուրեր և զրպարտություններ, որոնք վկայում են թեկնածու Սահակյանի թիմում առկա խուճապի մասին: Նույն մարտավարությունը շարունակվել է նաև սոցիալական ցանցերում և որոշ մարգինալ լրատվամիջոցներում:
Մենք դատապարտում ենք նաև Բակո Սահակյանի նկարների զանգվածային պատռելու դեպքերը, ինչպես նաև նրա ծաղրանկարների տարածումը Ստեփանակերտի տարբեր շենքերում: Նման արարքները վայել չեն մեր ժողովրդին և չեն նպաստում քաղաքական մշակույթի ձևավորմանը:

Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը վստահեցնում է, որ քարոզարշավի ընթացքում Բալասանյանը և նրա կողմնակիցները վարել են կոռեկտ և օրինական քարոզարշավ` ներկայացնելով նախընտրական ծրագիրը, քննադատելով առկա քաղաքականությունը և առաջարկելով փոփոխություններ:
Ցավով փաստում ենք, որ մրցակից թիմը ոչ մի փաստարկ չկարողացավ բերել մեր քննադատություններին` անցնելով վիրավորանքի և ապատեղեկատվության:
Այսօր վերջանում է նախընտրական քարոզարշավը և մենք համոզված ենք, որ Արցախի իմաստուն ժողովուրդը այս ընթացքում կարողացել է տարբերակել ապատեղեկատվությունը իրականությունից և կանի խոհեմ ընտրությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Նախորդող հրապարակում`
Արցախում քարոզարշավի վերջին օրն է. Ընտրողների թիվը հստակ է

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply