Մինչև 7 տարեկան բոլոր երեխաները հեռատես են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 17, 2012 15:04

Այսօր մանկական ակնաբուժության մեջ առավել տարածված են հիմնականում կարճատեսությունը  և տարբեր տեսակի օպտիկական շեղումները, որոնք կարող են դրսևորվել հենց նախադպրոցական տարիքից:

Այս մասի այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ու աչքի հիվանդությունների մասին որոշ պարզաբանութմներ ներկայացրեց Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի ակնաբույժ Ռուզաննա Հարությունյանը:

Բոլոր երեխաները մինչև 7 տարեկան հասակում հեռատես են, հետո այդ հեռատեսությունը տարիների ընթացքում պակասում է, և արդեն 8-9 տարեկան երեխաներն ունենում են աչքի զրոյական օպտիկա` ոչ հեռատես են, ոչ` կարճատես: Իսկ այն երեխաները, որոնց մոտ վաղ տարիքից նկատվում է կարճատեսություն, դա արդեն լուրջ ուշադրություն է պահանջում”,- ասաց բանախոսն ու ավելացրեց, որ այսօր գիտությունն այնքան է զարգացել, որ հնարավոր է վաղ տարիքում առաջացած կարճատեսությունը բուժել 20-22  տարեկանում` լազերային կորեկցիայի միջոցով:

Բժշկուհին նաև նշեց, որ խորհուրդ չի տրվում մանկահասակ երեխաներին նստեցնել համակարգչի առաջ կամ պառկեցնել հեռուստացույցի դիմաց 2-3 ժամ. “Երեխան պետք է նախ նստած դիրքով լինի հեռուստացույցի դիմաց և պահպանի 3-4 մետր հեռավորությունը”:

Նա նաև խորհուրդ չի տալիս 2-3 ժամ անընդմեջ զբաղվել ընթերցանությամբ և կարևորում է հատկապես կարդալու դիրքը` սխալ համարելով մեջքի կամ փորի վրա պառկած կամ կռացած կարդալը: Այս ամենը կարող են հանգեցնել աչքի օպտիկայի շեղմանն ու աչքի տարբեր հիվանդությունների առաջացմանը: Սակայն, բժշկուհին նշեց, որ համակարգչի ու հեռուստացույցի էկրանի ճառագայթների բացասական ազդեցությունը երեխաների ու նաև մեծահասակների տեսողության վրա բնականաբար ավելի շատ է, քան ընթերցանության հասցրած վնասները:

Համակարգչի առաջ երկար նստելուց բացի տեսողական խանգարումներից կարող են առաջանալ նաև այլ հիվանդություններ, մասնավորապես` նյարդային համակարգի խանգարումներ: Բացի այդ, համակարգչի առաջ նստած մարդը աչքերը ինքնըստինքյան չի թարթում, որն էլ հանգեցնում է աչքի եղջերաթաղանթի չորացման: Ուստի, բժշկուհին խորհուրդ է տալիս երկար ժամանակ համակարգչի առաջ անցկացնողներին ժամանակ առ ժամանակ ընդմիջեն իրենց աշխատանքը, կտրվեն էկրանից ու աչքի խոնավացնող կաթիլներ կաթեցնեն` չորացումից խուսափելու համար:

Վահե Մակարյան

Դիտվել է 2949 անգամ:
Print Friendly

Leave a Reply