Նորից զորակոչի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 17, 2012 14:56

Գաղտնիք չէ, որ հանրապետությունում զորակոչի թեման շատ ցավոտ է՝ չարաշահումներ, յուրացումներ, կաշառք և այլն: Այս կծիկը թվում է անվերջանալի, ծնողն ուզում է իր երեխային ազատել բանակից կամ տաքուկ տեղ ապահովել, իսկ ավելնորդ գումարից քչերն են հրաժարվում: Այսինքն՝ ինչպես շատ դեպքերում, այնպես էլ այստեղ կա երկկողմանի շահագրգռվածություն խախտել օրենքը:

Չնայած դրան, զորակոչի աշխատանքները տարեցտարի զգալիորեն բարելավվում են ի շնորհիվ պաշտպանության նախարարության և անձամբ Սեյրան Օհանյանի հետևողական աշխատանքի: Պաշտպանության նախարարն անցած ամիս, այցելելով ՊՆ կենտրոնական հավաքակայան, նշել էր, որ իր կողմից խիստ հրահանգներ են տրվել զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու համար` հավելելով, որ զորակոչի անցկացման գործընթացում տարեցտարի արձանագրվում են շոշափելի արդյունքներ: Նախարարի վերահսկողությամբ օր օրի զորակոչի աշխատանքները իրականացվում են առավել արդյունավետ և բարձր մակարդակով, չեզոքացվել են մինչ այս ի հայտ եկած բացասական երևույթները, պահպանվում է արդարության և հավասարության սկզբունքը: 2012թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննարկելու համար ստեղծված հանձնաժողովի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի փոխանցմամբ` գարնանային զորակոչի ընթացքում հանձնաժողովն առ այսօր ստացել է 55 դիմում, որը, նախորդ զորակոչերի համամատությամբ, ամենաբարձր թիվն է: Մանրամասն հարցազրույցում.

Ե՞րբ ստեղծվեց հանձնաժողովը, ի՞նչ նպատակ է այն հետապնդում և ի՞նչ մեխանիզմներով էին քաղաքացիներն իրենց մտահոգությունները ներկայացնում պատկան մարմիններին մինչ հանձնաժողովի ստեղծումը:

– Սա մի նախաձեռնություն էր, որով հասարակական խորհուրդը հանդես եկավ 2009թ. աշնանային զորակոչից առաջ: Մինչ այդ բողոքարկման ավանդական մեխանիզմներ էին գործում. քաղաքացիները դիմում էին պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին կամ հանրապետության զինկոմին, ինչու չէ նաև օգտվում էին այլ օղակներից: Դրանք հիմա էլ կան, բայց հանձնաժողովի ստեղծմամբ ի հայտ եկավ լրացուցիչ հնարավորություն` բողոքարկման մեխանիզմները զարգացնելու, ինչպես նաև զորակոչային գործընթացում հասարակական վերահսկողություն իրականացնելու համար: Հանձնաժողովի անդամների գերակշիռ մասը հասարակական խորհրդի անդամներն են, մնացածը` իրավասու մարմինների համապատասխան մասնագետներ: Հանձնաժողովի նպատակը մեկն է` նպաստել զորակոչի գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մթնոլորտի բարձրացմանը, զորակոչի գործընթացում օրինականության և արդարության սկզբունքների ապահովմանը: Այս 6 զորակոչերի ընթացքում հանձնաժողովը զգալի աշխատանք է կատարել: Ընհանուր առմամբ, մենք ստացել ենք 265 դիմում-բողոքներ:

Քանի՞ դիմում-բողոքներ եք ստացել այս զորակոչի ընթացքում:

– Այս պահի դրությամբ մենք ստացել ենք 55 դիմում, սա ամենաբարձր թիվն է` համեմատած բոլոր նախորդ զորակոչերի հետ:

Ի՞նչ բնույթի խնդիրներ են արծարծվում այդ դիմում-բողոքներում:

– Հիմնականում առողջական բնույթի: Եթե խոսենք թվերով, ապա ստացված դիմում-բողոքներից 44-ը առողջական բնույթի են, 4-ը` իրավական, մյուսները` ծառայության վայրի հետ կապված: Զորակոչիկների առողջության հետ կապված հարցերը առավել խնդրահարույց և բողոքի տեղիք տվող հարցեր են, որովհետև այստեղ զուգորդվում է մի կողմից ծնողի սուբյեկտիվ ընկալումն` իր որդու առողջության վերաբերյալ, մյուս կողմից բժշկական հետազոտությունների մեջ որոշակի խնդիրներ են նկատվում: Նշեմ, որ դիմումները քննարկվում են բացառապես զորակոչիկների և նրանց հարազատների մասնակցությամբ, ԶԼՄ-ները նույնպես կարող են ներկա գտնվել հանձնաժողովի նիստերին:

Դուք նշեցիք, որ այս զորակոչը դեռևս չավարտված համեմատական սանդղակում վերցնելիս քաղաքացիների դիմում-բողոքների թվի աճ է գրանցել, ինչի՞ հետ է դա կապված:

– Դա կապված է հասարակության ավելի շահագրգիռ մոտեցման, հանձնաժողովի մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև մեր գործունեության նկատմամբ հասարակության շրջանում ձևավորված վստահության հետ: Բացի այդ, սա մատչելի և գործուն հնարավորություն է` դիմելու և հուզող հարցերի լուծում ստանալու համար:

Մեկ ամիս առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր ՊՆ կենտրոնական հավաքակայան և այնտեղ նշել, որ իր կողմից խիստ հրահանգներ են տրվել զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու համար` հավելելով, որ զորակոչի անցկացման գործընթացում տարեցտարի ԶՈՒ-ն ունենում է շոշափելի արդյունքներ: Այս խոսքերը միգուցե որոշ մարդկանց կողմից թերհավատությամբ ընդունվեին, սակայն հետևելով զորակոչի ընթացքին՝ համոզվում ենք նախարարի վճռականության մեջ: Անձամբ ես ծանոթներ ունեմ, որոնց նույնիսկ ձեռքի քերծվածքի, ջերմության համար զննման ուղեգիր են տվել և ամենայն ուշիմությամբ հետազոտել: Մյուս կողմից հասարակության մեջ խոսակցություններ կան, որ այս զորակոչն ամբողջությամբ վերահսկվում է: Որպես  պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ ի՞նչ կարծիք կհայտնեք այս առնչությամբ:

– Այն որ զորակոչը խիստ վերահսկվում է, ամբողջովին համապատասխանում է իրականությանը: Դա զգացվում է հատկապես կենտրոնական հավաքակայանում իրականացված բաշխման գործընթացում: Այն  քաղաքացիները, ովքեր փորձել են ինչ-ինչ ճանապարհներով հարմար զորամասեր ուղարկել իրենց որդիներին, վստահ եմ, հանդիպել են լուրջ դժվարությունների: Հասարակական խորհուրդը շփման դաշտ ունի հասարակության հետ և այդ արձագանքները մեզ հասնում են: Այս զորակոչի ընթացքում նոր կարգ է մտցրվել ուսումնական զորամասերի համալրման հարցում, եթե նախկինում դրանք համալրվում էին Կենտրոնական հավաքակայանից, ապա այժմ բոլոր զորակոչիկներն ուղարկվում են իրենց մշտական ծառայության զորամասեր, որտեղից արդեն հրամանատարության ընտրությամբ կգործուղվեն ուսումնական զորամասեր և ուսումնառության փուլն ավարտելուց հետո կվերադառնան և ծառայությունը կշարունակեն իրենց հիմնական զորամասերում: Այս նորամուծությունը մի կողմից թույլ է տալիս բարձրաձայնել ուսումնական զորամասերի համար անձնակազմի ընտրության որակը, մյուս կողմից վերացնում է այլևայլ միջնորդություններ, որոնք ծագում էին ուսումնական զորամասերից զինվորներին հետագա ծառայության վայր բաշխման ժամանակ:

Հ.Գ. Զորակոչը չափազանց կարևոր գործառույթ է իրականացնում մեր երկրի անվտանգության հարցում: Ներկայումս մենք հասել ենք մի կետի, երբ ամեն մի երկրորդ ծնող ցանականում է ազատել իր որդուն ծառայությունից, որն ինքնին հանգեցնում է կոռուպցիոն հետևանքների, սակայն տվյալ պարագայում տուժում է ծնողը, քանի որ իրենց առջև դրված նպատակները չեն իրականացվում:

 

Հարցազրույցը վարեց Գագիկ Ղազարյանը

Դիտվել է 2906 անգամ:
Print Friendly

Leave a Reply