Ամուսինը կնոջից պետք է առնվազն 4 տարի մեծ լինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 17, 2012 1:33

Ամուսնացողների  միջև տարիքային տարբերությունը պետք է լինի առնվազն 4 տարի և առավելագույնը 10 տարի` հօգուտ տղամարդու:

 

Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին հոգեբան Աննա Բադալյանն ու բժիշկ-գինեկոլոգ Լիլիթ Կուջուլյանը` խոսելով Կառավարության` վերջերս ընդունած օրինագծի մասին, ըստ որի` աղջիկների ամուսնության տարիքը պետք է սահմանվի 18 տարեկանը:

 

Հոգեբանի կարծիքով նույնիսկ 18 տարեկանն է քիչ հոգեբանորեն հասուն և պատրաստ լինելու` ընտանիք կազմելու համար, չնայած որ այդ հասունությունը խիստ անհատական բնույթ է կրում: Ամեն դեպքում, բանախոսը ճիշտ է համարում 18-ից էլ բարձր` նվազագույնը 20 տարիքում ամուսնությունը` աղջիկներիկ դեպքում, իսկ տղաների դեպքում` առավելևս, ցածր տարիքում ամուսնանալը բոլորովին չի խրախուսվում:

 

Բժիշկ-գինեկոլոգն էլ նշեց, որ սեռական հասունացման առումով 18-ը միանգամայն նորմալ տարիք է թե’ տղաների, թե’ աղջիկների պարագայում, և փաստեց, որ եթե 3-4 տարի առաջ իրենց մոտ ավելի շատ 17-18, մինչև 20 տարկան աղջիկներն էին հաճախում, ապա այժմ 22-49 տարեկաններն են ավելի շատ դիմում  իրենց:

 

Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն էլ, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, հայտնեց, որ, վերջին 5 տարիների կտրվածքով 17 տարեկանների շրջանում ամուսնություն են գրանցել միջին հաշվով 100 աղջիկներ, սակայն 2010 թվականին 17 ամյա աղջկա ամուսնության ընդամենը 57 դեպք է գրանցվել: Իսկ, ահա արդեն 18-19 տարեկանից ամուսնության գրանցման ցուցանիշները մեծանում են` հասնելով տարեկան միջինը 600-ի “Սա այն դեպքում, երբ նույն տարիքի տղաների դեպքում տարեկան ամուսնությունների քանակը կազմում է ընդամենը 40-50 դեպք”:

 

Ինչ վերաբերում է ամուսնության միջին տարիքին, ապա Կ. Կույումջյանը նշեց, որ, օրինակ, 2010 թվականին տղաների ամուսնության միջին տարիքը եղել է 28 տարեկանը, իսկ աղջիկներինը` 24.5:

 

Հարսանյաց սրահի տնօրենն էլ, ելնելով իր 26 տարվա աշխատանքային գործունեության փորձից, ասաց, որ իրենց մոտ այցելում են ամենատարբեր տարիքային խմբի զույգեր: Ամենամեծ հարսնացուն, որ այցելել է իրենց հարսանյաց սրահ, եղել է 49 տարեկան, իսկ ամենաերիտասարդ աղջիկը, ով պարուհի Լարիսան էր, իրենց է այցելել 15 տարեկան հասակում, իհարկե, դեռևս նշանադրության նախապատրաստության նպատակով:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply