ԵՊՀ ռեկտորը գոհ է այս տարվա բուհական ընդունելությունից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2012 13:32

Բարձրագույն ուսումնական հասատատություններ ընդունվող ուսանողների  թիվը 2012 թվականին կազմել է 18000-ը, որոնցից 5400-ը դիմել են Երեւանի պետական համալսարան. նրանցից 381-ն ընդունվել են անվճար, իսկ 3126-ը` վճարովի համակարգ: «Ընդհանուր ընդունվողների վերջնական թիվը կենթարկվի փոփոխության, ինչը պայմանավորված է նրանով, որ ուսանողների մի մասը  միաժամանակ դիմել են եւ պետական եւ մասնավոր բուհեր»,- «Արեմենպրես»ի փոխանցմամբ հուլիսի 16-ին հրավիրված ասուլիսում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Այս տարվա ընդունելությունից ԵՊՀ ռեկտորը,  ընդհանուր առմամբ, գոհ է, քանի որ  նրա դիտարկմամբ` 2011 թվականի ցուցանիշների համեմատ ավելացել է եւ դիմորդների թիվը, եւ  ընդունելության մրցակցային ցուցանիշը: Ընդունվածներից 238 ուսանող կզորակոչվի բանակ:

«Նրանց ընդունելության խնդիրը հանրապետական ընդունող հանձնաժողովն արդեն որոշել է», -ասաց ռեկտորը: Նա տեղեկացրեց, որ  այն բուհերում, որտեղ կլինեն զորակոչված ուսանողներ, նրանք  կկցագրվեն եւ եթե ցանկություն հայտնեն ուսման վարձը  վճարելու, ապա մեկ տարով կկնքվի պայմանագիր բուհի եւ ուսանողի միջեւ, որի շնորհիվ` բանակից վերադառնալով այդ ուսանողների  ուսման վարձը չի թանկանա: ԵՊՀ-ում վարձերի բարձրացում չի կատարվել, թափուր տեղերը 81-ն են: «Ի զարմանս ինձ, բնագիտական թեւը հաջողությամբ լրացել է այս տարի, նույնը չի կարելի ասել քիմիա եւ կենսաբանություն առարկաների մասին, 27  թափուր տեղեր կան  կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա մասնագիտություններով»,- նշեց Սիմոնյանը: Նա նաեւ նկատեց, որ դպրոցներում թուլացել է ֆիզիկա առարկայի ուսուցանումը, ինչը պետք է անհանգստացի ավագ դպրոցի ղեկավարներին:

Երկրաբանությունը, ջրօդերեւութաբանությունը, եկեղեցաբանությունը, աշխարհագրությունը, ռուսաց լեզու եւ գրականությունը եւս այն մասնագիտությունների թվում են, որտեղ թափուր տեղեր նույնպես մնացել են: Ռեկտորը նշեց, որ «մոդայիկ»` Միջազգային հարաբերություններ, Իրավագիտություն, Հանրային կապեր, Ռոմանոգերմաներեն,  Արեւելագիտության, Լրագրություն համարվող  ֆակուլտետներում բավականին բարձր է եղել ուսանողների դիմելիությունը եւ մրցակցային ցուցանիշը: Շուրջ 50 ուսանող այս տարի ընդունվել է Կովկասագիտության ֆակուլտետ, ինչը Սիմոնյանը շատ կարեւոր համարեց: «Համաձայն  այս մասնագիտության ուսումնական պլանի` ուսանողները կարող են տիրապետել  մի քանի լեզուների` ադրբեջաներենի,  հին վրացերենի,  գրաբարի»,- ասաց ռեկտորը` հավելելով, որ լիարժեք մասնագետներ դառնալու համար լուրջ նախապատրաստական աշխատանք է տարվել ԵՊՀ-ի ռեկտորատի եւ համապատասխան ամբիոնների կողմից:

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Leave a Reply