Սեզոնի նորաձև զարդերը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Նորաձևություն, Շաբաթվա լուր | | July 16, 2012 16:31

Կանայք ու աղջիկները դրամ չեն խնայում զարդեր ձեռք բերելու համար: Դիզայներներն ու զարդերի խանութներն էլ ջանք չեն խնայում ամեն սեզոնի ներկայացնել նորաոճ ու յուրօրինակ զարդեր: Չնայած որ հաճախ զարդերն ավելի թանկ են արժենում, քան հագուստը, միևնույնն է, կանայք պատրաստ են զարդեր գնել անգամ հագուստի հաշվին:
Այս տարի գարնանային ու ամառային զարդերի նորաձևության միտումները հետևյալն են` գույներ, բնականություն, ծավալ:

Թևնոցներ

Նորաձև են գունագեղ թևնոցները` բարակ և հաստ, որոնք կարելի է կրել միասին` չվախենալով ծավալից ու գունային հակադրությունից: Ընդհանրախպես այս սեզոնին շատ նորաձև են ծավալուն, լայն թևնոցները` յուրօրինակ, խոշոր դեկորներով: Որոշ դեպքում դրանք ունեն նուրբ շղթայական հավելումներ:

Շատ նորաձև են պլաստմասե գույնզգույն խոշոր թևնոցները` հատկապես նարնջագույնը, դեղինը, փիրուզագույնը և կարմիրը: Նորաձև են նաև հակադիր գույներով քարերով ձևավորված թևնոցները: Նորույթ են ծաղկավոր կտորից թևնոցները: Կաշվե թևնոցները նորություն չեն, սակայն դիզայներները դրանց նոր շունչ են հաղորդել` գունային տարբեր լուծումներով ու մետաղական էլեմենտներով: Մետաղական թևնոցները` խոշոր ու մանր գունագեղ քարերով, նույնպես տարածված են: Ռոք ոճի թևնոցների սիրահարների համար դիզայներները բավականին մեծ տեսականի են ապահովել:

Ականջողեր

Նորաձևության միտումը` որքան խոշոր, երկար և գունագեղ, այնքան լավ, հատկապես տարածվել է ականջողերի վրա: Վստահորեն կրեք այդ ականջողերը, եթե անգամ դրանք հասնում են ուսերին: Մի վախեցեք նաև կլոր, ծավալուն ականջողերից, որոնք, առաջին հայացքից թվում է, թե ավելի մեծ են, քան ձեր դեմքը:

Շատ նորաձև են հատկապես բմբուլ-ականջողերը. դրանց կարելի է հանդիպել ամենուր: Բնական բմբուլից պատրաստված ականջողերը կարող են լինել ամենատարբեր գույների, երկարության և համադրության: Նորաձև են նաև վիշապի պատկերով օղերը:

Մատանիներ

Ծավալուն և խոշոր բնական քարերով մատանիներ նախընտրող կանանց բախտն այս տարի բերել է, քանի որ իրենց նախընտրած մատանիներն այս տարվա նորաձևության հիթն են: Սակայն տարբերությունն այն է, որ առավել նորաձև են վառ գույնի քարերով մատանիները: Նորաձև է նաև մեկ մատանու վրա տարբեր գույնի և չափի քարերի համադրությունը:

Սովորական ադամանդե մատանիներով արդեն ոչ ոքի չես զարմացնի, հատկապես միջազգային շոու բիզնեսի ներկայացուցիչներին, ուստի աստղերն ամեն անգամ մեծ շոուների մասնակցելիս մտածում են մի նոր տիպի զարդ կրելու մասին, որը կշալցնի ու կզարմացնի բոլորին: Օրինակ, այս տարի ամերիկացի երգչուհի Բիոնսեն լրագրողների և լուսանկարիչների ուշադրության կենտրոնում է հայտնվել իր յուրօրինակ մատանու շնորհիվ. ադամանդակուռ մատանին նախատեսված է եղել միանգամից 4 մատի համար: Ճիշտ է, նման մատանիով բավականին դժվար է որևէ բան անել, սակայն յուրօրինակությունն ու գեղեցկությունը միշտ էլ զոհեր են պահանջում:

Կրծքազարդեր

Կրծազարդերն ամենահին կանացի աքսեսուարներից են: Շատ կանայք դրա միջոցով են ընդգծում իրենց իմիջը: Սակայն այսօր կանայք կրծքազարդեր կրում են ոչ միայն կրծքին, այլև տարբեր մասերի` գոտկատեղ, ուսեր, մեջք և տարբեր հագուստի վրա` շարֆ, գլխարկ, գոտի և այլն:

Դասական ծաղկային ու նուրբ կրծքազարդերին փոխարինելու են եկել ամենաանհավանական տեսքով կրծքազարդերը` խոշոր, անհամաչափ, անսպասելի լուծումներով: Այս տարի ծատ նորաձև են անգլիական քորոցի (բուլավկա) տեսքով, ինչպես նաև բմբուլի համադրությամբ կրծքազարդերը:

Վզնոցներ

Խոշոր, յուրօրինակ, երկար: Այս տարի շատ նորաձև են երկար, մինչև գոտկատեղը հասնող վզնոցները: Նորաձև են նաև կախոցները (կուլոն): Գունագեղ, կլորակներով միացված կարճ վզնոցները շատ նորաձև են, հատկապես եթե դրանք նարնջագույն, կարմիր կամ էլ փիրուզագույն են: Նորաձև են նաև երկար, ոչ հաստ մետաղական շղթայով վզնոցները` որևե հետաքրքիր կախոցով:

Ինչ վերաբերում է կախոցներին, ապա այս տարի բավականին տարածված են բու-կախոցները, գունագեղ քարերով բզեզներն ու սողունները: Բմբուլային հավելումները վզնոցների նորաձևության մեջ նույնպես անտեսված չեն:

Դիտվել է 3851 անգամ:
Print Friendly

Leave a Reply