«Բուտիկների» տեղը սրճարա՞ն. Աբովյանում նորից շինարարություն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 16, 2012 16:59

Աբովյան 19 հասցեում «Նուգա» խանութի դիմաց այս պահին ակտիվորեն շինարարական աշխատանքներ են իրականացվում:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, խանութի դիմաց մի փոս է փորված: Հարցին, թե ի՞նչ է կառուցվում այդտեղ, բեռնատարի վարորդը, ով փոսից հանված հող է տեղափոխում ասել է, թե տեղյակ չի. «Պրարաբը կգա կպատասխանի ձեր հարցերին»,- միայն նշել է նա:

Իսկ տարածքոմ աշխատող մարդիկ ասել են, իբր այդտեղ սրճարան է կառուցվում, կառուցողն էլ «Սահակյան ՇԻՆ» ընկերությունն է:
Մեր թղթակցի հաղորդմամբ, տարածքի մի մասը պատված է կապույտ շինարարական ցելոֆանով, բայց շինարարության վերաբերյալ որևէ ցուցանակ տեղանքում չկա:

Հիշեցնենք, այս տարածքում Երևանի քաղաքապետի հանձնարարականով ապամոնտաժվեցին բոլոր խանութները` «բուտիկները», իսկ քաղաքապետն էլ խոստացել էր, որ որևէ շինություն այլևս չի լինելու:

Քիչ առաջ Աբովյան 19 հասցեում իրականացվող շինարարության հրապարակ է եկել երիտասարդ «պրարաբն» ու լրագրողներին հայտնել, թե այստեղ սրճարան է կառուցվում, որի համար իրենք ունեն անհրաժեշտ նախագիծն ու Երևանի քաղաքապետարանի շինթույլտվություն: Սակայն այս պահին շինթույլտվությունն իր մոտ չէ և նա չի կարող այն ցույց տալ լրագրողներին ու քաղաքացիական նախաձեռնության անդամներին: Այս մասին հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:

«Պրարաբը» խոստացել է միայն զանգահարել սեփականատիրոջն ու հրավիրել շինհրապարակ` հարցերին սպառիչ պատասխան տալու համար:

Այս պահին տարածքում դադարեցված են փորման աշխատանքները. բեռնատարը հեռացել է, կարծես թե պատրաստվում է հեռանալ նաև էքսկավատորը: Շինարարներն ասել են, որ մայթը փորվել է երեկ ու այսօր էլ աշխատանքները շարունակվել են, հողը խոնավ է:

«Թռչկան» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը քիչ առաջ ահազանգել է ոստիկանության Կենտրոնի բաժանմունք` իրավապահներին տեղեկացնելով, որ շինարարություն է իրականացվում, իսկ կառուցապատողը շինթույլտվությունը ցույց չի տալիս:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply