Ագապի Հարությունյան. «Հայկական շուկայում հավաստման պայմաններին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն չկա»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2012 16:44

«Հայաստանի բոլոր սնունդ արտադրող ձեռնարկությունները պետք է ունենան  լաբորատորիաներ և պարտավոր են պարբերաբար ստուգել, թե իրենց արտադրած սննդամթերքի մեջ ինչ  և ինչքան վտանգավոր տարրեր կան։ Եթե ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն է իրականացվում, առաջին հերթին պետք է վստահություն լինի, որ արտադրողներն ունեն այդ ներքին համակարգը»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության  թղթակցին  ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության գլխավոր վերլուծաբան Ագապի Հարությունյանը:

Հայաստանում պարտադիր հավաստման ենթակա ապրանքներն են` ձուն, այլուրը, սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղերը, կենդանական և բուսական ճարպերը, հիդրոգենիզացված յուղերը, մարգարինը, ձկից, խեցգետնանմաններից, կակղամորթերից և ջրային այլ անողնաշարավորներից պատրաստված սննդամթերքը, շաքար, շաքարից պատրաստված կակաո չպարունակող հրուշակեղենը, , մանկական սնունդը, մակարոնային արտադրանքը, ալրային հրուշակեղենը, բանջարեղենի, պտուղների, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացված տարբեր սննդատեսակները, խմորիչը, ալկոհոլային և ոչ  ալկոհոլային խմիչքները, քացախը, կերակրի աղը, նավթամթերքը և դրանից պատրաստված յուղերը, օծանելիքը և վարդաջուրը, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտինքային միջոցները և հոտազերծիչները, մանկական ծծակները, երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաները, բետոնից ամրանավորված կամ չամրանավորված պատրաստվածքները, պլաստմասսայե ներարկիչները:

Միաժամանակ նա նշեց, որ  ՀՀ կառավարությունը 22.06.2012թ.  նիստում ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որը վերաբերում էր համապատասխանության պարտադիր հավաստմանը:  Այդ  որոշման ընդունումը գլխավոր վերլուծաբանը հիմնավորում է այն հանգամանքով, որ համապատասխանության պարտադիր հավաստման կիրառումը, որպես ընդհանուր սկզբունք,  համարվում է առևտրի տեխնիկական խոչընդոտ, և նման խոչընդոտների հանումը կիրառությունից  Եվրամիության  որդեգրած ապրանքների ազատ տեղաշարժի  ցուցանիշ է:  Ըստ  Ագապի Հարությունյանի`առկա չէ որևէ  էական և լուրջ ապացույց, որ  համապատասխանության պարտադիր հավաստման համակարգն էապես ազդում է հայկական շուկայում արտադրանքի անվտանգության վրա, քանի որ հավաստման պայմաններին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն պարզապես չկա:

Ավելացնենք, որ  այս գործընթացը , ՀՀ  իրավական դաշտը  Եվրամիության ապրանքների ազատ տեղաշարժի պահանջներին համապատասխանեցնելու ևս մեկ քայլ է։

 

 «Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply