Աղջիկները պետք է ամուսնանան 18 տարեկանիցից ոչ շուտ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 16, 2012 16:30


“Կառավարությունն ընդունել է նոր օրինագիծ, համաձայն որի աղջիկների ամուսնության տարիքը 17-ից պետք է սահմանվի 18:
Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել տարբեր ոլորտի մասնագետներ, ովքեր խոսեցին տվյալ տարիքում ամուսնության դրական ու բացասական կողմերի մասին:
Հոգեբան Աննա Բադալյանը կարծում է, որ ամուսնանալիս ավելի շատ կարևոր է ոչ այնքան մարդու տարիքը, քան այն, թե որքանով է տվյալ անձը հոգեբանորեն պատրաստ ընտանիք կազմելու, քանզի ընտանիքը շատ բարդ մեխանիզմ է:
“Գոյություն ունի և’ ֆիզիոլոգիական տարիք, և’ հոգեբանական տարիք, ուստի լինում են դեպքեր, երբ անձը, լինելով 40 տարեկան, ունենում է 18 տարեկանի մտածողություն, և ճիշտ հակառակը”,- ասում է հոգեբանն ու պարզաբանում, թե ինչ է պետք մարդուն հոգեբանորեն պատրաստ և հասուն լինելու ամուսնության համար. “Կարևոր է նախ և առաջ ընտանիքը, թե ինչպիսին է ներընտանեկան մթնոլորտը, ծնողների դերակատարումը երեխաների կյանքում, ինչպես նաև հասարակությունը, նրանում ձևավորված արժեքներն ու մտածելակերպը, ինչը թույլ է տալիս անհատին` ձևավորվելու` որպես հասարակության համար արժանի մարդ”:
Այս ամենը, հոգեբանի կարծիքով, այն հիմնական գործոններն են, որ կարող են ազդել անձի հոգեկերտվածքի վրա նախամուսնական շրջանում:
Բժիշկ-գինեկոլոգ Լիլիթ Կուջուլյանն էլ բժշկական տեսանկյունից մոտենալով հարցին, ասաց, որ ինքը միանգամայն ողջունում է Կառավարության այս որոշումը, քանի որ, ըստ նրա, աղջիկները ֆիզիոլոգիապես լիովին հասունանում են 17 տարեկանից հետո. “Կանանց մոտ ոսկրային կոնքի ձևավորումը ավարտվում է 18-20 տարեկանում, ուստի մինևը 18 տարեկան ամուսնությունն ու այդ տարիքում հղիությունը միանգամայն վտանգավոր է կանանց համար, բացի այդ, վերարտադրողական տարիքը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմեկերպության տվյալների, համարում են 20-35 տարեկանը”:
Սակայն, գինեկոլոգի դիտարկմամաբ, կանանց համար ամենանպաստավոր տարիքը 20-25 տարեկանն է: Այս կարծիքին էին նաև ասուլիսի մյուս բանախոսները` կարծելով, որ անձը հասունանում է հենց 18 տարեկանից սկսած թե’ ֆիզիոլոգիապես, թե’ հոգեբանորեն, և այս հարցում իր լավագույն տարիքին հասնում 20-24 տարեկան հասակում, ուստի 17-ից 18 տարեկանին անցում կատարելը, չնայած չնչին տարբերությանը, ըստ մասնագետների, բավականին լուրջ փոփոխություններ ու անցումային փուլ է ենթադրում իր մեջ:

Վահե Մակարյան

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply