«Իրանի ու Հայաստանի սահմանները բարեկամության, խաղաղության եւ անվտանգության սահմաններ են». Իրանի ՆԳ նախարար գեներալ Նաջջար

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 17, 2012 11:37

Անցնող շաբաթասկզբին, նախքան մեջլիսի երկշաբաթյա արձակուրդը, Իսլ. խորհրդարանի բողոքարկու պատգամավորները խիստ քննադատության ենթարկելով գործադիրի կողմից շարունակվող տնտեսական ձախորդ քաղաքականությունը, շեշտավորեցին ահագնացող սղաճի ու թանկացումների կասեցումը: Պատգամավորները թանկացումների որպես հիմնական պատճառներ՝ թվարկեցին կառավարական թույլ տնօրինումը, բանկային-ֆինանսական սխալ գործառույթները եւ ներքին, թե արտաքին շուկայական-առեւտրական ոլորտների անվերահսկելիությունը:
Եւ երեւի խորհրդարանականների խիստ բողոքարկումների արդյունքում էր, որ խոսնակ Ալի Լարիջանին օրէնսդիրի իր գործընկերներին ավետեց եռյակ իշխանությունների օրենսդիր, գործադիր ու դատական ուժերի նախագահների նույն հիմնահարցի դիմագրավման նպատակով մոտալուտ հանդիպման մասին:
Մինչ երկրի միատարր իշխանության՝ պահպանողական վերնախավի (թէ՛ արմատական, եւ թէ՛ չափավորական) հոսանքների միջև վերջին 7-ամյա ժամանակաշրջանը հատկանշվում է այսպես ասած յուրայինների ներքին հակադրություններով եւ որ հենց դրա պատճառով էլ նույն պահպանողական հոսանքների մեջ կոտորակումներ առաջացան, ահա, թեթեւակի նշմարվում են ընդհանուր քաղաքական դաշտից նույնքան տարի բացակայած պահպանողականների դասական մրցակից (տեղ-տեղ թշնամական) բարեկարգչականների վերականգնման միտումներ:
Այս վերջինները թեպետ անցնող երկու շրջանի խորհրդարաններում խիստ փոքրամասնական են եղել եւ այս նորակազմ մեջլիսում էլ նախանձելի քանակ չեն ապահովել, բայցեւայնպես պահպանողականների ներքին «գզվռտոցին» ի տես ու ավելին՝ գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, կարծես թե մտադրվել են վերակազմակերպվել: Սա, անշուշտ, դժվարին խոչընդոտներով է ուղեկցվելու, քանզի մրցակից ճամբարը նախորդ՝ 2009-ի նախագահական հետընտրական շրջանում բարոյական այնպիսի հուժկու հարվածների թիրախ դարձրին բարեկարգչականներին ու դրանց հեղինակավոր դեմքերին, որ այսօր նրանց իսկ քաղաքական ու մտավոր համախոհ հոսանքների ներկայացուցիչները տուժող հոսանքին՝ բարեկարգչականներին, համարում են «որբացած ու առանց կնքահոր քաղաքական մի հոսանք»… Ահա, սպասենք, տեսնենք, թէ արդյոք նրանց «զարթոնքի» նշույլները կվերածվեն աշխույժ ներգործության, թե՞ կմնան հենց որպես լոկ նշույլներ՝ ներքաղաքական տատասկոտ դաշտում:
* * *
Նախքան իրանական արտաքին քաղաքական շաբաթվա բուն խնդիրներին անդրադառնալը՝ հարկ է կարեւորությամբ մի ակնարկ նետել օրերս կայացած Իրանի ներքին գործերի նախարար (նախորդ կառավարությունում պաշտպանության նախարար) Մոհամմադ Նաջջարի երեւանյան այցին, որը հատկապես վերջին ժամանակաշրջանի Իրան-Ադրբեջան սառը, այլեւ կիսախզված (պայմանավորված դեսպանների ետկանչով) հարաբերությունների ֆոնի վրա, ավելիով է կարեւորվում: Բուն այցելության ընթացքում տարբեր մասշտաբներով հանդիպումներին ու դրանց ընթացքում պրոտոկոլային դիալոգներին նախորդեց այցից առաջ պրն. Նաջջարի ծավալուն զրույցը՝ իրանական մամլո եւ հաղորդակցության միջոցների հետ, որտեղ Իրան-Հայաստան երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների, մասնավորապես առեւտրա-տնտեսական ոլորտում փոխհարաբերությունների ներուժի լիակատար օգտագործումը կարեւորելով, ընդգծել է. «Երկու երկրների սահմանները բարեկամության, խաղաղության ու անվտանգության սահմաններ են»: Գեներալ Նաջջարը, անդրադառնալով իրանահայությանը, նշել է. «Հայ հայրենակիցները իրանական ազգի անբաժան մասն են կազմում եւ նրանք այսօր էլ տարբեր ասպարեզներում իրենց հայրենակիցների հետ ուս-ուսի քաղաքական, տնտեսական ու մշակութային բնագավառներում աշխատում ու գործունեություն են ծավալում»: Այնուհետեւ Մ. Նաջջարը, անդրադարձ կատարելով Արցախյան հիմնահարցին, վերահաստատել է Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը. «Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում հարեւանների միջեւ հակադրությունների ականատեսը լինել, քանզի բոլորս ենք տուժելու դրանցից. ուստի Իսլ. Հանրապետությունը իր բոլոր հնարավոր միջոցներով պատրաստակամ է հարթելու հարեւանների միջեւ բարդությունները…»: Նա այս առթիվ իր խոսքերը եզրակացրել է՝ հետեւեալն ընդգծելով. «Մենք հաստատակամ ենք մեր մշտական դիրքորոշման վրա, այն է՝ խնդրի խաղաղ կարգավորումը՝ շրջանում կայուն հաշտության ու անվտանգության համար: Մեզ համար նաեւ շատ կարեւոր է, որպեսզի շրջանային հարցերը լուծվեն միջամուխ կողմերի փոխհամաձայնության ու փոխվստահության հիմքերի վրա՝ հեռու անդրշրջանային միջամտություններից… »:
***
Անցնող շաբաթ խիստ հագեցած էր իրանական արտաքին քաղաքական կյանքը: Անշուշտ, տվյալ հագեցվածության առանցքում կրկին սիրիական թնջուկն էր, որում նույնինքն այդ թնջուկի մեջ մխրճված ՄԱԿ-ի հաշտարար Աննանի հավաստմամբ՝ Իրանին որոշիչ եւ ազդեցիկ դեր է վերապահված:
Ու թեեւ ԱՄՆ-արեւմտյան եւ ինչու ոչ, իսրայելական-թուրքական գործոնները շահակցական տարբեր մղումներից ելած՝ փորձում են անտեսել այդ իրողությունը, բայց փաստը մնում է փաստ, որ Իրանի ծանրակշիռ դերակատարությունը տարածաշրջանային իրադարձություններում անհերքելի է: Իսկ եթէ նույն ճամբարները, ասենք, հաջողում են Սիրիայի տագնապի առթիվ ժնեւյան ընդլայնված ժողովին մասնակցելուց հեռու պահել Իրանին, բայցեւայնպես Կոֆի Աննանը իր տարածաշրջանային շրջագայություններում անխտիր Իրան այցելելու անհրաժեշտությունը բաց չի թողնում՝ յաչս նույն ԱՄՆ-Արեւմուտքի:
Մյուս կողմից միեւնույն ԱՄՆ-արեւմտյան հակաիրան տնտեսական շրջափակումներին եւ քաղաքական-քարոզչական ճնշումներին, որոնք արտաքնապես պատճառաբանվում են «Ատոմական Իրանի» պատրանքով, բայց խորքում տարածաշրջանային զարգացումներից Իրանի մեկուսացմանն են միտում, այնպես էլ միանշանակ չեն ընկալվում ԱՄՆ-ի կողմից անընդհատ շրջանառվող ու ամենուր հորջորջվող «համաշխարհային ընտանիքի» կողմից: Հենց օրերս Շվեյցարիայի կառավարությունը հայտարարեց, որ չի միանալու Եւրոպայի կողմից կիրառվող Իրանի դեմ նավթային էմբարգոյին: Կամ Հնդկաստանում նույն հարցի վերաբերյալ առկա է խիստ վերապահություն, որով էլ Իրանի նկատմամբ տնտեսական բոյկոտին միանալու ԱՄՆ-ի ճնշումները հնդիկները սեփական ազգային շահերին համահունչ չեն համարում:
… Իրանը, սակայն, մոտ ապագայում պատրաստվում է հյուրընկալել Ոչ-հանձնառու շարժման (չմիավորված երկրների) ավելի քան 100 երկրների նախագահների՝ թեհրանյան վեհաժողովում:

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր
Դերենիկ Մելիքյան

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply