Բրազիլիայի նախկին նախագահը սև մոգության ջատագով էր, հայտնել է նրա նախկին կինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 17, 2012 11:12

Բրազիլիայի նախկին նախագահ Ֆերնանդու Կոլլոր դե Մելուն սև մոգության ծիսակատարություններ էր անում 1990-92-ին, այն ժամանակ, երբ պետության ղեկավար էր, հայտնել է Globo հեռուստաալիքը:

Globo-ին տված հարցազրույցում նախագահի նախկին տիկին Ռոզանը հայտարարել է, որ այդ ծեսերի գերագույն նպատակը նախագահի քաղաքական թշնամիներին վնաս պատճառելն էր: Ծեսերի համար օգտագործվել է պետության ղեկավարի սեփական առանձնատունն ու գերեզմանոցները, զոհաբերվել են կենդանիներ` հավ, կով ու եզներ:

Ծիսակարգերը ղեկավարել է մի կախարդուհի` Մարիա Սեսիլիա անունով, որը հետագայում դարձել է ավետարանչական հոգևորական և նույնիսկ եկեղեցական երաժշտության սկավառակ է թողարկել: Կոլլորի նախագահության ժամանակ հաճախ էր լինում նրա կողքին ու երբեմն էլ հայտնվել է լուսանկարներում:

Կոլլորը  1989-ին Բրազիլիայի առաջին նախագահը դարձավ, որն ընտրվել էր ռազմական բռնապետության ավարտից հետո, ժողովրդական քվեարկության արդյունքում:  Դրանից 3 տարի անց նրան իմպիչմենտ հայտարարվեց` կաշառակերության հետ կապված սկանդալի պատճառով:

Նախկին նախագահի նախկին կինն այժմ գիրք է գրում Կոլլորի կյանքի այդ շրջանի մասին, որտեղ մանրամասն նկարագրելու է իր աչքի առջև կատարված  մոգական ծիսակատարությունները: Կինն ասում է, որ իր այդ մտադրությունը նախկին ամուսնուն խիստ մտահոգել է: «Ես, փաստորեն, կենդանի արխիվ եմ:  Եթե ինձ հետ մի բան պատահի, ապա մեղավորը Կոլլորը  կլինի»,- հայտարարել է Ռոզանը:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply